Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) սահմանված կարգով դիմել հարկային մարմին` պարզաբանում ստանալու համար:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 20. Սույն օրենքի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը (այսուհետ` տեղեկություններ):
Սույն օրենքի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
Հարկ վճարողներն իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և այլ փաստաթղթերը ներկայացնում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարկ վճարողները պարտավոր են առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմին: Սույն մասում նշված ապրանքների, ծառայությունների ցանկը և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններ ներկայացնել իրենց հետ գործառնություններ իրականացնող և (կամ) իրենցից եկամուտ ստացող և (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ` «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով հարկային մարմինը կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին:
Ըստ աղբյուրների` երրորդ անձանց կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` իրավաբանական անձ գրանցելու վերաբերյալ.
2) բնակչության պետական ռեգիստր վարող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի և նույնացման քարտերի վերաբերյալ.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ.
4) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացված ստուգումների այն արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը.
5) առևտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ.
6) գույքի հաշվառում կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից ներկայացվող հետևյալ տեղեկությունները`
ա. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ,
բ. տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ,
գ. ջրային, օդային փոխադրամիջոցների վերաբերյալ,
դ. անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների կամ մեխանիզմների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ.
7) նոտարի կողմից տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
8) հարկ վճարողները տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի, կապի ծառայության մատակարարման գործարքների վերաբերյալ.
9) պետական գնումների գործակալությունը տեղեկություններ է ներկայացնում կազմակերպությունների կողմից պետական գնումների (պատվերների) շրջանակներում կնքված պայմանագրերի վերաբերյալ:
Սույն հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում երրորդ անձանց կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների և հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները հարկային մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող է ստանալ նշված մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազայից: Հարկ վճարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ նշված անձանց և հարկային մարմնի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:
Տեղեկություններ կարող են տրամադրվել նաև կամավորության սկզբունքով:
Կամավորության սկզբունքով տրամադրվող տեղեկությունները հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու և օրենքով սահմանված կարգով հարկ վճարողի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար:
Կամավորության սկզբունքով հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունները հարկային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կարգով հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկելիս և 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:
Բանկային, առևտրային և հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 201-րդ հոդվածի`
1) 1-ին մասի առաջին նախադասությունը «լիցենզավորման ենթակա գործունեություն չիրականացնող» բառերից հետո լրացնել «և լիցենզիա չունեցող» բառերով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «և այլ տեղեկությունները» բառերը.
2) 3-րդ մասը «գործունեություն իրականացնելու» բառերից հետո լրացնել «և (կամ) լիցենզիա ունենալու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկությունների» բառերը, իսկ «այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման փաստացի գների ամրագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալների վրա» բառերը փոխարինել «օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա» բառերով.
2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 221-րդ հոդվածում`
1) 1-ին և 3-րդ մասերի «չափագրումների արդյունքների միջև» բառերը փոխարինել «չափագրումների արդյունքների և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված մեծությունների միջև» բառերով.
2) 2-րդ և 3-րդ մասերի «չափագրումների արդյունքով արձանագրված» և «չափագրումների արդյունքներով արձանագրված» բառերը փոխարինել «չափագրումների արդյունքով արձանագրված և (կամ) օրենքով նախատեսված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկված» բառերով:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը «գումարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա այլ գումարները» բառերով.
2) 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտահարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով` հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:».
3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
Հոդված 8.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-65-Ն
Հավելված
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
օրենքի
«Հավելված
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի
ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
I. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող հարկերի գումարները օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի՝ պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:
2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների մասով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, հիմնարկների), դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) կողմից պետական բյուջե վճարած այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը նախատեսված է օրենքով:
3. Օտարերկրյա անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման նպատակով սույն կարգը չի կիրառվում:
4. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`
1) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, առևտրի հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը և հողի հարկը.
2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.
3) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաև ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.
4) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.
5) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` վճարված հաստատագրված վճարի գումարը.
6) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտահարկով) և ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում` հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված առևտրի հարկի գումարները.
7) օրենքով սահմանված կանխավճարների գումարները` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
II. ԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`
գերավճար` սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկատեսակի համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) հարկ վճարողին վերադարձման ենթակա գումար, կամ հարկատեսակի պարտավորությանը գերազանցող գումարով այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար.
գերավճարից տարբերվող գումար` գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց: Մասնավորապես` գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1-ին գլխի 4-րդ կետի 2-6-րդ ենթակետերում նշվածները.
հաշվանցվող գումար` փաստացի վճարման, այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակի դիմաց հաշվանցման կամ հարկատեսակի հաշվարկի ներկայացման արդյունքում, ինչպես նաև դատարանի վճռով պետական բյուջեի հանդեպ տվյալ հարկատեսակի պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար.
հաշվանցում` տվյալ կամ այլ հարկատեսակի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում, պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկատեսակի մասով հարկ վճարողի հանդեպ պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվից հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.
հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա.
ապառք` սահմանված ժամկետում չկատարված` հարկի վճարման պարտավորություն.
գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ` գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկային պարտավորությունների հաշվին.
հարկի չհաշվանցվող մնացորդ` հարկի դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկի չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`
ա. հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,
բ. այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,
գ. այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.
հարկի դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ հարկի չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:
III. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՐՈՒՄԸ
1. Որևէ օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը, հարկի դեբետային մնացորդում գերավճարի, գերավճարից տարբերվող գումարի, չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետևյալ կանոններով`
1) հաշվի առած գումարների մեծությունները` ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին.
2) հերթական հարկային պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը).
