Ընդունվել է 1998թ. հոկտեմբերի 19-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողները:
Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:
Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ՝ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 6 տոկոսի չափով:
(փոփ. 21.12.2000)
Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով՝
ա) արդյունաբերության (ներառյալ՝ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով.
բնակավայրերի ներսում՝ 1 տոկոս.
բնակավայրերից դուրս՝ 0,5 տոկոս.
բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.
գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:
Հոդված 6. Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:
Հոդված 7. Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքեր, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:
Հոդված 8. Հողի հարկը հաշվարկվում է սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսից:
Հոդված 9.Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:
Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Հողի հարկից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.
բ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).
գ) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.
դ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի և պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.
ե) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ դրանում գտնվող վարձակալության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով տրված գյուղատնտեսական հողատեսքերի:
(լրաց. 21.12.2000)
Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են՝
գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկները և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:
(լրացվել է 2-րդ մասով 31.12.99, ուժը կորցրած է ճանաչվել 21.12.2000)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
Հոդված 13. Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների), հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հարկային պետական վարչության մարմիններին են ներկայացնում հաշվարկներ՝ հարկման ենթակա յուրաքանչյուր հողամասի համար:
Նոր հատկացված հողամասի հարկման վերաբերյալ հաշվարկները ներկայացվում են հողօգտագործման իրավունքի ձեռքբերման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 14. Քաղաքացիները և գյուղացիական տնտեսությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագիրը:
Հոդված 15. Վճարողների հաշվառումը և հողի հարկի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ:
Հարկային պետական վարչության մարմիններն իրականացնում են վճարողների հաշվառում, վերահսկողություն են սահմանում հարկի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման նկատմամբ:
Հոդված 16. Հաշվարկված հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
Հոդված 17. Հողի հարկի վճարումը պետական բյուջե կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար կարող է սահմանել հողի հարկի այլ դրույքաչափեր և չափեր, հաշվարկման և վճարման այլ կարգ և արտոնություններ:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թ. հունվարի 1-ից: Մինչև 1998 թ. վերջը գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակներով մյուս հողօգտագործողները հողի հարկը հաշվարկում և վճարում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թ. մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի հարկի ներդրման, նրա հաշվարկման և վճարման կարգի մասին» թիվ 24 որոշման:
Հոդված 21. Սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների հետ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
16 նոյեմբերի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-28