«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին

 

Հոդված 1. «Նախնական  մասնագիտական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի սեպտեմբերի  27-ի  ՀՕ-311 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) տասնմեկերորդ  պարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեստագործական կրթական ծրագիր.».

2) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է  միջին  մասնագիտական կրթական ծրագիր.»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) արհեստագործական և միջին  մասնագիտական  կրթության  մատչելիությունը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների տրամադրման և ներառման միջոցով.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4)  մասնագիտական  կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ՝  կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով։»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 7-րդ կետում «տևողությունը» բառը փոխարինել «հավատարմագրի գործողության ժամկետը» բառերով.

2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 «Հոդված 18.1 Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  կրթության ուսումնական  հաստատության տնօրենը և նրա իրավասությունը

 

  1. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ուսումնական հաստատության տնօրեն, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների պետերի, կարող է ընտրվել կամ  նշանակվել այն անձը, որն ունի  արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ուսումնական հաստատության  ղեկավարման իրավունք (հավաստագիր (այսուհետ՝ Հավաստագիր)։
  2. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:
  3. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության  արհեստագործական  և  միջին  մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով։
  4. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ  արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ոչ պետական ուսումնական հաստատության տնօրեն, ինչպես նաև ուսումնական հաստատության  արհեստագործական  և միջին  մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և Հավաստագիր ստացած անձը:
  5. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, սույն օրենքով սահմանված կարգով ստացած վերապատրաստման վկայական և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ  կրթության կառավար­ման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ  մասնագիտական  առնվազն հինգ տարվա  ընդհանուր  աշխատանքա­յին ստաժ։
  6. Հավաստագիր ստանալու համար դիմած անձի վերապատրաստում կարող են իրականացնել  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված (երաշխավորված) կազմակերպությունները։
  7. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն  կրթության  պետական կառավարման  լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) քննություն` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

3) Հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:

  1. Հավաստագրման քննությունների կազմակերպման և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  2. Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ:

10.Հավաստագրման գործընթացի  մասին  հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

  1. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է  կրթության  բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
  2. Հավաստագրման քննությունը հավաստագրման ընթացակարգով հանձնած անձին շնորհվում է Հավաստագիր:
  3. Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է  կրթության  պետական կառավարման լիազորված մարմինը՝ հավաստագրման ընթացակարգով սահմանված ժամկետում:
  4. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին` համաձայն  կրթության  պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  5. Հավաստագիր ստացած անձը կարող է Հավաստագիրը ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մասնակցել արհեստագործական  և  միջին  մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության, ինչպես նաև ուսումնական հաստատության  արհեստագործական  և  միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել ուսումնական հաստատության տնօրենի կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:
  6. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար  տնօրենի  թեկնածուն  խորհրդին  ներկայացնում է`

1) կրթության  պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ցանկին համապատասխան  փաստաթղթերը.

2) Հավաստագիրը.

3)  ուսումնական  հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:

  1. Արհեստագործական  և  միջին մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց`  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարի հիման վրա:
  2. Մրցույթում հաղթած և օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած  արհեստագործական  կամ  միջին  մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ Հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և  միջին  մասնագիտական  կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը:
  3. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև Հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել:
  4. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել  և  ընտրվել (նշանակվել) այն անձը, որը`

1) սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեությանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ  դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

  1. Արհեստագործական  և  միջին  մասնագիտական  պետական ուսումնական հաստատության տնօրենը`

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում  արհեստագործա­կան  և  միջին  մասնագիտական  ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը,  հաջորդ  տարվա  բյուջետային  ֆինանսավորման հայտը.

2) պատասխանատու է  մասնագիտական  կրթության  պետական կրթական չափորոշիչների  (որակավորման չափորոշիչների) և կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան կրթության  և ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսանողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և  արհեստագործական  ու  մի­ջին  մասնա­գիտական  ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված  այլ պարտավորությունների  ապահովման համար.

3) ղեկավարում է  արհեստագործական  և  միջին  մասնագի­տական  ու­սում­նական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքին.

4) կազմում է  արհեստագործական  և  միջին  մասնագիտական  ու­սումնական հաստատու­թյան հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և տվյալ ուսումնական հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր մարմին.

5) խորհրդի հավանությանն է ներկայացնում  արհեստա­գոր­ծական  և  միջին  մասնագիտական  ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

6) իրականացնում է օրենքով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ  իրեն  վերապահված  այլ  լիազորություններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված (նշանակված) արհեստագործական և  միջին  մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Անժամկետ պայմանագրով պաշտոնավարող տնօրենները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգի։ Արհեստագործական և  միջին մասնագիտական  ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների  արհեստագործական  և  միջին  մասնագիտական          կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում  են և մասնակցում հավաստագրմանը։ Հավաստագիր չստացած տնօրենի լիազորությունները դադարեցվում են:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մարտի 13

Ստեփանակերտ

ՀՕ-3-Ն