Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2003թ. սեպտեմբերի 17-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործա-ռույթների ու կենսընթացների հետ.

2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ վիրաբուժական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով.

3) կամավոր բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ եւ կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության հիման վրա.

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ՝ բժշկական տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են անպտղության խնդրի լուծման նպատակով.

5) արհեստական սերմնավորում՝ տղամարդու սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ օրգանիզմ.

6) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում՝ կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի եւ ձվաբջջի կորիզանյութերի միավորում. արդյունքում՝ առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացում եւ ներպատվաստում արգանդի խոռոչ կամ արգանդափող.

7) դեռահասներ` բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-18 տարեկան անձանց տարիքային խումբը եւ բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.

8) փոխնակ (սուրոգատ) մայր՝ դոնորական սաղմը իր արգանդում կրած կին, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.

9) դոնորական սաղմ՝ կենսաբանական ծնողի (ծնողների) եւ (կամ) դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմ, որը պետք է կրի կամ արդեն կրում է փոխնակ մայրը կամ կինը.

10) վերարտադրողականության (սեռաբջջի) դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ իր բեղմնունակ սերմը տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը տրամադրող կին.

11) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձեւավորվել սաղմը, եւ որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է:

 

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղում բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա եւ կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեու-թյունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողակա-նության հետ:

 

Հոդված 4. Վերարտադրողականության հետ կապված մարդու իրավունքները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, Լեռ- նային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրա-քանչյուր ոք ունի կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական հետեւյալ իրավունքները.

1) ինքնուրույն տնօրինել իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությանը.

2) ընտանիք կազմել, ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելու ժամկետները եւ այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ու արդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն.

3) պաշտպանված լինել ճնշման բոլոր ձեւերից, այդ թվում՝ սեռական շահագործումից եւ բռնությունից, հարկադրական հղիությունից, աբորտից, ամլացումից եւ վերարտադրողականության իրավունքների այլ խախտումներից.

4) ստանալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն սեռական եւ վերարտադրողական առողջության հարցերի շուրջ, այդ թվում՝ պտղաբերության կարգավորման առկա մեթոդների առավելությունների, արդյունավետության եւ հնարավոր վտանգների վերաբերյալ.

5) ստանալ բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ սեռական եւ վերարտադրողական առողջության հարցերի շուրջ՝ մեկուսի ու գաղտնի պայմաններում.

6) օգտվել բարձրորակ բուժկանխարգելիչ ծառայություններից եւ պաշտպանված լինել առողջության համար վտանգ ներկայացնող մեթոդների, այդ թվում՝ գիտական փորձերի կիրառումից.

7) ինքնուրույն որոշումներ կայացնել սեռական եւ վերարտադրողական առողջության հետ կապված բժշկական միջամտություններ ստանալիս, բացառությամբ կյանքին սպառնացող շտապ միջամտություն պահանջող իրավիճակների եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի.

8) օգտվել վերարտադրողականության նոր տեխնոլոգիաներից (ներառյալ՝ պտղաբերության կարգավորման եւ անպտղության բուժման ապահով եւ արդյունավետ մեթոդները):

Յուրաքանչյուր ոք ունի սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված՝ կենսական անհրաժեշտության սեռական եւ վերարտադրողական այլ իրավունքներ:

2. Հասարակական անվտանգության, հանրային առողջության եւ բարքերի, այլոց իրավունքի պաշտպանության նպատակով վերարտադրողականության հետ կապված մարդու իրա-վունքները կարող են սահմանափակվել սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում եւ կարգով:

 

Հոդված 5. Դեռահասների վերարտադրողական առողջության պահպանումը

 

1. Դեռահասներն իրավունք ունեն`

1) սեռական դաստիարակության, ինչպես նաեւ սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման.

2) իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական եւ վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ.