3) որևէ ամսաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:
2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:
IV. ԱՊԱՌՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ
1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի ապառքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում է տույժ` մինչև այլ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին, սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում այլ հարկատեսակների գծով մինչ այդ հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:
3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (այլ վճարների, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում` դրանց մասով ապառքների նկատմամբ տույժերը հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4. Եթե հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ստուգմամբ (վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր:
V. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացվում են գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:
2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող հարկային պարտավորությունների հաշվին:
3. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարից տարբերվող գումարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե այն`
1) սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում` հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու) արդյունք է.
2) պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է մարված համարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին.
3) ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից.
4) առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալներ կամ վավերապայմաններ:
4. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չէ:
VI. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`
1) առանց ուսումնասիրության կամ ստուգման.
2) կամերալ ուսումնասիրությամբ.
3) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ.
4) պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգմամբ:
2. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն մասում նշված եզրակացության ձևերը սահմանում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):
VII. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Սույն կարգին համապատասխան` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում կամ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում՝ անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), հարկատեսակի հաշվարկները, հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, գնորդների և մատակարարների հետ կնքած պայմանագրերը, պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում` կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը), մատակարարների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, հարկային հաշիվներ և այլն), ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքում` իրավասու մարմնի տված` օրենքով նախատեսված տեղեկանքը և այլ փաստաթղթեր:
2. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքերում այդ կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած` օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվները:
VIII. ԳԵՐԱՎՃԱՐԻ ԿԱՄ ԳԵՐԱՎՃԱՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ
ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է առանց ուսումնասիրության, եթե`
1) գերավճարը կարող է արձանագրվել հարկի` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ.
2) պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում.
3) գերավճարի գումարը չի գերազանցում 100.0 հազար դրամը և ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:
2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների) մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում է կամերալ ուսումնասիրությամբ, եթե`
1) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդն արձանագրելու համար.
2) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեսչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտություն անցկացնել հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:
3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է հարկ վճարողի մոտ անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ` ուսումնասիրություն):
4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունն արձանագրվում է ուսումնասիրությամբ, իսկ այդ գումարի հիմնավորվածությունը` սույն կարգի 6-րդ գլխի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ գլխով նախատեսված դեպքերում:
5. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաև հարկ վճարողի դիմումով:
6. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
IX. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ
ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով (այսուհետ` դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև առանց դիմումի:
2. Որևէ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300.0 հազար դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:
3. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա` հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով:
4. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:
X. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
ՀԱՇՎԱՆՑՄԱՆԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի մասով հաշվարկված տույժերը, տուգանքները, ապա` հարկի գումարը:
2. Հաշվի առնելով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի մեծությունը` այդ գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը, ապա` հաջորդ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել հարկատեսակների մասով պարտավորությունների մարման հերթականությունը`
1) նախ մարվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանքը.
2) որևէ հարկատեսակին չվերաբերող` օրենքով սահմանված այլ տուգանքները.
3) այն հարկատեսակի մասով հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածները:
3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք հարկային պարտավորությունների մարմանը:
XI. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Որևէ հարկատեսակի գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո: Սույն կետի կիրառման առումով շահութահարկի կամ եկամտահարկի մասով հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում հարկատեսակի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետը:
2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա կարող է ուղղվել հարկային մարմնի կողմից չհաշվառվող` հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը:
3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:
XII. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ
ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Կամերալ ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն և ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Առանց հարկ վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`
1) հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում` կամերալ ուսումնասիրության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում` համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել հարկի գումարները:
XIII. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`
1) վճարողի կողմից չեն uտեղծվել ուuումնաuիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել հարկերի հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).
2) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուսումնասիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը:
2. Առանձին հարկատեսակի կամ գործարքի մասով ոչ ամբողջական փաստաթղթեր ներկայացնելու կամ ուսումնասիրության անցկացումն անհնարին լինելու դեպքերում ուսումնասիրության ժամկետի ընթացքը (հաշվանցման և (կամ) վերադարձման ժամկետի ընթացքը) հարկային մարմինը կաuեցնում է միայն այդ հարկատեսակի կամ գործարքի մաuով:
3. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում հարկ վճարողը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:
4. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են հարկի չհաշվանցվող մնացորդից:
XIV. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց հարկ վճարողի դիմումի, եթե հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են ավելացված արժեքի հարկով կամ ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր:
2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման արդյունքներով, եթե հարկ վճարողը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:
3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման և ձեռքբերումների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի մասով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:
4. Հարկային հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ կամ վերստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները, կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր, կամ հարկային պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել է չհիմնավորված):
XV. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ(ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի մասով տվյալ հարկատեսակի հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` հարկատեսակի հաշվարկի ներկայացմամբ: Նշված հաշվանցումների ուսումնասիրություններ կարող են անցկացվել, եթե`
1) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով հայտնաբերվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում կամ տեղեկություններում արտացոլված տվյալների միջև անհամապատասխանություններ կամ անճշտություններ, և դրանց վերաբերյալ հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկներ կամ հիմնավորված բացատրություններ չեն ներկայացվել.
2) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով պարզվել է, որ հարկ վճարողի մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում աճում է պետական բյուջեից հաշվանցվող գումարի մեծությունը.
3) հարկ վճարողի կողմից ներմուծումների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռքբերումների ծավալը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գերազանցել է իրացված ապրանքներից հասույթը:
2. Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության ընթացքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր հայտնաբերելու դեպքերում հարկային մարմինն իրավասու է սույն կարգին համապատասխան անցկացնելու ստուգում:
XVI. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):
2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային մարմնի կազմած եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում` եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձները օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:
4. Հարկային մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:
5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը` գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առևտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:
6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (այդ ժամկետների ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:
XVII. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:»: