Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին

                                                                                                                                                                                                                             Ընդունվել է 1998թ. հուլիսի 17-ին

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենքի խնդիրները

 

Սույն օրենքի խնդիրն է՝  նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, կանխել մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը:

Օրենքը կոչված է նպաստելու միջազգային մշակութային համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ  պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցմանը:

 

Հոդված 2. Մշակութային  արժեքների արտահանման և ներմուծման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական  այլ ակտերից:

 

Հոդված 3. Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«Մշակութային արժեքների արտահանում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով՝ առանց վերադարձնելու պարտավորության:

«Մշակութային արժեքների ներմուծում»՝ այլ պետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով՝ առանց վերադարձնելու պարտավորության:

«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով՝ պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

 «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծում»՝ այլ պետության տարածքում գտնվող մշակութային արժեքների փաստացի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով՝ պայմանավորված ժամկետում վերադարձնելու պարտավորությամբ:

«Մշակութային արժեքների հավաքածու»՝ համասեռ կամ որոշակի հատկանիշով ընտրված տարասեռ առարկաների համախումբ, որոնք, յուրաքանչյուրի մշակութային արժեքից անկախ, ամբողջությամբ վերցրած ունեն պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն:

 «Մշակութային արժեքների ապօրինի արտահանում և ապօրինի ներմուծում»՝ մշակութային արժեքների արտահանում և ներմուծում, որն իրականացվել է սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի  դրույթների խախտմամբ:

 

Հոդված 4. Սույն օրենքի գործողությունը մշակութային արժեքների նկատմամբ

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է բոլոր մշակութային արժեքների վրա՝ դրանց նկատմամբ սեփականության ձևից անկախ:

           

Հոդված 5. Մշակութային արժեքների դասերը

 

Սույն օրենքի նպատակներին համապատասխան  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության մշակութային ժառանգությունը ներառում է մշակութային  արժեքների հետևյալ դասերը.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կամ նրանց խմբերի կողմից ստեղծված մշակութային արժեքները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ  քաղաքացիություն չունեցող անձանց, կամ նրանց խմբերի կողմից ստեղծված այն արժեքները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ունեն կարևոր նշանակություն.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայտնաբերված մշակութային արժեքները.

դ) հնագիտական, ազգագրական և բնագիտական արշավախմբերի ձեռք բերած մշակութային արժեքները, որոնց համար տրված է այն պետության իրավասու մարմինների համաձայնությունը, որտեղ ձեռք են բերվել այդ արժեքները.

ե)  փոխանակություններով ձեռք բերված  մշակութային արժեքները.

զ) նվիրատվությամբ ստացված կամ այլ օրինական կարգով ձեռք բերված մշակութային արժեքները, որոնց համար տրված է այն պետության իրավասու մարմինների  համաձայնությունը, որտեղ ձեռք են բերվել այդ արժեքները:

 

Հոդված 6. Մշակութային նշանակության առարկաների տեսակները

 

Սույն  օրենքի  գործողությունը տարածվում է մշակութային նշանակության առարկաների հետևյալ տեսակների վրա՝

պատմական արժեքներ, ներառյալ ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության և ճարտարագիտության, պատմության, ինչպես նաև նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, գիտական, գրականության, արվեստի գործիչների) կյանքի ու գործունեության հետ կապված  առարկաներ.

հնագիտական  հետազոտություններից և պեղումներից ստացված գտածոներ, ինչպես նաև հողային, շինարարական, հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված պատմահնագիտական առարկաներ, գեղարվեստական արժեքներ, ներառյալ՝

ա) ամբողջովին կամ մասամբ ձեռքով արված պատկերներ և նկարներ՝ ցանկացած միջոցով ու նյութերով կատարված.

բ) ցանկացած նյութից ստեղծված յուրատեսակ քանդակներ.

գ) ցանկացած նյութից արված  յուրատեսակ գեղարվեստական հորինվածքներ և հավաքակցված կառուցվածքներ (մոնտաժներ).

դ) պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձևավորված առարկաներ, այդ թվում նաև սրբապատկերներ (իկոնաներ).

ե) փորագրություններ, փորագրանկարի արտատպություններ, վիմատպություններ և դրանց  յուրատեսակ այլ դրոշմվածքաձևեր.

