Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի «(մասնավորապես` ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերը փոխարինել «(մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով, կամ հանձնել ըստ պատկանելության)» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
«Հոդված 15.1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր է կազմակերպությունների և եկամտային հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերի համար:
Սույն հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 4. Օրենքի 201-րդ հոդվածի վերջին նախադասությունը «ընդհանուր կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի և եկամտային հարկի հաշվարկի, որոնք ներկայացվում են փաստը տեղի ունենալու ամսվանից սկսած` այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի`
1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի պարտավորությանը համարժեք գույքի վրա արգելանք դնել, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:».
2) վեցերորդ պարբերությունում «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում» բառերը փոխարինել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, արգելանք դնելուց հետո` մեկամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացնելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում» բառերով.
3) իններորդ պարբերությունում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների» բառերով.
4) տասներորդ պարբերության 1-ին կետի «ե» ենթակետում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) երկրորդ պարբերությունում «եկամտահարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների» բառերը փոխարինել «եկամտային հարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի» բառերով.
2) երրորդ պարբերությունում «հավելվածով սահմանված» բառերը փոխարինել «հավելված 1-ով սահմանված» բառերով:
Հոդված 7. Օրենքի հավելվածը համարակալել N 1 հավելվածի:
Հոդված 8. Օրենքի N 1 հավելվածի`
1) 1-ին գլխի 4-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի «եկամտահարկը» բառը փոխարինել «, եկամտային հարկը» բառերով,
բ. 6-րդ ենթակետում «(եկամտահարկով)» բառը փոխարինել «(եկամտային հարկով)» բառերով.
2) 2-րդ գլխում «(այդ թվում` կանխավճարի վճարման)» բառերը փոխարինել «(այդ թվում` կանխավճարի, նվազագույն գումարների վճարման)» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
Հոդված 10. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-92-Ն
Հավելված
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքի
«Հավելված N 2
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով սահմանվում է հարկ վճարողների և հարկային գործակալների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով` հարկ վճարողներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգը:
- Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունները կազմվում են գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին համապատասխան (բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի պահանջի) և ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված հարկային մարմին առձեռն ներկայացվող հաշվետվությունը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
- Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկատեսակների և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ժամանակացույցը հաստատում է հարկային մարմինը:
- Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում` առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով.
էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը և կիրառումը կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով.
էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցություն, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ, նույնականացնելու էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:
- Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`
1) նույնականացման քարտի ստացում.
2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի (անձանց) անձնագրային տվյալները և հանրային ծառայության համարանիշը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշած ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.
3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.
4) էլեկտրոնային ստորագրության ակտիվացում.
5) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունների ներկայացում և տեղեկատվության փոխանակում:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների համար:
- Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) հարկ վճարողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու վերաբերյալ.
2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, նույնականացման քարտ (նույնականացման քարտ չունենալու դեպքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացած էլեկտրոնային ստորագրության և ստորագրության ստուգման տվյալներ).
3) ԷՆՊ, որը լրացվում և կնքվում է հարկային մարմնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
- Հարկ վճարողին, հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմինը, ապահովելով գաղտնիությունը, առձեռն տրամադրում է համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքերում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտանաբառի վերականգնումը կամ նոր գաղտնաբառի տրամադրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով` համաձայն ԷՆՊ-ի:
- Հարկ վճարողն էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`
1) հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.tax.nk.am)` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնում էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում և հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ.
2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխանող հաշվետվությունը ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում հարկային մարմին` վերջինիս կողմից սահմանված կարգով.
3) էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի հարկ վճարողի համապատասխան դարան, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը, հաստատում, որից հետո հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:
- Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) ներկայացնում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Վերջինս կհանդիսանա հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն ունի տպելու իր ուղարկած հաշվետվությունը, ինչպես նաև վերը նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունները փոփոխման ենթակա չեն:
- Մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնելու դեպքում (այդ թվում` թղթային տարբերակով) նախորդ հաշվետվությունները պահպանվում են տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը պահպանվում է որպես ճշգրտված հաշվետվություն: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով պատասխանատվություն նախատեսված լինելու դեպքում համակարգն ավտոմատ ուղարկում է ծանուցում պատասխանատվություն նշանակելու մասին:
- Թղթային և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային կրիչներով ներկայացված հաշվետվությունները մշակում է հարկային մարմինը և 15-օրյա ժամկետում ապահովում է մշակված տվյալների հասանելիությունը հարկ վճարողին` տեղադրելով հարկային մարմնի կայքէջի` հարկ վճարողի համապատասխան դարանում կամ հարկային մարմնի կողմից այլ եղանակ սահմանված լինելու դեպքում` դրանց միջոցներով:
- Հարկային մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:»: