Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 1996թ. ապրիլի 9-ին

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը՝ նպատակ ունենալով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումը:

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի

                   վարձատրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս 150 հազար դրամից:

(փոփ. 08.06.99)

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահի

                   սպասարկումը

 

Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկման  նպատակով տրամադրվում են՝

  1/  նստավայր Ստեփանակերտում /Վերածննդի 3/,

  2/  հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Նախագահի   առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

     Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի

                        անվտանգության ապահովումը

 

 Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի անձն անձեռնմխելի է:

Նրա անվտանգության, պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգություններն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը՝  օրենսդրությամբ սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության գործունեությունը ֆինանսավորվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

 

   Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտանիքի

                      սպասարկումը եւ անվտանգության ապահովումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտանիքն օգտվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համար սահմանված սպասարկման եւ անվտանգության ապահովման պետական ծառայություններից:

 

 Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահի եւ նրա

                    աշխատակազմի  գործունեության ապահովումը

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ նրա աշխատակազմի գործունեության  ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հանրապետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

 

 Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահի սպասարկումը

                    եւ անվտանգության  ապահովումը պաշտոնաթողությունից հետո

 

Պաշտոնաթողությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահի աշխատավարձի 75 տոկոսի չափով:

Նշված հատուկ թոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում նախկին Նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտո տրանսպորտով, ինչպես նաեւ պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ՝ կահավորված գրասենյակով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը /տարեկան ոչ ավելի, քան 1 անգամ/ հատուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  պաշտոնաթող  Նախագահի համար ապահովվում է անձնական պահպանություն:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՝                             Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

10 մայիսի 1996թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-6