զ) կիրառական արվեստի գործեր, այդ թվում՝ ապակուց,  կավից, փայտից, երկաթից, ոսկորից, գործվածքեղենից և այլ նյութերից  պատրաստված գեղարվեստական իրեր.

է) ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ.

ճարտարապետական և կոթողային արվեստի բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

պատմական և գեղարվեստական, այդ թվում նաև գրական հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

ձեռագիր և տպագիր գրական, պատմագիտական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ.

առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր կամ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող հրատարակություններ (պատմական, գեղարվեստական, գիտական և այլն).

հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, այդ թվում՝ ձայնագրական, տեսագրական, լուսանկարչական և կինոարխիվներ.

հազվագյուտ և յուրատեսակ երաժշտական գործիքներ.

առանձին կամ հավաքածու փոստային նամականիշներ, այլ նամականիշային նյութեր.

հնագույն առարկաներ՝ գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, թանկարժեք իրեր, զենք, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված այլ առարկաներ.

բուսական, կենդանական և երկրաբանական հազվագյուտ հավաքածուներ և նմուշներ, հանքաբանության, անատոմիայի և հնեաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ.

կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.

ազգագրական, մարդաբանական նյութեր և բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ, հնատիպ և եզակի  հրատարակություններ.

այլ  առարկաներ, այդ թվում՝ պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային նշանակություն ունեցող պատճեններ, որոնք որպես պատմության և մշակույթի հուշարձաններ վերցված են պետական պահպանության:

 

Հոդված 7. Մշակութային նշանակության առարկաներ և հուշանվերային արտադրանքներ

 

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու ժամանակակից հուշանվերային արտադրանքների վրա:

 

Հոդված 8. Մշակութային արժեքներ, որոնք ենթակա չեն արտահանման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արգելվոմ է արտահանել՝

ա) պատմական, գեղարվեստական, գիտական կամ այլ մշակութային առարկաներ, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ դասվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային ժառանգության առավել կարևոր արժեքների շարքը՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից.

բ) պետության կողմից պահպանվող առարկաները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված են մշակութային արժեքների պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից.

գ) կենտրոնական և տեղական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ պետական պահոցներում, իսկ անհրաժեշտության դեպքում իրավասու պետական մարմինների որոշմամբ նաև այլ թանգարաններում, արխիվներում, գրադարաններում մշտապես պահպանվող մշակութային արժեքները.

դ) ավելի քան 100 տարի առաջ ստեղծված մշակութային արժեքները՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 9. Ապօրինի արտահանված կամ ներմուծված  մշակութային արժեքները վերադարձնելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ապօրինի արտահանված կամ նրա տարածք ապօրինի ներմուծված  մշակութային արժեքները ենթակա են վերադարձման  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10. Մշակութային արժեքները վերադարձնելուն նպաստող անձանց պարգևատրումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ  քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մեծ ներդրում են ունեցել  մշակութային արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձնելու գործում, պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարգևներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մշակութային արժեք նվիրված կամ վերադարձրած անձանց ցանկությամբ տվյալ արժեքը գրանցվում է նվիրատուի կամ վերադարձնողի անունով:

 

ԳԼՈՒԽ  2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 11. Մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները

 

Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ֆինանսների նախարարությունը,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչությունը, Արցախի պետական պատմաերկրագիտական  թանգարանը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան  իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում մշակութային արժեքների նկատմամբ:

 

Հոդված 12. Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման կարգավորումը եւ դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը

 

Մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորում և դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է սույն օրենքի 11 հոդվածում նշված պետական  մարմինների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ:

 

Հոդված 13. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդը

 

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման հարցերով ստեղծվում է ներկայացուցչական մարմին՝ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ:

Պետական խորհրդի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչության, Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցիչները: Պետական խորհրդի կազմում ընդգրկվում են ևս վեց անդամներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի ճանաչված գործիչներից:

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի նախագահին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ պետական խորհրդի անդամների կազմից:

 

Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի  նախարարության լիազորությունները մշակութային արժեքների  արտահանման և ներմուծման ուղղությամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը՝

ա)  մշակում է  մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաև  մշակութային արժեքների  ապօրինի արտահանումը և ներմուծումը, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող օրենքների և այլ նորմատիվ ակտերի նախագծեր.

