Ոստիկանությունում ծառայության մասին

Ընդունված է 2003 թվականի

նոյեմբերի 26-ին

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 

Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ կապված՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

 

 

Հոդված 2.

Ոստիկանությունում ծառայությունը

 

 

1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Ոստիկանությունում, առանձին ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, աշխատանքի են ընդունվում քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 3.

Ոստիկանության ծառայողը

 

 

1. Ոստիկանության ծառայող է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:

(3-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

 

Հոդված 4.

Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը

 

                      (վերնագիրը լրաց. 29.10.2014 ՀՕ-43-Ն)

 

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝

- պետական կառավարման մարմնի ղեկավար,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ՝

- վարչության պետ, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ, այդ թվում՝ ոստիկանության շրջանային բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ՝

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ՝

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ՝

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:

(4-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց. խմբ. 29.10.2014 ՀՕ-43-Ն)

 

 

Հոդված 5.

Ոստիկանության կոչումները

 

 

1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ՝

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ՝

- ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում՝

- ոստիկանության փոխգնդապետ.

31) ոստիկանության միջին կոչումներ՝

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ,

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.

4) ոստիկանության կրտսեր կոչումներ՝

- ոստիկանության ավագ ենթասպա,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության կրտսեր սերժանտ:

2. Ոստիկանության բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

3. Ոստիկանության փոխգնդապետի, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո, 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:

41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:

Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են զրկվել կոչումից՝ օրենքով սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 6.

Ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները

 

 

1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումն է:

2. (մասն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:

5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 7.

Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները

 

 

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ՝

- ոստիկանության կրտսեր սերժանտ՝ 1 տարի,

- ոստիկանության սերժանտ՝ 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ՝ 3 տարի,

- ոստիկանության ավագ՝ 3 տարի,

- ոստիկանության ենթասպա՝ 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ՝ 1 տարի,

- ոստիկանության լեյտենանտ՝ 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ՝ 3 տարի,

- ոստիկանության կապիտան՝ 3 տարի,

- ոստիկանության մայոր՝ 4 տարի.

21) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ՝ 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում՝

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 8.

Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

 

 

Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:

 

 

Հոդված 9.

Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը

 

 

Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո՝ 15 օրվա ընթացքում:

 

 

Հոդված 10.

Ոստիկանության ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը

 

 

Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

 

Հոդված 11.

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

 

1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին,

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) ով չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

 

 

Հոդված 12.

Ոստիկանության ծառայողի երդումը

 

 

1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի առջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում՝ երդվում եմ.

հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:

3. Պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:

4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(12-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 13.

Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը (այսուհետ՝ պետական կառավարման մարմնի ղեկավար):

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի է փոխադրում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում՝ երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով:

5. (մասն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)

6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 14.

Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

 

 

1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ  առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի՝ զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի՝ ոստիկանության ավագ խմբի պաշտոն: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի ոստիկանության միջին խմբի պաշտոն:

4. Ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ոստիկանության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են եռամսյա ուսումնական փորձաշրջան: Ուսումնական փորձաշրջանի դրական արդյունքում նշված քաղաքացիներին շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած զինվորական կոչմանը համապատասխանող կոչում, և նրանք նշանակվում են ծառայության ոստիկանի կամ ունեցած կոչմանը համապատասխանող պաշտոնում:

9. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված քաղաքացիները, բացառությամբ «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների, եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի՝ երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել՝ ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում, ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում՝ 6 ամսվա ընթացքում:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ., խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 15.

Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

 

 

1. Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա կամ ոստիկանության ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

9. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություներից՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:

13. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո՝ մեկշաբթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները:

Սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 2-3-րդ կետերին համապատասխան ընդունված որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

(15-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 16.

Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)

 

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները սահմանված կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման)՝ առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնական հաստատություններում:

Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներն սահմանված կարգով մինչև երեք ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված վերապատրաստման (որակավորման) հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-23, լրաց., փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

 

Հոդված 17.

Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը

 

 

Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

 

 

Հոդված 18.

Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

 

 

1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի` ոստիկանության այլ ստորաբաժանում կամ հաստատություն՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բացառիկ դեպքերում մինչև սահմանված ժամկետը լրանալը.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) առողջական վիճակից ելնելով՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

4) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ շրջան բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:

(18-րդ հոդվածը խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

 

Հոդված 19.

Ոստիկանության ծառայողի իրավունքները

 

 

Ոստիկանության ծառայողի իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին՝ իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) առողջության պահպանությունը.

6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.

9) ոստիկանության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

(19-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց., փոփ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 20.

Ոստիկանության ծառայողի պարտականությունները

 

 

1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.

5) կարգապահական կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(20-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 21.

Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

 

                      (վերնագիրը խմբ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

(21-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 22.

Դրամական օգնությունը՝ ոստիկանության ծառայողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում

 

                      (վերնագիրը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 23.

Գույքային վնասի հատուցումը

 

 

1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը՝ պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

Հոդված 24.

Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտումը

 

 

1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումը և բուժումը:

2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 25.

Հասարակական տրանսպորտից օգտվելը

 

 

Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 26.

Ոստիկանության ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը

 

 

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

 

 

Հոդված 27.

Ոստիկանության ծառայողի համազգեստը և վկայականը

 

 

1. Ոստիկանության ծառայողին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում՝ համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար և սահմանված ձևի վկայական:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում՝ դրա արժեքի չափով՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

 

Հոդված 28.

Աշխատաժամանակի տևողությունը

 

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:

2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:

Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 29.

Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայությունը

 

 

1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) մարդկանց փրկության համար.

4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.

5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.

6) զանգվածային անկարգությունների կանխման համար.

