Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2003թ. հունիսի 18-ին

ԳԼՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրության 

               խնդիրները

 

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`

 1) ապահովել եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.

2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջեւ առաջացող հարաբերությունները.

3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր եւ ստեղծագործական գործընթացին  պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.

4) ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման եւ զարգացման համար իրավական երաշխիքներ:

 

Հոդված 2. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:

 

Հոդված 3. Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական եւ ժողովրդավարական բնույթը.

2) մշակութային եւ ստեղծագործական գործունեության ազատությունը.

3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.

4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.

5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:

 

Հոդված 4. Պետական մշակութային քաղաքականության նպատակները

 

Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`

1) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.

2) նոր արժեքների եւ նոր գաղափարների որոնումը.

3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ զարգացման համար պայմանների ստեղծումը.

4) քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային

              օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները եւ բովանդակությունը.

մշակույթ` հասարակության կյանքի նյութական եւ հոգեւոր ոլորտներում գործողությունների, զգայությունների եւ մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժե-քավոր արտահայտությունը.

մշակութային գործունեություն` մշակութային արժեքների եւ առարկաների /օբյեկտների/ պահպանում, ստեղծում, տարածում եւ մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում եւ իրացում.

մշակութային արժեքներ` մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական ժողովըրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղա-գիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհա-գրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).

 մշակութային բարիքներ` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային  ծառայություններ եւ իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).

մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում եւ մեկնաբանում.

ստեղծագործական աշխատող` մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.

ստեղծագործական աշխատողների միություն` ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ եւ  Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագոր-ծական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա` հոգեւոր կամ ոչ նյութական  այլ պահանջմունքներ բավարարելու համար.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային ժառանգություն` անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության եւ հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարեւոր նշանակություն.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստություն` մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.

պետական մշակութային քաղաքականություն` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում եւ սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետու-թյունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:

 

Հոդված 7. Սույն օրենքի գործողության ոլորտները

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման եւ հանրահռչակման,

2) կինոարվեստի եւ  տեսալսողական այլ արվեստների,

3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայ-նի, լուսանկարչության, բեմական, տարածական եւ երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների եւ ժանրերի,

4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության եւ արհեստների, ժողովրդա-կան մշակույթի,

5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,

6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի եւ մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման եւ հանրահռչակման,

7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),

8) գրադարանային, արխիվային եւ հրատարակչական գործի,

9) գեղագիտական դաստիարակության եւ գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,

10) մշակութաբանության եւ մշակույթի ոլորտում գիտական գործունեության,

11) միջազգային մշակութային համագործակցության,

12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման եւ մեկնաբան-ման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորում-ների եւ այլ միջոցների արտադրության,

13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:

 

Հոդված 8. Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ 

              վերաբերմունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազ-գային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի  պահպանման, տարածման եւ զարգացման համար պայմանների ստեղծմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 9. Մշակութային կյանքին մասնակցելու եւ մշակութային գործունեություն

              իրականացնելու իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը եւ մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանան-քից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 10. Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք  ունի իրականացնելու ստեղծագործական գործունեու-թյուն:

Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ եւ մասնագի-տորեն, եւ ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

 

 Հոդված 11. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը 

 

 Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային եւ այլ հավաքածուներից:

 

Հոդված 12. Կրթություն ստանալու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար եւ գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձեւերն ու միջոցներն ընտրելու:

 

Հոդված 13. Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու 

               իրավունքը

     

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:

 

Հոդված 14. Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:

 

Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող 

               անձանց իրավունքը մշակույթի ոլորտում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ եւ ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով եւ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային

               հարստությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը եւ օգտագործումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագոր-ծելու եւ տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանային,

               թանգարանային, արխիվային եւ այլ հավաքածուները


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարստություն համարվող  գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների  պահպանության, գործառու-թյան եւ համալրման կարգը սահմանվում է օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները եւ հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապա-հովման միջոց:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Պետությունը եւ ստեղծագործական աշխատողները

 

Պետությունը`

1) խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարած-մանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.

2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար պայմաններ.

3) աջակցում է  ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը:

 

Հոդված 19. Պետությունը եւ ստեղծագործական աշխատողների միությունները

 

Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործու-նեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնա-րավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիա-լական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 20. Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում

 

Պետությունը`

1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեք-ներին եւ ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.

2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային եւ ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

3) աջակցում է ազգային մշակույթի եւ արվեստի պահպանմանը, տարածմանն ու զար-գացմանը.

4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատա-նիներին եւ նորաստեղծ ստեղծագործական խմբերին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 

               իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

2) մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման համար լրացուցիչ ֆինանսա-կան միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման  հիմնադրամ եւ հաստատում դրա  կանոնադրությունը.

3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տա-րիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, ժամկե-տային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 22. Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի 

               իրավասությունները

 

Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիա-զորված պետական մարմին):

Լիազորված պետական մարմինը`

1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետա-կան ծրագրերի մշակմանը.

2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների եւ ծրագրերի մշակմանը.

3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձեւավորմանը.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման նկատմամբ.

5) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւնե-րով պարգեւատրելու, մշակույթի եւ արվեստի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու միջնոր-դություններ.

6) ստեղծում է պետական  միասնական տեղեկատվական համակարգ` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպա-տակով.

7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաեւ մշակու-թային կազմակերպությունների հաշվառումը.

8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում եւ պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).

9)  վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցու-ցակները.

10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաս-տումը, վերապատրաստումը եւ վերաորակավորումը:

 

Հոդված 23. Շրջանի վարչակազմի ղեկավարի իրավասությունները մշակույթի 

               ոլորտում

     

Շրջանի վարչակազմի ղեկավարը`

1) ապահովում է շրջանի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է  պետական, ազգային ու այլ տոների եւ հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.

2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` շրջանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ օգտագործման նկատմամբ.

3) կազմակերպում է շրջանի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահ-պանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.

4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:

 

Հոդված 24. Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում 

 

 Համայնքի ղեկավարը`

1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

2) որպես պարտադիր լիազորություն` կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործ-ման եւ նորոգման աշխատանքները.

3) որպես պատվիրակված լիազորություն` կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.

4) որպես կամավոր լիազորություն` աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատ-մամշակութային հուշարձանների պահպանությանը.

5) որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության եւ գեղարվեստական ինքնագործունեության   զարգացմանը.

6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 
Հոդված 25. Մշակույթի եւ մշակութային գործունեության ֆինանսավորումը

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու եւ զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:

Պետության եւ համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հի-մունքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ձեւերով:

Պետության եւ համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների  հաշվարկման եւ տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության գործունեության

                տեսակները

 

Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է իրականացնել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եւ իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային եւ ձեռնարկատիրական գործունեություն:

Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեու-թյուն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատաս-խանում եւ ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առեւտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը եւ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ գույքային եւ ոչ գույքային իրավունքների իրացումը:

Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործու-նեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:

 

Գ Լ Ո Ւ Խ 8

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

Հոդված 27. Միջազգային մշակութային փոխանակությունների 

               քաղաքականությունը եւ առաջնային ուղղությունները

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում  քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն եւ ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակու-թյունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական պայմանագրերով եւ մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:

 

Հոդված 28. Ապօրինի արտահանված եւ ապօրինի ներմուծված մշակութային   

                արժեքների փոխանակության քաղաքականությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված եւ իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման  համար միջպետա-կան պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:

 

Հոդված 29. Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (այլ պետությունների եւ Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի եւ արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 30. Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու 

               համար

 

Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Պետական ծրագրերը ներկայացնելը

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ 2004 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 1-ը :

 

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

30 հուլիսի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 59