բ) կազմում է մշակութային արժեքների ցանկը, որոնց վրա տարածվում է  սույն օրենքի գործողությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ)  ազգային պահպանության ցուցակների հիման վրա ստեղծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող թե° պետական,  թե° կոլեկտիվ և թե անձնական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների «տվյալների շտեմարանը».

դ) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ  պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները և կազմում  է այդ արժեքների հաշվառման մատյան.

ե) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման վերաբերյալ.

զ) գրանցում է արտահանվող, ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքները.

է) ապահովում է արտահանման կամ ժամանակավոր արտահանման ներկայացված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննությունը.

ը) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր.

թ) մշակութային արժեքների արտահանման, ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձում է տուրք.

ժ) հսկողություն է իրականացնում մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հետ կապված արտաքին տնտեսական գործունեության նկատմամբ.

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կազմակերպում է հասարակական լայն տեղեկատվություն մշակութային արժեքների անհետացման, կորստյան, հափշտակության փաստերի մասին.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցման դեպքերում.

ժգ) նպաստում է գիտական և տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ և այլն) ստեղծմանը և զարգացմանը՝ ի շահ մշակութային արժեքների պահպանման և դրանց հանրայնացման:

 

Հոդված 15. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի լիազորությունները

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդը՝

ա) քննարկում և լուծում է սույն օրենքի կիրարկման ժամանակ ծագած վիճելի հարցերը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետներ.

բ) որոշում է ընդունում սույն օրենքի 37 հոդվածով նախատեսված միջնորդության վերաբերյալ.

գ) իշխանության իրավասու մարմինների  քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ մշակութային արժեքների պահպանությանն առնչվող օրենսդրական կամ գործնական միջոցառումների, այդ թվում՝ մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի՝ ապօրինի փոխանցումը կանխող պատժամիջոցների վերաբերյալ.

դ) հսկողություն է իրականացնում սույն օրենքի  պահանջների կատարման նկատմամբ.

 

Հոդված 16. Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մարմինը

 

Արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար ներկայացված, ինչպես նաև ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների փորձաքննությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը՝ Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից լիազորված մասնագետներից կազմված պետական փորձագիտական հանձնաժողովի միջոցով:

 

 ԳԼՈՒԽ 3

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքը

 

Մշակութային արժեքները, որոնց վրա չեն տարածվում  սույն օրենքի 8 հոդվածի դրույթները, կարող են արտահանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Մշակութային արժեքների պետական փորձաքննությունը

 

Արտահանման համար հայտարարագրված մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության:

Արտահանման համար հայտարարագրված մշակութային արժեքները փորձաքննության չներկայացնելը համարվում է այդ առարկաների արտահանումից հայտարարատուի հրաժարում:

Այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշվում է արտահանման համար հայտարարագրված առարկան մտցնել պետական պահպանական ցուցակներ կամ գրանցման մատյաններ, փորձաքննությանը վերաբերող նյութերը հանձնվում են համապատասխան պետական մարմիններին:

Առարկայի  փորձաքննության  եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում հայտարարատուն կարող է գանգատ ներկայացնել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ, որն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է նոր փորձաքննություն:

Պետական խորհրդի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով՝ միայն գանգատների քննարկման կարգի խախտման առնչությամբ:

 

Հոդված 19. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիրը

 

Մշակութային  արժեքների արտահանման վերաբերյալ որոշում  ընդունելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը տալիս է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր:

Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիրը հիմք է տալիս նշված արժեքները  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային և պետական սահմաններով օրենքով սահմանված կարգով տեղափոխելու համար:

Առանց նշված վկայագրի մշակութային արժեքների արտահանումը արգելվում է՝ բացառությամբ 7 հոդվածում սահմանված արժեքների:

Մշակութային արժեքների արտահանումը արգելելու դեպքում այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում է  հասարակայնությանը, մասնավորապես այն անձանց, ովքեր կարող են արտահանել կամ ներմուծել մշակութային արժեքներ:

 

Հոդված 20. Մշակութային արժեքների արտահանումը փոստային առաքման եղանակով

 

Մշակութային արժեքների արտահանումը փոստով կարգավորվում է սույն օրենքով  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 21. Մշակութային արժեքների ներմուծման կարգը

 

Ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության և հատուկ գրանցման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչության կողմից համատեղ հաստատված կարգի համաձայն:

