Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում հասարակական հարաբերությունները, սահմանում է հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերը և նպատակաուղղված է հիդրոօդերևութաբանական  երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու  ուղղությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակները

 

Սույն օրենքի  նպատակներն են`

ա) հիդրոօդերևութաբանական  գործունեության իրավական հիմքերի սահմանումը.

բ) հիդրոօդերևութաբանական  երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման և օգտագործման բնագավառում  շուկայական հարաբերությունների ձևավորման համար համապատասխան պայմանների ստեղծումը.

գ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի կազմում Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի համաձայնեցված և արդյունավետ գործունեության իրավական ապահովումը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

օդերևութաբանություն` գիտություն, որն ուսումնասիրում է մթնոլորտի  բաղադրությունն ու կառուցվածքը, քիմիական, կենսաբանական և ֆիզիկական հատկությունները և փոխազդե-ցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոլոգիա` գիտություն, որն ուսումնասիրում է երկրի վրա ջրերի ձևավորումն ու տարածումը, ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ դրանց դրսևորումը, բաշխումը, շրջա-նառությունը, քիմիական, կենսաբանական, ֆիզիկական հատկությունները և փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ.

հիդրոօդերևութաբանական երևույթներ` հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հոր-դացում, սառցակալում և այլն) առանձին ձևերի արտահայտություններ, որոնք բնորոշում են եղանակի վիճակը և ջրային օբյեկտների ռեժիմը.

հիդրոօդերևութաբանական պրոցեսներ` հիդրոօդերևութաբանական երևույթների հետևողական զարգացումը ժամանակի ընթացքում և տարածության մեջ, որոնք բնորոշում են մթնոլորտի և ջրոլորտի վիճակը.

հիդրոօդերևութաբանական ծառայություն` կազմակերպչական և տեխնոլոգիապես փոխկապակցված կազմակերպությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն, որն ապահովում է համալիր աշխատանքների կատարումը հիդրոօդերևութաբանության բնագավառում, ներառյալ` կլիմատոլոգիան, ագրոօդերևութաբանությունը, լիմնո-լոգիան, հիդրոօդերևութաբանական երևույթների, այդ թվում` իոնոլորտի և մերձերկրյա տիեզերական տարածության մոնիթորինգը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության  տրամադրումը.

 հիդրոօդերևութաբանական գործունեություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման` դիտարկման, հավաքման, մշակ-ման, վերլուծման, պահպանման և օգտագործման գործընթացը.

  Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերա-բերյալ տեղեկատվություն արտադրող կազմակերպությունների ու ծառայությունների  ամբողջությունը.

միջազգային հիդրոօդերևութաբանական ցանց՝ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող տեխնոլոգիապես փոխկապակցված Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանա-կան համակարգերի ամբողջությունը.

հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ` հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումներ և ակնադիտարկումներ` օդերևութաբանական, կլիմայա-կան, աերոլոգիական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի, ձնածածկույթի ֆիզիկական, քիմիա-կան (այդ թվում` ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերը.

դիտարկումների ցանց` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների անշարժ և շարժական օբյեկտների համակարգը.

հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգ՝ հիդրոօդերևութաբանական երևույթների մշտական դիտարկումների գնահատման և կանխատեսման  համակարգը.

տեղեկատվություն հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին` հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների հիման վրա ստացված տվյալներ, ինչ-պես նաև տեղեկատվական արտադրանք` վերլուծությամբ և մշակմամբ ստացված տեղեկություններ և կանխատեսումներ.

հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ տեղեկատվություն` տարերային երևույթների և շրջակա միջավայրի աղտոտման վտանգավոր մա-կարդակների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող տեղեկատվություն, որը սահմանված կարգով հաղորդվում է ստանալուց ու մշակելուց անմիջապես հետո.

հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին ընդհանուր նշանակության տեղեկատվություն` սահմանված կարգով ստացված, հավաքված և մշակված փաստացի և կանխատեսվող տեղեկատվությունը.

հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին մասնագիտացված տեղեկատվություն`սպառողի պահանջով ստացվող, մշակվող, վերլուծվող, պահպանվող և ներկայացվող նպատակային տեղեկատվություն, որի արտադրությունը պահանջում է լրացուցիչ աշխատանք և ծախսեր.

