Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին

                                                                                                                                                                                                                     Ընդունվել է 2000թ. փետրվարի 15-ին

 Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:

 

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Մարդու իմունային անբավարարության  վիրուս /այսուհետ՝ ՄԻԱՎ/՝ վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանը:

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ /այսուհետ՝ ՁԻԱՀ/՝ հիվանդություն, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետևանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:

ՄԻԱՎ-ով վարակված անձ՝ մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, հանդիսանում է վարակի աղբյուր:

 Հոդված  2. ՁԻԱՀ -ի կանխարգելման  ծառայությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության՝ ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման, հսկման նպատակով ստեղծվում է ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման բաժին, որի կառավարման և ֆինանսավորման կարգը, կառուցվածքն ու լիազորությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը :

ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման և հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար մշակվում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված  3. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն  չունեցող անձանց /այսուհետ՝ անձինք/, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից / վրա:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության   լիազորությունները  ՁԻԱՀ-ի   կանխարգելման բնագավառում  

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա/ պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին.

բ/ իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.

գ/ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը.

դ/ պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական և գործնական հետազոտությունների համար.

ե/ իրականացնում է դեռահասների բարոյական և սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

զ/ ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.

է/ համաձայն  կարգի տեղեկատվություն է  փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին:

 

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի ֆինանսավորումը

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային՝ ելնելով  հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության  անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 6. ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները

 

Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու պայմանները

 

Երեք ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր /վիզա/ ստանալու համար դիմած  օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր /սերտիֆիկատ/՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հավաստագիր չներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են մեկ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անցնել ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները չեն տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների  և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա:

 

Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետևանքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատվելուց հետո նրանք ենթակա են վարչական վտարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9.  Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ II

ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ԵՎ  ԿԱՐԳԸ

Հոդված 10.  Լաբորատոր հետազոտություները

 

ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված  առողջապահական ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/:

ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության  դրական արդյունքների դեպքում՝ պարտադիր կատարվում է կրկնակի հետազոտություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են և անանուն՝ բացառությամբ սույն օրենքի  11 հոդվածով նախատեսված դեպքերի:

Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ և հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն՝ ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:

 

Հոդված 11.Պարտադիր բժշկական հետազոտությունը

 

Պարտադիր բժշկական  հետազոտության ենթակա են՝

ա/ արյան,կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.

բ/ աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները.

գ/ ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

դ/ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք.

ե/ հղի կանայք.

զ/ ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները.

է/ թմրամոլները.

ը/ երեք ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ծառայողական, գործնական և մասնավոր ուղևորություններից վերադարձող անձինք:

Պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարված անձինք չեն կարող լինել արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորներ:

Բուժհաստատություններում աշխատանքի ընդունվող անձինք նախազգուշացվում են իրենց՝ ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտության ենթարկելու մասին:

Աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքում փոխադրվում են այլ աշխատանքի կամ ազատվում են աշխատանքից՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պարտադիր բժշկական հետազոտության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

ԳԼՈՒԽ III

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ

ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 12. ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում

 

Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների՝ ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է՝

ա/ հավելավճար աշխատավարձի նկատմամբ.

բ/ կրճատված աշխատանքային օր.

գ/ լրացուցիչ վարձատրություն.

դ/ լրացուցիչ արձակուրդ:

Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Առողջապահական ձեռնարկությունների տնօրինությունները պարտավոր են ապահովել բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ և պայմաններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 13. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը

 

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IV

ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ  ԱՆՁԱՆՑ ԵՎ  ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ  ԱՆԴԱՄՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 14.  ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները

 

ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն՝

ա/ ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.

բ/ ստանալ ոչ խտրական վերաբերմունք.

գ/ պահանջել բժշկական գաղտնիության պահպանում՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

դ/ շարունակել աշխատել՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.

ե/ ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:

ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի ու հետազոտությունների օբյեկտ:

 

Հոդված 15. ՄԻԱՎ-ով  վարակված երեխաների  և  նրանց  ծնողների /օրինական ներկայացուցիչների/ իրավունքները

 

ՄԻԱՎ-ով վարակված մինչև 16 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները /օրինական ներկայացուցիչները/ իրավունք ունեն՝

ա/ երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.

բ/ օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:

ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:

 

Հոդված 16. ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները

 

ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր  է պահպանել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ V

ԵԶՐԱՓԱԿԻՉ    ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված17. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                     Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

10 մարտի  2000 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-99