 

Հոդված 22. Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը արգելվում է

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցման կապակցությամբ որոնման մեջ գտնվող մշակութային արժեքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի արժեքները ենթակա են առգրավման՝ հետագայում օրինական տերերին վերդարձնելու նպատակով:

 

Հոդված 23. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող  մշակութային արժեքներ

 

Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

 

Հոդված 24. Մշակութային արժեք հանդիսացող զենքեր

 

Պատմական, գեղարվեստական, գիտական և այլ մշակութային արժեք ներկայացնող տարբեր տեսակի զենքերի արտահանումը և ներմուծումը կարգավորվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 25. Դիվանագիտական արտոնություն և անձեռնմխելիություն ունեցող անձանց կողմից մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը

 

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման՝ սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է նաև դիվանագիտական արտոնություն եւ անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա:

 

Հոդված 26. Մշակութային արժեքների տարանցիկ փոխադրումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով մշակութային արժեքների տարանցիկ փոխադրման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչությանն է ներկայացվում փաստաթուղթ այն մասին, որ մշակութային արժեքները ներմուծվում են միայն տարանցիկ փոխադրման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

 ԳԼՈՒԽ 4

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

Հոդված 27. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրագործվում է թանգարանների, արխիվների, գրադարանների, այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից՝

ա) ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով.

բ) վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու նպատակով.

գ) թատերական, համերգային և այլ գեղարվեստական գործունեության նպատակով.

դ) այլ նպատակներով:

Ժամանակավոր արտահանման հայտարարագիրը քննարկման ենթակա է միայն այն դեպքում, երբ հայտարարագրված մշակութային արժեքների վրա չի տարածվում սույն օրենքի 8 հոդվածի (ա) կետի գործողությունը:

 

Հոդված 28.  Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքը

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում են սույն օրենքով նախատեսված պետական մարմինները: Այդ դեպքում թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշակութային արժեքների պետական այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կամ գործադիր իշխանության համապատասխան մարմնի համաձայնությամբ, որի ենթակայության տակ է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար միջնորդած ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտարարագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն է ներկայացնում տվյալ արժեքի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը: Ընդունված որոշման մասին հայտարարատուն տեղյակ է պահվում հայտարարագիրը պաշտոնապես ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտարարատուն կարող է գանգատ ներկայացնել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհուրդ: Ընդունված որոշման մասին հայտարարատուին տեղյակ է պահվում գանգատը պաշտոնապես ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում: Այն կարող է գանգատարկվել դատական կարգով միայն գանգատների քննարկման կարգի խախտման առնչությամբ:

Թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, այլ պետական պահոցներում մշտապես պահվող ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքները չեն կարող օգտագործվել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա:

 

Հոդված 29.  Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը տալիս  է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը հիմք է տալիս նշված արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային և պետական սահմաններով օրենքով սահմանված կարգով տեղափոխելու համար:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը առանց նշված վկայագրի արգելվում է:

 

Հոդված 30. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման միջնորդությունը

 

Թանգարաններից, արխիվներից, գրադարաններից, մշակութային արժեքների այլ պետական պահոցներից մշակութային արժեքները ժամանակավորապես  արտահանելիս մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար ներկայացվող հայտարարագրին կցվում են՝

ա) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը.

բ) ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների առևտրային ապահովագրումը հաստատող փաստաթուղթ, որը ներառնում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթ.

գ)  ժամանակավորապես  արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված ընդունող կողմի և ընդունող պետության իրավասու մարմինների կողմից տրված երաշխիքներ:

Այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, իշխանության կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման դեպքում մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար ներկայացվող հայտարարագրին կցվում են՝

ա)  ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանական ցուցակներ կամ գրանցման մատյաններ մտցնելու մասին տեղեկանք.

բ) մշակութային արժեքների պահպանումն իրականացնող պետական մարմինների իրազեկության վերաբերյալ փաստաթուղթ.

զ) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված  պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը.