Հանրապետական և միջազգային նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքներ` համընդգրկուն (գլոբալ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ միջտարածաշրջանային կարևորության աշխատանքներ և հետազոտություններ, ինչպես նաև տնտեսության զարգացման, բնակչության և պետության անվտանգության, տնտեսության և սոցիալական ոլորտի կայուն գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող  աշխատանքներ և հետազոտություններ:

           

Հոդված 3. Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին օրենսդրությունը

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական կարգավորումն իրականացվում է սույն օրենքով,  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:

Մթնոլորտի և ջրոլորտի վիճակի մասին տեղեկությունների հավաքման, մշակման, պահպանման և տարածման կազմակերպական-տեխնիկական միջոցների օգտագործման ընթացքում ծագող գույքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի պետական կազմակերպություններում և ծառայություններում ծառայողական զենքի ձեռքբերման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 4. Հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման 

                  սկզբունքները

 

Հիդրոօդերևութաբանական  գործունեությունն իրականացվում է`

ա) հիդրոօդերևութաբանական դիտարկումների համալիրության, ամբողջականության  և անընդհատության սկզբունքով.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական դիտարկումների կատարման, տեղեկատվության հավաքման, վերլուծման, ընդհանրացման, պահ-պանման և տարածման տեխնոլոգիական միասնության սկզբունքով.

գ) օդերևութաբանական և մյուս երկրաֆիզիկական պրոցեսների վրա ակտիվ ներգործու-թյան գործընթացներում էկոլոգիական անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության պահպանման և ապահովման սկզբունքով.

 դ) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեության հետ Լեռնային Ղա-րաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի աշխատանքների համաձայնեցման և միաս-նականացման սկզբունքով.

 ե) հիդրոօդերևութաբանական երևույթների փաստացի և սպասվելիք տվյալների վերա-բերյալ տեղեկատվության մատչելիության, հրապարակայնության, հավաստիության և արդյու-նավետ օգտագործման սկզբունքով:

        

Հոդված 5. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ

                  տեղեկատվություն արտադրողները և սպառողները

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողներն են մասնագիտացված Լեռնային Ղարաբաղի և օտարերկրյա հիդրոօդերևութա-բանական մարմիններն ու ծառայությունները:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության սպառողներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինները և տեղա-կան ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

Հոդված 6. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ

                  տեղեկատվություն արտադրողների իրավունքները և 

                  պարտականությունները

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար-գով իրավունք ունեն`

ա) գործունեություն իրականացնել իրենց հիմնադիր փաստաթղթերով.

բ) ստանալ վարձատրություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տրվող տեղեկատվության դիմաց.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ գիտական և այլ գործունեության հեղինակային իրավունքների պաշտպանության.

դ) հրաժարվել սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, եթե սպառողները խախտել են տեղեկատվու-թյուն տրամադրելու պայմանները.

ե) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են`

ա) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային պայմանագրերին, գործող մեթոդաբանության պահանջներին համապատասխան.

բ) պահպանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման և տրամադրման պայմանագրերի պայմանները.

գ) հաշվառել և սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրել կատարված հիդրո-օդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ.

դ) սպառողներին տրամադրել հիդրոօդերևութաբանական բնույթի հավաստի տեղեկատվություն:

 

Հոդված 7. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների

                  տեղեկատվության վերաբերյալ սպառողների իրավունքներն ու

                  պարտականությունները

 

Սպառողներն իրավունք ունեն`

ա) տեղեկատվություն ստանալ հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ` արտադրողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա.

բ) հրաժարվել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունից` այդ տեղեկատվությունն արտադրողի կողմից պայմանագրերի, գործող օրենսդը-րության, նորմատիվների և այլ պահանջների խախտման դեպքում.

