«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2006թ. մարտի 22-ին

      Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 25-րդ հոդվածի երկրորդ  պարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ`

            «Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների ճշտում չի իրականացվում:»:

           

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի ութերորդ  մասը  «դուրս չգրելու դեպքում»  բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված  հսկիչ գնումների հիման վրա,» բառերով:

        

         Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի ութերորդ և իններորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել  և ավելացնել հետևյալ բովանդակությամբ  նոր  մաս`

            «Հարկային մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած  ձևով  և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն`

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով 1.0 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարա-գրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) oգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող կազմակերպությունների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 10.0 մլն դրամ և ավելի  շահութահարկ վճարած հարկ վճարողների, ինչպես նաև 1.0 մլն դրամ և ավելի  շահութահարկ վճարած բանկերի  վերաբերյալ,  

ե) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 3.0 մլն. դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների  վերաբերյալ,

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող  ամսվա 25-ը`

            ֆինանսական տարվա սկզբից մեկ միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկերը` ըստ վճարված հարկերի մեծության` հաշվարկված  աճողական կարգով:»:

 

         Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում`

            ա) երկրորդ մասը շարադրել  հետևյալ խմբագրությամբ`

            «Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձևականորեն համապատասխանող վճարա-հաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջև փաստացի չի կատարվել կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:».

            բ) երկրորդ մասից հետո ավելացնել  հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր`

            «Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

            Անապրանք փաստաթղթեր դուրս գրած և ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որևէ մեկի) 20 և ավելի տոկոս շեղման դեպքում՝ շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամից:

            Սույն հոդվածի չորրորդ  մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք`  շեղման կրկնապատիկի չափով:

            Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ: 

            Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, և սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն կրում է  գործարքը կատարելու պարտավորություն:»:

           

            Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ՆԱԽԱԳԱՀ`                          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

19 ապրիլի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-277