դ) ժամանակավորապես  արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման  վերաբերյալ փաստաթղթով  հաստատված ընդունող  կողմի և  ընդունող պետության իրավասու մարմինների կողմից տրված երաշխիքներ :

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանում թույլատրվում է, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և միջնորդող կողմի միջև կնքված է պայմանագիր ժամանակավորապես արտահանվող մշակությաին արժեքների ետբերման վերաբերյալ: Պայմանագրում նշված  մշակութային արժեքների ետբերման պահանջի կատարումը ապահովելու նպատակով ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների փոխարեն գրավառուի մոտ թողնվում է գրավի առարկա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 31. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման միջնորդության մերժումը

 

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման միջնորդությունը կարող է մերժվել, եթե՝

ա) ժամանակավոր արտահանումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չեն ներկայացնում մշակութային արժեքների ետբերման երաշխիքներ՝ սույն օրենքով նախատեսված կարգով.

բ) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աստիճանը թույլ չի տալիս փոփոխել նրանց պահպանման պայմանները.

գ) որոշված չէ ժամանակավոր արտահանման ներկայացված  մշակութային արժեքների սեփականատերը կամ մշակութային արժեքների սեփականության հարցը վիճահարույց է.

դ) այն պետությունում, ուր նախատեսվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա  են զինված ընդհարումներ կամ մշակութային  արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող այլ իրավիճակներ.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ այն  պետության հետ, ուր նախատեսվում է  ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները:

 

Հոդված 32. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին պայմանագրի անփոփոխելիությունը

 

Մշակութային արժեքների  ժամանակավոր արտահանման իրավունքի  վկայագիր տալուց հետո մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին պայմանագրի պայմանները մշակութային արժեքներն ընդունողի կողմից ենթակա չեն փոփոխության:

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալուց հետո այդ արժեքները չեն կարող դառնալ  գրավի  առարկա ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ նրա  սահմաններից դուրս:

 

Հոդված 33. Ժամանակավորապես արտահանված մշակութային  արժեքների փորձաքննությունը

 

Ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքները ետ  բերելուց հետո ենթակա են պարտադիր փորձաքննության՝ սույն օրենքի 18 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 34. Ժամանակավորապես արտահանված մշակութային  արժեքների  դիվանագիտական պաշտպանվածությունը

 

Արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  դիվանագիտական   և հյուպատոսական ներկայացուցչությունները իրագործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանակավորապես արտահանված մշակութային արժեքների դիվանագիտական պաշտպանությունը:

 

Հոդված 35. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը

 

Ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքները ենթակա են մաքսային հսկողության և հատուկ գրանցման՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչության կողմից համատեղ հաստատված կարգի:

Օտարերկրյա պետությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականություն  հանդիսացող մշակութային արժեքները, որոնք մշակութային համագործակցության նպատակով ժամանակավոր ներմուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, վերցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանության ներքո: Դրանց վրա տարածվում է մշակութային ժառանգության  պահպանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության դրույթների գործունեությունը:

Նշված արժեքների պահպանման նպատակով պետական երաշխիքները տրվում են յուրաքանչյուր առանձին դեպքի համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  միջազգային պայմանագրերին և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության ընդունած որոշումներին համապատասխան՝ փոխադարձության սկզբունքի պահպանման պայմանով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  ժամանակավորապես ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 ԳԼՈՒԽ 5

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

Հոդված 36. Մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը

 

Մշակութային արժեքների արտահանումը կարող է իրագործվել այդ արժեքների սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից: Մշակութային արժեքներ արտահանելու համար պահանջվում է այդ առարկաների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ:

Մշակութային արժեքների  սեփականատերերին արգելվում է նշված արժեքների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների փոխանցումը, ինչպես նաև մշակութային արժեքների վաճառքը, եթե այդ գործողությունները կարող են  հանգեցնել մշակութային արժեքների ապօրինի արտահանմանը կամ  ներմուծմանը:

 

Հոդված 37.  Քաղաքացիների սեփականություն  հանդիսացող մշակութային  արժեքների արտահանումը

 

Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այլ պետություններ մշտական բնակության մեկնող  քաղաքացիների  մշակութային արժեք ներկայացնող ընտանեկան մասունքների կամ  հիշատակի առարկաների վրա չեն տարածվում սույն օրենքի 8 հոդվածի «ա» , «բ», «գ» կետերով նախատեսված սահմանափակումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը միջնորդում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի  պետական խորհրդին՝ կայացնելու այդ արժեքների արտահանման վերաբերյալ  որոշում:

 

Հոդված 38. Արտահանման ներկայացված մշակութային արժեքների ձեռք բերումը պետության կողմից