գ) ընտրել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողին:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվության վերաբերյալ սպառողները պարտավոր են պահպանել հիդրոօդերևութաբանական աշխատանքներ կատա-րողների հետ կնքված պայմանագրերի պայմանները:

 

Հոդված 8. Հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում 

                 քաղաքացիների, հասարակական միավորումների և այլ 

                 իրավաբանական անձանց իրավունքները

 

Քաղաքացիները, հասարակական միավորումները և այլ իրավաբանական անձինք  հիդրո-օդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն:

Քաղաքացիները և բնապահպան հասարակական միավորումներն իրավունք ունեն կատարել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների անկախ դիտարկումներ` հիդրո-օդերևութաբանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին (այսուհետ լիազորված մարմին) տեղեկացնելով տարերային աղետների, վթարների, տեխնոլոգիական պրոցեսների խախտումների մասին, որոնց հետևանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ բնակչության կյանքի և առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր աղտոտում:

           

Հոդված 9. Հիդրոօդերևութաբանական  գործունեության օբյեկտները և այդ

գործունեության արդյունքների օգտագործման ուղղությունները

           

Հիդրոօդերևութաբանական գործունեության օբյեկտներն են կլիման, օդերևութաբանա-կան և հիդրոլոգիական պայմանները:

Հիդրոօդերևութաբանական գործունեության արդյունքները կարող են օգտագործվել տըն-տեսության բոլոր ճյուղերում, ինչպես նաև կարող են օգտագործել օտարերկրյա պետություն-ները և միջազգային կազմակերպությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

 

Հոդված 10. Հիդրոօդերևութաբանական  գործունեության բնագավառում Լեռնային  

                    Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության ընհանուր պետական կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարությունը, որը`

ա) ապահովում է հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրերը.

գ) հանրապետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների պատվիրատուն է:

 

Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունը

 

Լեռնայն Ղարաբաղի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:

Լիազորված մարմնի հիմնական իրավասությունն են`

ա) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրագործումը, մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.

բ) հիդրոօդերևութաբանական  գործունեության  բնագավառում  գործառույթների իրականացման ապահովումը.

գ) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում մեթոդների և ստանդարտների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի  նախագծերի նախապատրաստումը.

դ) Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի ձևավորումը, գործունեության և զարգացման ապահովումը.

ե) սահմանված կարգով հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն հավաքող, մշակող, վերլուծող, պահպանող և օգտագործող պետական կառույցների ստեղծումն ու դրանց գործունեության ապահովումը.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, զինված ուժերին, ազգաբնակչությանը և այլ սպառողներին հիդրոօդերևութաբանական ձեռնարկներով, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող հույժ շտապ տեղեկատվությամբ ապահովումը.

է) միջազգային, հանրապետական և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ցանկի սահմանումը, դրանց կատարման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների և այլ արտադրանքի մատուցումը.

ը) հիդրոօդերևութաբանական երևույթների գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, հանրապետական և տեղական նշանակության գիտական հետազոտությունների կազմակերպումը.

թ) պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական պետական ֆոնդի ստեղծումն ու վարումը.

ժ) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների մեթոդների, հաշվարկների, կանխատեսումների, տվյալների, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում միասնականության ու համադրելիության ապահովումը.

ժա) տնտեսության և բնակչության անվտանգության շահերի օգտին հիդրոօդերևութաբանական և երկրաֆիզիկական այլ երևույթների վրա ակտիվորեն ներգործելու աշխատանքների կազմակերպումն ու կատարումը.

ժբ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության ապահովումը.

ժգ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը:

Լիազորված մարմնի` հիդրոօդերևութաբանական գործունեությանը վերաբերող ակտերը պարտադիր են այդ գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար:

 

Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգը

 

Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգում ընդգրկվում են`

ա) պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը.

բ) գերատեսչական հիդրոօդերևութաբանական  ծառայությունները.

գ) հիդրոօդերևութաբանական  երևույթների դիտարկումներ իրականացնող տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկվում են`

ա) դիտարկումների պետական ցանցը, որի կազմում ընդգրկվում են օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, ավիաօդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և այլ մասնագիտացված դիտակետերը, կայանները, ծառայությունները և կենտրոնները, ներառյալ` ճառագայթային, արևային, մագնիսային մոնիթորինգի կենտրոնները.

բ) քիմիական և ռադիոլոգիական լաբորատորիաները.

գ) միջազգային հիդրոօդերևութաբանական  ցանցի արբանյակները.

դ) ավիալաբորատորիաները, գիտահետազոտական նավերը և դիտարկումային այլ լողամիջոցները.

ե) դժվարամատչելի տեղանքում գտնվող կայանները.

