Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Հոդված 2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական
ակտերը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև այլ իրավական ակտեր:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այդ թվում` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառ-նական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց վրա` այդ գործունեության մասով:
Գ Լ Ո Ւ Խ 2
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս` կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպ-քերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթևեկելու համար երթեվեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական ար-տադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (այդ թվում` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապ-րանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) բուսական յուղի և կշռովի բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի և կվասի վաճառքի.
ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշների և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) նոտարական և փաստաբանական ծառայությունների իրականացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`
ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,
- բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում,
- ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,
- 10 մ2 առևտրական տարածքը գերազանցող խանութների (բացառությամբ` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- հյուրանոցային ծառայությունների մատուցում,
- սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,
- դեղատնային գործունեություն,
- վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.
բ) 2006 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- Ստեփանակերտ քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումը և պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրե-րի) վաճառք,
- մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
- հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
- գեղեցկության սրահների կազմակերպում.
գ) 2007 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- 10 մ2 առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների և տաղավարների (բացառությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10 մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռ-նային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10 մ2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.
ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:
Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղա-կան բնակավայրերի ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը:
Հոդված 5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`
ա) սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի կողմից գրանցված և կապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:
Հոդված 7. Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց
պարտականությունները
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`
ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.
բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:
Հոդված 8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը վարում է կիրառման համար թույլատրվող հսկիչ‑դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանը:
Հոդված 9. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը
1. Հարկային մարմինը`
ա) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.
բ) իրականացնում է կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.
գ) ստուգում է հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը`անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
դ) անցկացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.
ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում է տուգանքներ:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հատուկ ֆոնդ, որի միջոցները ծախսվում են`
ա) հսկիչ գնումների ֆինանսավորման համար.
բ) սույն հոդվածով սահմանված հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման համար:
Սույն կետում նշված ֆինանսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ Ո Ւ Խ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 10. Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային
մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների եւ հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համապատասխան որոշման հիման վրա:
Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ գործունեության այդ մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկների իրականացման համար սույն մասով նախատեսված տուգանքները չեն կիրառվում:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում՝ կրկնապատկվում է:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի է մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 դեկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 168