 

Պետական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի   և սպորտի նախարարությունը կարող է որոշում կայացնել պետական թանգարանների, արխիվների և գրադարանների ֆոնդերի համար արտահանման ներկայացված  մշակութային արժեքները գնելու անհրաժեշտության մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի և սպորտի նախարարությունը իրավունք ունի գնելու իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ  քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև  ժամանակավորապես  արտասահման մեկնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց կողմից արտահանման ներկայացված մշակութային արժեքները՝ արտահանման իրավունք ստանալու ժամանակ սեփականատիրոջ կողմից սահմանված գնով:

Այդ դեպքում գնման ժամկետը կարող է սահմանվել մինչ մեկ տարի: Սահմանված ժամկետը լրանալուց հետո, եթե պետությունը այն ձեռք չի բերում, տրվում է այդ մշակութային արժեքների արտահանման իրավունք:

 Այն դեպքում, երբ մշակութային արժեք  արտահանողը դրա հեղինակն է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի է, որը մշտական բնակության է մեկնում արտասահման, պետական թանգարանների, արխիվների, գրադարանների ֆոնդերի համար այդ արժեքների  ձեռք բերման հարցը լուծվում է մշակութային արժեքի արտահանման իրավունքի վկայագիր տալու հետ միաժամանակ:

Մշակութային արժեքների ձեռք բերման պետության առաջնայնության իրավունքի կիրառման հետ կապված վեճերը լուծվում են  դատական կարգով:

 

Հոդված 39. Առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների օգտագործման կարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածաշրջանային մաքսային, ներքին գործերի, ազգային  անվտանգության, այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված  մշակութային արժեքները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի և սպորտի նախարարությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը իրականացնում է նշված մշակութային արժեքների  պահպանությունը, փորձաքննությունը և հրապարակումը՝  դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ճշտման նպատակով:

Դատական կարգով այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը հաստատելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի  և սպորտի նախարարությունը դրանք հանձնում է սեփականատիրոջը կամ օրինական ներկայացուցչին: Նշված մշակութային արժեքների  պահպանման և փորձաքննության համար ծախսված միջոցները հատուցում է սեփականատերը, եթե դատարանի վճռով այլ բան չի նախատեսվում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի  և սպորտի նախարարությունը սահմանված կարգով որոշում է կայացնում  բռնագրավված  մշակութային արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական թանգարաններին, արխիվներին և գրադարաններին մշտական պահպանության տալու կամ  համապատասխան այլ հաստատություններին հանձնելու հարցը:

Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին, մշակութային  արժեքների այլ պետական պահոցներին մշտական պահպանման չտրված կամ  հաստատություններին չհանձնված մշակութային  արժեքները ենթակա են իրացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների  բաշխման և օգտագործման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 40. Մշակութային արժեքների արտահանման դեպքում հեղինակի իրավունքը

 

Այլ պետություն ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող հեղինակը իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով  արտահանելու իր ստեղծած մշակութային արժեքները:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, որոնք արտահանում են որևէ հեղինակի ստեղծած մշակութային արժեքներ նրա կենդանության օրոք կամ մահվան օրվանից հաշված 50 տարվա ընթացքում, պարտավոր են ներկայացնել նշված մշակութային արժեքների ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի  նախարարությունը պարտավոր է հեղինակին կամ նրա  ժառանգորդներին տեղեկացնել այլ անձանց կողմից այդ արժեքները օրինականորեն արտահանելու  փաստի մասին:

 

Հոդված 41. Այլ   պետություններից ապօրինի արտահանված,  հափշտակված կամ ապօրինի այլ միջոցներով ստացված մշակութային արժեքների ձեռք բերման կանխարգելումը պետական պահոցների կողմից

 

Այլ   պետություններից ապօրինի արտահանված,  հափշտակված կամ ապօրինի այլ միջոցներով ստացված մշակութային արժեքների ձեռք բերումը կանխարգելու նպատակով թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ  պետական պահոցները  պարտավոր են  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մշակութային  արժեքների  պատկանելիության մասին  տեղեկություններ ստանալու համար :

 

Հոդված  42. Մշակութային արժեքները ապօրինի  տիրապետողից ետ պահանջելը

 