զ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների փաստացի ու կանխատեսվող տեղեկատվություն հավաքելու, մշակելու, տարածելու և սպառողներին ապահովելու միասնական պետական կառույցը.

է) հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական պետական ֆոնդը.

ը) հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունները:

 

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

Հոդված 13. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ

                    պաշտոնական հաղորդումներ տալու իրավունքը

 

Բնակչության կյանքի, առողջության անվտանգության, սեփականության պահպանման ապահովման հետ կապված պաշտոնական նախազգուշացումները, կանխատեսումները և տե-ղեկատվական մյուս արտադրանքն սպառողներին հաղորդում է միայն լիազորված մարմինը:

 

Հոդված 14. Հիդրոօդերևութաբանական  ծառայության գործունեությունը

                     օդերևութաբանության բնագավառում

 

Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեությունը նպատակաուղղված է հողային և ջրային մակերեսների հետ փոխազդեցության պայմաններում մթնոլորտում բնական օդերևութաբանական երևույթների, տեխնածին, ֆիզիկական, քիմիական և այլ պրոցեսների վիճակն ու զարգացումը որոշելուն:

Օդերևութաբանության բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության հիմնական խնդիրներն են`

ա) շահագրգիռ պետական մարմիններին և տնտեսավարող սուբյեկտներին օդերևութաբանական պրոցեսների և երևույթների մասին տեղեկատվությամբ անմիջականորեն ապահովելը.

բ) վտանգավոր և տարերային մթնոլորտային երևույթների վերաբերյալ (կլիմայական, օդերևութաբանական այլ փոփոխությունների մասին) պետական մարմիններին, իրավաբանական անձանց և բնակչությանն ահազանգելը.

գ) կանխատեսող ծառայություններին օդերևութաբանական պայմանների կանխատեսումներով և սպասվելիք անբարենպաստ պայմանների մասին անհրաժեշտ տվյալներով ապահովելը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նրա առանձին տարածաշրջաններում  օդերևութաբանական և ճառագայթային ռեժիմի մասին հավաստի տվյալներ ամփոփելն ու կուտակելը:

 

Հոդված 15. Հիդրոօդերևութաբանական  ծառայության գործունեությունը

                    հիդրոլոգիայի բնագավառում

 

Հիդրոլոգիայի բնագավառում հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեությունն իրականացվում է գետերի, լճերի, ջրամբարների, ջրանցքների, ճահիճների, ստորգետնյա աղբյուրների, ջրային այլ օբյեկտների և ջրային պաշարների մասին տվյալներ հավաքելու նպատակով, որոնք անհրաժեշտ են`

ա) ջրային օբյեկտների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխության մասին (ջրհեղեղներ, հեղեղումներ և այլն) տեղեկատվությամբ բնակչության և տնտեսության պահանջմունքները բավարարելու համար.

բ) հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափություններն ուսումնասիրելու, ջրերի պետական հաշվառում կատարելու, ջրային կադաստր վարելու, ջրավազանների և տարածքների ջրային ռեսուրսներն ու ջրային հաշվեկշիռները հաշվարկելու, ջրային օբյեկտների ռեժիմի և ջրային պաշարների վրա տնտեսական գործունեության ազդեցությունը գնահատելու համար:

 

Հոդված 16. Հիդրոօդերևութաբանական գործունեությունը հատուկ պայմաններում

 

Հիդրոօդերևութաբանական գործունեությունը հատուկ պայմաններում (տարերային աղետներ, վթարներ և այլ արտակարգ իրավիճակներ ու դրանց հետևանքների վերացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և հետևանքների վերացման միասնական պետական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Տարերային աղետների և վթարների դեպքում, որոնց հետևանքով տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի աղտոտում, իրականացվում են լրացուցիչ դիտարկումներ:

Հատուկ պայմաններում հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17. Զինված ուժերի հիդրոօդերևութաբանական սպասարկումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղաբաշխված զինված ուժերին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությամբ ապա-հովումն իրականացվում է սույն օրենքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռազմական դրություն մտցնելու դեպքում պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն ամբողջ կազմով կարող է անց-նել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

 

Հոդված18. Հիդրոօդերևութաբանական գործունեությանը և նրա արդյունքների

                    տրամադրման ձևերին ներկայացվող պահանջները

 

