Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ հոդվածով.
«Հոդված 201. Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանքային պայմանագրերով աշխատող (այսուհետ` վարձու աշխատող) չունեցող, լիցենզավորման ենթակա գործունեություն չիրականացնող այն անհատ ձեռնարկատերերը, որոնց նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 36 միլիոն դրամը, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարագիր` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները կիսամյակային ներկայացնելու համար: Անկախ սույն մասում նշվածից` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարությունները և այլ տեղեկությունները ներկայացվում են այդ օրենքով սահմանված ժամկետներում:
Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) և (կամ) վկայականը հարկային մարմին հանձնած անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պետական գրանցման և (կամ) վկայականի հետ՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Հայտարարագրվող ժամանակահատվածում վարձու աշխատող ունենալու և (կամ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատերերը փաստը տեղի ունենալու կիսամյակին հաջորդող ամսվա 1-ից մինչև տվյալ տարվա վերջը հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները ներկայացնում են այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 2.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 286-րդ հոդվածով.
«Հոդված 286. Անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 201-րդ հոդվածով սահմանված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:»:
Հոդված 3.Օրենքի 29-րդ հոդվածում «283-285-րդ» բառերը փոխարինել «283-286-րդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը 2009 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները ներկայացնում են կիսամյակային, եթե հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել 2009 թվականի հուլիսի 1-ից մինչև 20-ը ներառյալ: Ընդ որում, վարձու աշխատող չունենալու պայմանը համարվում է բավարարված, եթե 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրենց մոտ վարձու աշխատող չունեն:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-29-Ն