Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1.«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1998 թվականի, ՀՕ-23, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):»:
Հոդված 2.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով.
«Հոդված 221. Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար կամ առևտրի հարկ) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի և այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող օբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:
Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքով արձանագրված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջև 20 և ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:
Հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվետվությունների տվյալների և վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջև էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքներով արձանագրված տվյալների (ներառյալ` ծախսերի և կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության և շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքով արձանագրված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի է առնվում նաև սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային մարմնին` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը «օտարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 284 -րդ և 285 -րդ հոդվածներով`
«Հոդված 284. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաև այդպիսի ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով` հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`
1) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 միլիոն դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ
2) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստացել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ
3) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես, հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հաշիվների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդպիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ
4) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրել հաշվարկային փաստաթղթերը` նշելով իրենց տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, որի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում, կամ
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով այդ գործարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վերաբերյալ, և որը հիմնավորվել է տեղեկությունների ներկայացման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմինների կողմից կատարված հսկիչ գնումների արդյունքում:
Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններ ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաև այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաև սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով պատասխանատվության չկիրառման համար:
Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հարկ վճարողին:
Հոդված 285. Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առեւտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում «283 հոդվածների» բառերը փոխարինել «283-285-րդ և 32-րդ հոդվածների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունը «պարտավորություն» բառից հետո լրացնել «կամ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերող անձը սույն օրենքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերով:
Հոդված 8.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածը, 5-րդ հոդվածը` օրենքի 284-րդ հոդվածին վերաբերող մասով և 7-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-81-Ն