Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-6 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում «որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պաշտոնաթողությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի և 0.85 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի և 0.85 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով:
Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-106-Ն