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են պահպանել հիդրոօդերևութաբանության բնագավառում գործող մեթոդներին, միջպետական և ազգային  ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխան դիտարկումներ իրականացնելու, տվյալներ հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահպանելու և օգտագործելու  վերաբերյալ լիազորված մարմնի ընդունած ակտերի պահանջները:

Հիդրոօդերևութաբանական գործունեության արդյունքները պետք է ձևակերպվեն սույն օրենքի և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 19. Դիտարկումների ցանցի օբյեկտները և դրանց պահպանությունը

 

Դիտարկումների ցանցի օբյեկտ է Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի և միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի սկզբնական արտադրական միավորը, որն անմիջականորեն կատարում է դիտարկումներ, մշակում և հիդրոօդերևութաբանական կենտրոններին հայտնում է հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների արդյունքները:

Դիտարկումների ցանցի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության կազմում ընդգրկված օբյեկտների ընդհանրությունը հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների պետական ցանցն է:

Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվության ստացման նպատակով հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներ իրականացնող օբյեկտների տարածքում ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որի կարգը և սահմանափակումների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների քանդումը և վերահիմնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտի կառուցման համար տարածքների և այդ կետերի պահպանական գոտիների հատկացումը պետական և հասարակական կարիքների համար իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 20. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ 

                    տեղեկատվությունը

           

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ  տեղեկատվությունը դիտարկումների հիման վրա ստացված տվյալներն են, ինչպես նաև այդ տվյալների մշակման և վերլուծման հետևանքով ստացված տեղեկություններն ու կանխատեսումները:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստացված տեղեկատվությունը դասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական ռեսուրսների շարքին:

Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքի 7-րդ հոդվածում նշված տեղեկատվության շարքին դասված տվյալների, բաց և հանրամատչելի է:

 

Հոդված 21. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ

                     տեղեկատվության տրամադրման պայմանները

           

Սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անհատույց ու վճարովի:

Անհատույց տրամադրվում են`

ա) հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվությունը, որի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական մարմինների ապահովման համար նախատեսված տվյալները և տեղե-կատվական արտադրանքը.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության  առկայության և դրանց տրամադրման պայմանների մասին տվյալները:

Սպառողներից, բացի պետական մարմիններից, վարձավճարը գանձվում է միայն այն ծառայությունների համար, որոնք առնչվում են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրո-ցեսների վերաբերյալ ընդհանուր նշանակության տեղեկատվությունն առանձնացնելու, պատճենահանելու, բազմացնելու, փոստով առաքելու կամ կապի այլ միջոցներով հաղորդելու հետ:

Լիազորված մարմինը պարտավոր է սպառողներին տեղեկացնել տեղեկատվական սպասարկում իրականացնող ծառայությունների, տեղեկատվության ցանկի և տրամադրման ձևերի մասին:

 

Հոդված 22. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների

                    վերաբերյալ տեղեկատվության սկզբնաղբյուրի վկայումը

 

Այն իրավաբանական անձինք, որոնք աշխատանքների վարձատրության, էներգետիկ ռեսուրսների ծախսի, վնասակար նյութերի արտանետումների ազդեցության գնահատման հաշվարկներում օգտագործում են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ մասնագիտացված տեղեկատվություն, պարտավոր  են ունենալ այդ տեղեկատվության ծագումը հաստատող փաստաթուղթը` տրված լիազորված մարմնի կողմից:

           

Հոդված 23. Հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների`

                    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական

                    պետական ֆոնդը 

                  

Հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի բոլոր տվյալները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող  Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգի սուբյեկտներից, կազմում են հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության միասնական պետական ֆոնդը, որը գտնվում է հիդրոօդերևութաբանության բնագավառում լիազորված մարմնի տնօրինության ներքո:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ֆոնդի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող նյութերի և տվյալների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

Հիդրոօդերևութաբանական նյութերի և տվյալների մասին  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  միասնական  պետական  ֆոնդի  արխիվային  ֆոնդին  պատկանող փաստաթղթերը լրացվում, մշակվում, պահպանվում և օգտագործվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 24. Հիդրոօդերևութաբանական գործունեության ֆինանսավորումը

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.