7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.

8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: (2-րդ նախադասությունը հանվել է 19.10.2005 ՀՕ-231) Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: (3-րդ նախադասությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)

3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(29-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 26.10.2011 ՀՕ-53-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 30.

Հանգստյան և տոն օրերին ոստիկանության ծառայողներին ծառայության ներգրավելը

 

 

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:

2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)

(30-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 31.

Հերթապահության ժամանակը

 

 

1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար՝ որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:

3. (1-ին պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)

Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(31-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 32.

Ոստիկանության ծառայողի արձակուրդը

 

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները՝

1) ամենամյա.

2) ուսումնական.

3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):

Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև նախածննդյան և հետծննդյան, իսկ ծառայողներին՝ երեխային խնամելու արձակուրդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու արձակուրդի:

(32-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 33.

Ամենամյա արձակուրդը

 

 

1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր:

2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

(33-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 34.

Ուսումնական արձակուրդը

 

 

 Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝ ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

(34-րդ հոդվածը փոփ. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 35.

Լրացուցիչ արձակուրդը

 

 

1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝

1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 օր.

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 օր:

2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

 

Հոդված 36.

Կարճատև արձակուրդը

 

 

Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատև արձակուրդ՝ մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:

 

 

Հոդված 37.

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատվելը

 

 

Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

 

Հոդված 38.

Ոստիկանության ծառայողին ծառայության ներգրավելն իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս

 

 

Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

 

 

Հոդված 39.

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

 

1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

8) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության ծառայողը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Ոստիկանության ծառայողին չի տրվում իր՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

(39-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ. 26.10.2011 ՀՕ-53-Ն)

 

 

Հոդված 40.

Ուսման ծախսերի փոխհատուցումը

 

 

1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը պարտավոր են փոխհատուցել իրենց՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշրջանը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունումծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝

1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փորձաշրջանն անցնելուց հետո՝ ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

 

Հոդված 41.

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները՝

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.

71) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

8) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 71-րդ կետերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:

Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:

5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:

(41-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 42.

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

 

1. Կարգապահական խախտման՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 3 ամիս ժամանակով.

4) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`

1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անհատական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային օրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ., լրաց. 26.10.2011 ՀՕ-53-Ն)

 

 

Հոդված 43.

Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից՝ չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ՝ նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:

7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:

9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի՝ արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, լրաց., փոփ. 26.10.2011 ՀՕ-53-Ն)

 

 

Հոդված 44.

Ոստիկանության ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

 

 

1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք՝

1) հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

 

 

Հոդված 45.

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը

 

 

1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ՝ ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ՝ երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-7-րդ կետերով սահմանված տույժերից է.

7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:

111ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.

12) մահվան դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:

2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ., փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ. 26.10.2011 ՀՕ-53-Ն)

 

 

Հոդված 46.

Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

 

1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) վեց ամսից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.

7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:

2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 47.

Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Ոստիկանության վարչության պետի, վարչության պետի տեղակալի և ինքնուրույն բաժնի պետի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը՝ մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:

Սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան ոստիկանությունումծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:

(47-րդ հոդվածը խմբ. 19.10.2005 ՀՕ-231, փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 48.

Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը

 

 

1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված՝ բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:

(48-րդ հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

 

Հոդված 49.

Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը

 

 

1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում:

Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:

2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:

3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում՝ մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(49-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ  ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

 

Հոդված 50.

Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը

 

 

Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

 

 

Հոդված 51.

Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

                           (51-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

 

 

 

Հոդված 52.

Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

 

1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ժամանակահատվածը:

2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հատուցումը վճարվում է նրանց՝ զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

(52-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-77-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 53.

Ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերում

 

 

Ոստիկանությունում կարող է ստեղծվել զինվորական ստորաբաժանում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:

Ոստիկանության զորքերում ծառայությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերում, զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

Ոստիկանության զորքերում սպայական կազմի ծառայողների պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, միջին հրամանատարական (կրտսեր սպայական) կազմի պաշտոններում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը, ինչպես նաև ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում նշանակումները և ազատումը կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոնները և կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:

 

 

Հոդված 54.

Ոստիկանության ծառայողների ուսուցումը

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների հիման վրա գործող օրենսդրությանը համաձայն:

 

 

Հոդված 55.

Ոստիկանության բժշկական հաստատությունը

 

 

1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(55-րդ հոդվածը լրաց. 19.10.2005 ՀՕ-231, խմբ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 56.

Ոստիկանության բժշկական հանձնաժողովը

 

 

Պետական կառավարման մարմնի ղեկավարը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 57.

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

 

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի և ոստիկանության ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հոդված 58.

Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը

 

 

Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաև պետական պարգևների:

 

 

Հոդված 59.

Ոստիկանության վետերանները

 

 

Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 60.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը համարվում է պետական կառավարման մարմնի ղեկավար, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալները՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներ:

3. Սույն օրենքի 53-րդ հոդվածի դրույթները ուժի մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգում զինվորական ստորաբաժանում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքեր) ստեղծելուց հետո:

 

 

Հոդված 61.

Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

 

 

1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

 

Հոդված 62.

Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումը

 

 

1. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս հետո, և ավարտվում է 2007 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ոստիկանության ծառայողների 1/3-ը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Մինչև 2010 թվականն միջին խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել նաև միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիններին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

(62-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.10.2005 ՀՕ-231)

 

 

Հոդված 63.

Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

 

Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

 

 

Հոդված 64.

Նախկինում շնորհված կոչումները

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:

3. (մասն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)

(64-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 65.

Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(65-րդ հոդվածը փոփ. 29.12.2008 ՀՕ-4-Ն)

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 դեկտեմբերի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-77