Մշակութային արժեքները, անկախ դրանց նկատմամբ  սեփականության ձևից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ապօրինի դուրս բերելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված մշակութային  արժեքները ապօրինի տիրապետողից ետ պահանջելու  համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը աջակցում է օրինական տերերին, երբ նրանք այլ պետությունների դատարաններին, դրանց  ներքին օրենսդրության դրույթներին  համապատասխան, ներկայացնում  են մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից ետ պահանջելու հայց, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ մշակութային արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձնելու համար: Այդ կերպ վերադարձված մշակութային արժեքները  ազատվում են մաքսային և այլ գանձումներից:

 

Հոդված 43. Մշակութային արժեքները բարեխիղճ ձեռք բերողի իրավունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլ պետություններից ապօրինի ներմուծված, ինչպես նաև հափշտակված կամ կորսված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման օրինական  սեփականատիրոջը՝ հատուցելով բարեխիղճ ձեռք բերողի ծախսերը, եթե դրանց  վերադարձման  պահանջը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նույն միջազգային համաձայնագրին միացած պետության կողմից, և եթե այդ համաձայնագրում նախատեսվում է հատուցման վճար կամ, եթե այդպիսի վճար նախատեսվում է փոխադարձության պայմանով:

Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքսային և այլ գանձումներից: Վերադարձման հետ կապված բոլոր ծախսերը կատարում է պահանջող կողմը:

Մշակութային արժեքի սեփականատեր  չհանդիսացող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը, ֆիզիկական անձը, որոնք բարեխղճորեն ձեռք են բերել այն և բարեխղճորեն տիրապետել առնվազն 25 տարի, ստանում են այդ մշակութային  արժեքի նկատմամբ սեփականության իրավունք:

 

Հոդված 44. Մշակութային արժեքները վերադարձնելու հայցը

 

Սեփականատիրոջ կողմից մշակութային արժեքների ետպահանջը ապօրինի տիրապետողից իրագործվում է դատական կարգով:

Այն դեպքում, երբ մշակութային  արժեքը հափշտակվել է սեփականատիրոջից կամ դուրս է եկել նրա  տիրապետումից այլ, իր  կամքից անկախ ճանապարհով, նա իրավունք ունի այդ մշակութային  արժեքը ետ պահանջել բարեխիղճ ձեռք բերողից առանց որևէ  փոխհատուցման, եթե բարեխիղճ ձեռք բերող է հանդիսանում պետական թանգարանը, արխիվը, գրադարանը, մշակութային արժեքների որևէ պետական պահոց, ինչպես նաև որևէ հաստատություն:

 

Հոդված 45. Մշակութային արժեքների հետ  կապված գործարքների ձևը

 

Սույն օրենքով կարգավորման ենթակա մշակութային արժեքների հետ կապված գործարքները կնքվում են գրավոր՝  պարտադիր նոտարական  վավերացմամբ:

Նշված կարգը կիրառվում է նաև մշակութային արժեքների  նվիրատվության դեպքում: Հաստատված կարգի խախտմամբ կնքվող գործարքները համարվում են անվավեր:

 

Հոդված 46. Մշակութային արժեքների հետ կապված արտաքին տնտեսական  գործունեությունը

 

Մշակութային արժեքների հետ կապված արտաքին տնտեսական  գործունեությունը թույլատրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրված իրավունքի հիման վրա:

Մշակութային արժեքների հետ կապված  արտաքին  տնտեսական  գործունեություն  իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են ունենալ գրանցման մատյան, որտեղ նշված է յուրաքանչյուր մշակութային արժեքի ծագումը, առաքողի անունը, ազգանունը, հասցեն, այդ արժեքի նկարագրությունը, նրա պատկերը, գինը, և պետական համապատասխան մարմնի  պահանջով տեղեկություններ ներկայացնել առաքվող մշակութային արժեքների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 6

ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

 

Հոդված 47. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի տուրք

 

Մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր տալու  համար գանձվում է տուրք, որի  չափը և  վճարման կարգը, ինչպես նաև  վճարումից ազատելը և վճարման արտոնությունները սահմանվում են սույն օրենքով և Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրական  այլ ակտերով:

 

Հոդված 48. Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի տուրք

 

