Ընդունվել է 1998թ. հունիսի 16-ին
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ՝ հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են՝
ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության (այսուհետ՝ հարկային վարչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով՝ հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:
Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:
Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) ցանկացած իրավաբանական անձն է (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա, օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը:
Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում են հարկային մարմինները:
Հոդված 8. Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում՝ հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան չի սահմանվում:
Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:
Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(փոփ. 10.11.99)
Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկ վճարողների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստացած եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկ վճարողների եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները՝
շահութահարկ.
եկամտահարկ.
ակցիզային հարկ.
ավելացված արժեքի հարկ.
գույքահարկ.
հողի հարկ:
Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները՝
հարկվող օբյեկտի նվազեցում.
հարկի դրույքաչափի նվազեցում.
հարկի նվազեցում.
հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում.
հարկային օրենսդրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում:
(փոփ. 31.12.99)
Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:
Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան չի նախատեսված:
Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:
Առանձին հարկատուների կամ հարկատուների խմբերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի հետ, կարող է սահմանել հարկերի, ինչպես նաև դրանց գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետների հետաձգում կամ տարաժամկետում£
(լրաց. 31. 12.99)
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի՝
ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին,
բ) հարկային մարմիններ ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,
գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները,
դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար:
Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ՝ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.
բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.
գ) սահմանված ժամկետներում հարկային մարմիններին ներկայացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.
դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.
ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար.
զ) ներկայացնել հարկային արտոնությունների՝ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
է) հարկային մարմինների ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերվող) փաստաթղթերում.
ը) հարկային մարմնի կազմած ստուգման ակտի փաստերի հետ չհամաձայնվելու դեպքում ներկայացնել ակտը չստորագրելու պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություն, որը կազմում է ակտի անբաժանելի մասը:
Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցում (լիցենզիա) ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողների հաշվառման համարներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:
Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար՝ նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրանց իրավահաջորդը (իրավահաջորդները):
Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումները ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային մարմիններին:
Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա՝ լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա՝ լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:
Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային վարչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային վարչությունը:
Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում հարկ վճարողների վերաբերյալ օրենքի խախտմամբ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:
Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:
Հոդված 20. Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հարկային մարմին տեղեկություններ հաղորդել հարկ վճարողների հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված հարկերի, հարկման նպատակով անհրաժեշտ տվյալների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրում են օրենքով սահմանված կարգով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզավորում) իրականացնող լիազորված մարմինները դրանց գրանցման (լիցենզավորման), ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալներ են հայտնում հարկային մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով՝
հարկ վճարողի ակտիվների.
հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների.
հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի.
գույքագրման և չափագրման տվյալների.
օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների.
համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմերի վրա:
Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալից) գանձվում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,2 տոկոսի չափով:
(փոփ. 10.11.99)
Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ չի սահմանված:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև՝ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Հոդված 24. Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը), հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում, այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ հարկի ընդհանուր գումարն է:
Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում՝ նաև այլ հաշվառում և (կամ գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերը և տեղեկությունները սխալ կազմելու համար վճարողից գանձվում է տուգանք՝ այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:
Հոդված 26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ձեռնարկատիրական, բանկային կամ այլ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում, հարկային պարտավորություններ են կրում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը:
Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ տուգանք՝ հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան չէ սահմանված:
Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը՝ հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:
Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:
(խմբ. 10.11.99)
Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաեւ կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Հարկային պետական վարչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է.
տուգանք՝ տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում՝ չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային պետական վարչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:
Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում՝ նաև այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող՝ հարկային օրենսդրությամբ կամ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային պետական վարչությունը կարող է օգտվել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված կարգով հարկային պարտավորությունների կատարումից:
Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28 հոդվածների համաձայն հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:
Հոդված 30. Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
Որպես հարկային պարտքը բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց՝ հարկային մարմինը հարկ վճարողների գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:
Հոդված 31. Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:
Հոդված 32. Եթե հարկային մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային մարմինը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը՝ մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:
Հոդված 33. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով՝ հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 34. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված տույժերի, տուգանքների, ապա հարկերի գումարների հաշվին:
Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձվում են այն դեպքերում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են սույն օրենքի 16 հոդվածում նշված հարկային պարտավորությունները:
Հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վճարողին վերադարձնում են Լեռնա յին Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և նրա տեղական մարմինները:
Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզաին հարկ) գծով հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարների վերադարձման առանձին կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 35. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:
Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
Հոդված 36. Հարկային մարմնի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ՝ բաց թողնված եկամուտը) հատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 37. Հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել հարկային վարչությանը, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային վարչության կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել դատարան՝ գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հարկ վճարողը և (կամ) նրա կողմից լիազորված անձը իրավունք ունեն մասնակցել գանգատի քննարկմանը:
Հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 38. Հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող հարկային մարմինն իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:
ԳԼՈՒԽ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 39. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի մարտի 17-ի օրենքը:
Հոդված 41. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1998 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:
Հոդված 42. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:
Հոդված 43. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է 1998 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում է նախկինում ընդունված կարգը:
Հոդված 44. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում մինչև 2001 թվականի հունվարի 1-ը այդ գումարներն իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմինների կողմից գանձվում են անվիճելի կարգով:
(խմբ. 31.12.99)
Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 37 և 38 հոդվածներով սահմանված կամ դատական կարգով:
Հոդված 45. Սույն օրենքի 39 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
5 օգոստոսի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-23