բ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվություն սպառողների վճարումների հաշվին.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական գործունեության տեսակները, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, այլ միջպետական հիդրօդերևութաբանական կազմակերպությունների անդամավճարները, ինչպես նաև տարերային աղետների և վթարների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հատուկ աշխատանքները:

Տարածաշրջանային և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանության բնագավառի ծրագրերը ֆինանսավորվում են համապատասխան բյուջեի միջոցների հաշվին:

Ընթացիկ տարվա համար բյուջետային ֆինանսավորման ծախսերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքով` պետական բյուջեում նշելով առանձին տողով:

Հիդրոօդերևութաբանական գործունեություն կարող է իրականացվել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով, պայմանագրային հիմունքներով` առանց նվազեցնելու բյուջետային միջոցների, ինչպես նաև էկոլոգիական և այլ հիմնադրամների հաշվին ֆինանսավոր-վող աշխատանքների ծավալները: Հիդրոօդերևութաբանական ծառայության զարգացմանը, հիդրոօդերևութաբանական գոր-ծունեության մասնակիցների սոցիալտնտեսական ծրագրերի կատարման արդյունավետության և գիտատեխնիկական հզորության բարձրացմանը նպաստելու նպատակով հիդրոօդերևութաբանական ծառայությունում կարող են ստեղծվել հիմնադրամներ, որոնց ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է այդ հիմնադրամների մասին կանոնադրություններով: Դրանք հաստատում է լիազորված մարմինը:

 

Հոդված 25. Հիդրոօդերևութաբանական գործունեության նյութատեխնիկական

                     ապահովումը

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության նյութատեխնիկական ապահովումը, կապ-ված միջազգային, պետական և տարածաշրջանային  հիդրոօդերևութաբանական ծրագրերի նախագծերի և դիտարկումների, ինչպես նաև պետական պատվերի կատարման հետ, իրա-կանացվում է պետական և համայնքների բյուջեների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 26. Հիդրոօդերևութաբանական գործունեության մասնակիցների միջև 

                     վեճերի  լուծումը

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության մասնակիցների միջև  ծագած վեճերը  լուծվում են դատական կարգով:

Պետական հիդրոօդերևութաբանական ծառայության ստորաբաժանումների, ինչպես նաև գերատեսչական հիդրոօդերևութաբանական  ծառայությունների միջև ծագած վեճերը, ըստ են-թակայության քննության են առնում նրանց վերադաս մարմինները կամ քննության են առնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 27. Հիդրոօդերևութաբանական  գործունեության բնագավառում                     խախտումների համար պատասխանատվությունը

           

 Հիդրոօդերևութաբանական  գործունեություն իրականացնելիս իրավաբանական և ֆիզիկական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում`

ա) հիդրոօդերևութաբանական դիտարկումներ կատարելու և այդ առնչությամբ տեղեկատվություն հավաքելու, մշակելու, վերլուծելու, պահելու և սպառողներին մատուցելու կանոնների և պահանջների խախտումների համար.

բ) վթարային իրավիճակների, շրջակա բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության բացահայտված օջախների մասին հույժ շտապ տեղեկատվությունը խեղաթյուրելու, չհա-ղորդելու կամ ուշացումով հաղորդելու, վտանգի չափերը թաքցնելու համար.

գ) դիտարկումների ցանցի օբյեկտները միտումնավոր փչացնելու կամ ոչնչացնելու համար.

դ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների օգտագործման կարգը խախտելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 28. Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգը

                    և միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցը

 

Լեռնային Ղարաբաղի հիդրոօդերևութաբանական համակարգը միջազգային հիդրո-օդերևութաբանական ցանցի բաղկացուցիչ մասն է:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցում է հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների և տեղեկատվության փոխանակման համընդգրկուն (գլոբալ) և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը:

 Լիազորված մարմինը ներկայացնում և պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների հիդրոօդերևութաբանական  ծառայությունների հետ համագործակցելիս, ինչպես նաև  համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հիդրոօդերևութաբանության բնագավառում իրականացվող  միջազգային գործունեությունը:

           

Հոդված  29. Միջազգային համագործակցությունը հիդրոօդերևութաբանական

                      գործունեության բնագավառում

 

Հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա  իրավաբանական  անձանց, միջազգային  կազմակերպությունների հիդրոօդերևութաբանական  գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ իրավական ակտերով և Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

 Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                             Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

5 ապրիլի  2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-40