Մշակութային արժեքների  ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է տուրք ժամանակավորապես արտահանվող մշակութային արժեքների գումարային գնի այն տոկոսաչափով, որը որոշվում է մշակութային արժեքների ետբերման մասին պայմանագրով՝ սույն օրենքով սահմանված կարգով: Տուրքի չափը, վճարման կարգը, ինչպես նաև վճարումից ազատելը և վճարման արտոնությունները սահմանվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով: Թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային  արժեքների այլ պետական պահոցները ազատվում են իրենց ֆոնդերում մշտական  պահպանության տակ գտնվող մշակութային  արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի ստացման համար տուրքի վճարումից:

 

Հոդված 49. Մշակութային արժեքների արտահանման կամ  ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար տուրքերի  գանձման կարգը

 

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք տուրքի գումարը վճարում են մշակութային արժեքների  արտահանման կամ ժամանակավոր իրավունքի վկայագիր ստանալիս:

Տուրքի չափը սահմանելիս հիմք է  ընդունվում մշակութային  արժեքի իրական շուկայական գինը, որը նշվում է արտահանող  անձի դիմումում: Եթե մշակութային արժեքների արտահանման կամ  ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տվող պետական մարմինը որոշում է այլ գին, ապա տուրքի գումարը սահմանելիս հիմք է ընդունվում դրանցից առավել բարձրը:

Տուրքը հաշվարկվում և գանձվում է տվյալ անձի կողմից միաժամանակ արտահանվող մշակութային արժեքների գումարային գնից:

 

Հոդված 50. Տուրքային արտոնություններ

Տուրք չի գանձվում, եթե մշակութային արժեքների արտահանումը կամ ժամանակավոր  արտահանումն անմիջականորեն իրագործում է դրանց  հեղինակը կամ նրա լիազորությամբ՝ իր ընտանիքի անդամը:

Տուրք չի գանձվում նաև այն դեպքում, երբ առաջին խմբի  հաշմանդամ հեղինակի ստեղծած մշակութային արժեքների արտահանում կամ  ժամանակավոր արտահանում իրագործողը նրա լիազորած անձն է:

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային այնպիսի արժեքներ, որոնք մտել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության  օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներ կամ  գրանցման մատյաններ, օգտվում են տուրքային արտոնություններից:

 

Հոդված 51. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման մաքսատուրքից ազատելը

 

Սույն օրենքի պահանջներին համապատասխան ձևակերպված մշակութային  արժեքների արտահանման դեպքում մաքսատուրք չի գանձվում:

Սույն օրենքին համապատասխան արտահանվող կամ ժամանակավոր  արտահանվող մշակութային արժեքները չեն դիտվում որպես  քաղաքացիների անձնական գույք, որոնց արտահանման վրա դրվում են  արժեքային և քանակային  սահմանափակումներ:

 

Հոդված 52. Մշակութային արժեքների  փորձաքննության և այլ տեսակի աշխատանքներ կատարելու համար վճարներ

 

Մշակութային արժեքների հետ կապված փորձաքննության, ինչպես  նաև այլ տեսակի աշխատանքների կատարման համար վճարի գանձումը իրականացվում  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 53. Հայց ներկայացնողի  ազատումը տուրքից

Մշակութային  արժեքներն ապօրինի տիրապետողից ետ  պահանջելու  մասին հայց ներկայացնողն  ազատվում է դատարանում գանձվող պետական տուրքի վճարումից:

 

ԳԼՈՒԽ  7

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 54. Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենսդրության խախտման համար  պատասխանատվությունը

 

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին օրենսդրության պահանջները խախտողները կրում են  պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 55. Փորձագետի պատասխանատվությունը

 

Կեղծ փորձագիտական եզրակացություն տված փորձագետը կրում է  պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ  8

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված  56.  Մշակութային արժեքների ապօրինի  արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի  փոխանցումը կանխարգելելու նպատակով համագործակցությունը

 

Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի  փոխանցումը կանխարգելելու, ինչպես նաեւ ապօրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց սեփականատերերին վերադարձնելու  նպատակով մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահսկող պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատասխան մարմինների, ծառայությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ:

 

Հոդված 57. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային  պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում  է սույն օրենքը, ապա կիրառվում են  միջազգային պայմանագրերի կանոնները:

 

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 58. Եզրափակիչ դրույթ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝

մշակել եւ ընդունել սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:

 

Հոդված 59. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ                                     

 

 

 

 

 

1 օգոստոսի 1998 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-21