«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 282-րդ հոդվածը «դրոշմանիշներով» բառից հետո լրացնել «(դրոշմապիտակներով)» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 3-6-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատար­ված պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում` հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով:

Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները` արտարժույթով, ավանդային հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվները` արտարժույթով:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներում հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկում առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:

Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):

Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:

Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:

Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև` այլ անձանց ու մարմիններ:

Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

          Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերաբերյալ, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է՝

1) արգելանք դնելուց հետո` երկամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացվելու դեպքում.

2) հարկ վճարողի կողմից պարտավորությունն ամբողջությամբ կատարվելու դեպքում.

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.

4) դրանով ապահովված պարտավորության գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան ներկայացված հայցի մերժման դեպքում:

Պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության վճարման անդորրագիրը կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է: Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

- հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին.

- հարկ վճարողի հետ կնքվել է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց:

Այլ գույքի նկատմամբ արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ սույն հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:

Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ հարկային մարմինն ընդունում է որոշում, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապան անձին:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել որոշումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կամ դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին՝ ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Հարկ վճարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքի 2-րդ հոդվածի` էլեկտրոնային փաստաթղթերին վերաբերող պահանջներն ուժի մեջ են մտնում ծրագրային ապահովման ներդրումից հետո:

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                                                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 2014թ. դեկտեմբերի 29

 Ստեփանակերտ

 ՀՕ-57-Ն