Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի մարտի 10-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի «ոչ ուշ, քան առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «երեսուն օրվա» բառերը փոխարինել «քսան օրվա» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-35.4-րդ հոդվածներով.
«Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը` կատարողական թերթին համապատասխան:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:
5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:
6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:
8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը
1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:
6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո` երեք բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:
Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:
7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:
8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:
Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:
2. Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:
3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:
6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվելուց հետո:
7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:
9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-86-Ն