Ընդունված է 1999թ. հոկտեմբերի 12-ին
Հոդված 1.«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 2. Օրենքի 23 հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալից) գանձվում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,2 տոկոսի չափով»:
բ) հանել երկրորդ մասը:
Հոդված 3. Օրենքի 28 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաեւ կատարվող աշխատանքները եւ մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչեւ հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:
Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում՝ այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային պետական վարչությունը կարող է օգտվել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
10 նոյեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-71