Ընդունվել է 2001թ. նոյեմբերի 30-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի խնդիրները
Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անհատական) տվյալները կուտակելու և պահպանելու, ինչպես նաև ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
Հոդված 2. Մարդահամարի մասին օրենսդրությունը
Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից և մարդահամարի անց-կացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. Մարդահամարի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից:
Հոդված 4. Մարդահամարի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները
Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ոչ ուշ, քան մարդահամարը սկսելուց մեկ տարի առաջ:
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և շրջանային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրա-ժեշտ մակարդակով կազմակերպելու համար:
Հոդված 5. Մարդահամարի հիմնական խնդիրը
Մարդահամարի հիմնական խնդիրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազո-տությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:
Հոդված 6. Մարդահամարն անցկացնող մարմինները և դրանց պարտականությունները
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`
ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը և մատչելիությունը.
գ) սկզբնական (անհատական) տեղեկատվության գաղտնիությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Մարդահամարի փաստաթղթերի հաստատումը
Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը:
Հոդված 8. Փորձնական մարդահամարի անցկացումը
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդա-համար անցկացնելու միջոցով:
Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն կես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում և տարածքներում:
Հոդված 9. Բնակչության հարցումն իրականացնող անձինք
Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների՝ հաշվարարների կողմից բնակելի և այլ շինություններ շրջագայելու և դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:
Անչափահասների, ինչպես նաև ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները :
Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաև հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկ-ների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով՝ համապատասխան պետական մարմինների կողմից:
Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման և անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից:
Հոդված 10. Քաղաքացիների պարտականությունները և իրավունքները
Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, և հարցվողները պարտավոր են ճշգրիտ ու սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին:
Հոդված 11. Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը
Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին՝ լիազորված մարմնի կողմից Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացրած` մարդահամարի նախա-պատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:
Հոդված 12. Մարդահամարի ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործումը,
հրապարակումը և պահպանումը
Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով:
Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 13. Պատասխանատվությունը մարդահամարի մասին օրենսդրությունը
խախտելու դեպքում
Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 14. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմա- նագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 15. Առաջին մարդահամարի անցկացումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
12 հունվարի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-176