3) բարյացակամ եւ մեկուսի պայմաններում ստանալ մատչելի ու լիարժեք բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բուժօգնություն` սեռական հասունացման, սեռական եւ վերարտադրողական առողջության հարցերի հետ  կապված:

2. Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք՝ ընտանիքի, առողջապահական ծառայությունների, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ սերտ համագործակցությամբ:

3. Դեռահասների սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հետ կապված կրթական ծրագրերը մշակում եւ իրականացնում են կրթության ու առողջապահության ոլորտների գործադիր մարմինները՝ շահագրգիռ հասարակական եւ այլ կազմակերպությունների, համայնքների, ինչպես նաեւ իրենց՝ երիտասարդ մարդկանց գործուն մասնակցությամբ՝ հաշվի առնելով ազգային ավանդույթները, բարոյական արժեքներն ու միջազգային փորձը, ելնելով դեռահասների տարիքային, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից:

 

Հոդված 6. Անվտանգ մայրությունը

 

1. Մայրությունը եւ մանկությունը գտնվում են պետության եւ հասարակության հովանավորության ու պաշտպանության ներքո եւ աջակցություն ստանալու իրավունք ունեն:

2. Կինն ունի անվտանգ մայրության, այն է՝ հղիության ընթացքում առողջության պահպանման, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանակաշրջանում իր, պտղի առողջությանը եւ նորածնին նվազագույն ռիսկ պատճառող մեթոդների կիրառմամբ օգնություն ստանալու իրավունք:

3. Հղիության ընթացքում ցանկացած բժշկական միջամտություն կատարվում է կնոջ համաձայնությամբ: Կինն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն:

4. Առանց հղի կնոջ համաձայնության, բժշկական հանձնաժողովի որոշմամբ, դրա անհնարինության դեպքում՝ բժշկի որոշմամբ, թույլատրվում է իրականացնել բժշկական միջամտություն հղի կնոջ կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ գրավոր հավաստվում հղի կնոջ, դրա անհնա-րինության դեպքում՝ նրա ամուսնու կամ հարազատների, իսկ վերջինիս անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:

6. Կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության եւ ծննդաբերության հետ կապված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետության երաշխավորած առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

 

Հոդված 7. Սեռաբջիջների եւ սաղմի պահպանումը

 

1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ամուսնական տարիքի արական եւ իգական սեռի անձինք իրավունք ունեն իրենց սեռաբջիջները եւ սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:

2. Պետությունը երաշխավորում է քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների եւ սաղմի պահպանությունը նրանց կյանքը վտանգող իրավիճակներում կամ սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջությանը վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաեւ այլ բժշկասոցիալական ցուցումներ) դեպքում:

3. Քաղաքացիների տրամադրած սեռաբջիջների եւ սաղմի պահպանման կարգն ու պայ-մանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Բեղմնականխման միջոցների օգտագործումը

 

1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության եւ անցանկալի հղիությունից ու հղիու-թյան արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունք:

2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրում բեղմնականխման առկա միջոցների ապահովության, արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ՝ պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:

3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցների ընտրությունը հիմնվում է ամուսինների (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողական պատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկությունների ու նախապատվությունների վրա, իսկ կիրառումն իրականացվում է միայն նրանց լիակատար, ազատ եւ գիտակցված համաձայնությամբ:

4. Պտղաբերության կարգավորման եւ բեղմնականխման միջոցները կիրառվում են որպես անցանկալի հղիությունից եւ հղիության արհեստական ընդհատումից խուսափելու միջոց:

 

Հոդված 9. Կամավոր բժշկական ամլացումը

 

1. Չափահաս կանայք եւ տղամարդիկ իրավունք ունեն դիմելու կամավոր բժշկական ամ-լացման՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով:

2. Կամավոր բժշկական ամլացումն իրականացվում է բուժհաստատություններում միայն չափահաս անձանց նկատմամբ՝ նրանց իրազեկված համաձայնության դեպքում:

3. Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)

 

1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:

2. Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:

3. Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

4. Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման  վրա:

5. Հղիության արհեստական ընդհատումից առաջ եւ հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:

6. Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է կիրառել վերարտադրո-ղականության հետեւյալ օժանդակ տեխնոլոգիաները.

1) արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով.

2) արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով եւ սաղմի ներպատվաստում.

3) դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկասոցիալական ցուցումների հիման  վրա:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման

               հետ կապված իրավական հարաբերությունները

 

1. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձը կարող է լինել նաեւ կենսաբանական ծնողը:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել՝

1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական եւ իրավական հարցերի մասին.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.

3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի եւ բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին եւ (կամ) փոխնակ մորը:

5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների եւ փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագե-նետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում եւ չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպես ծնողների, եւ այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջեւ իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 13. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների

               կիրառման հետ կապված պայմանագրերը

 

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց եւ փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

 

Հոդված 14. Վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորությունը

 

1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:

2. Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:

3. Վերարտադրողականության դոնոր լինելու բժշկական հակացուցումների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտի գործադիր մարմինը:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման եւ դրանց պահպանման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը:

5. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված եւ սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:

6. Դոնորը չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ£

 

Հոդված 15. Փոխնակ մայրությունը

 

1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտ-նաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

2. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

4. Փոխնակ մայր չի կարող լինել այն կինը, որի փոխնակ մայր լինելը հակացուցված է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական ցուցումներով:

5. Փոխնակ մայրը կարող է միաժամանակ լինել նաեւ ձվաբջջի դոնոր:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց եւ փոխնակ մոր միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

7. Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչեւ հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները եւ հետեւել իր առողջությանը:

8. Փոխնակ մայրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձից կամ ամուսիններից առանձին ապրելու դեպքում պարտավոր է վերջիններիս տեղեկացնել հղիության ընթացքի մասին:

9. Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:

10. Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:

11. Փոխնակ մայրը հղիություն կրելու եւ ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողա-կանության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների եւ փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:

12. Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ:

13. Եթե փոխնակ մայրը միաժամանակ ձվաբջջի դոնոր է, ապա նա իրավունք ունի մինչեւ երեխայի ծնվելը հրաժարվել պայմանագրի կատարումից` հատուցելով պայմանագրի կողմ հան-դիսացող, վերարտադրողականության օժանդակ մեթոդներից օգտվող անձի (անձանց) ծախսերը:

 

Հոդված 16. Կենսաբանական ծնողը

 

1. Կենսաբանական ծնողն իր բեղմնունակ սերմը կամ բեղմնունակ ձվաբջիջը տրամադ-րելու համար դրամական հատուցում չի ստանում:

2. Կենսաբանական ծնողը համարվում է ապագա երեխայի ծնողը եւ նրա նկատմամբ ունի Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է համապատասխան պարտականություններ:

 

Հոդված 17. Դոնորի եւ (կամ) փոխնակ մոր մասին տեղեկությունները

 

1. Որպես դոնոր եւ (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի եւ (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:

2. Դոնորի եւ փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են համապատասխան առողջապահական հաստատություններում` առողջապահության ոլորտի հանրապետական գոր-ծադիր մարմնի սահմանած կարգով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկա-գենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր եւ (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

4. Դոնորի եւ փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ:

 

Հոդված 18. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման

                հետ կապված տեղեկությունների գաղտնիության պահպանումը

 

1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների՝ արհեստական սերմնավոր-ման կամ բեղմնավորման եւ փոխնակ մայրության կիրառման հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մար-մինների հարուցած քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

 

Հոդված 19. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման

                    հետ կապված ծառայությունները

 

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ծառայությունները մատուցում են առողջապահական այն հաստատությունները, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն բժշկական օգնության եւ սպասարկման տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիա, ինչպես նաեւ պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված պայմանները:

 

Հոդված 20. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 21. Անցումային դրույթ

 

Դեռահասների սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հետ կապ-ված կրթական ծրագրերը կիրականացվեն 2005-2006 ուսումնական տարվանից սկսած:

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում   հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

17 հոկտեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 64