Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին


Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները:

 

Գ Լ ՈԻ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է  իրավական, կազմակերպական պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցության հիման  վրա.

պետական պահպանության օբյեկտներ` սույն օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք.

պահպանվող օբյեկտներ` պետական  պահպանության օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև  պետական պահպանության մարմնի կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ և տրանսպորտային միջոցներ.

պահպանական միջոցառումներ` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության համար պետական պահպանության  մարմնի կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում` ընդգրկելով նաև  անվտանգության ապահովման մյուս  պետական մարմինները.

անցագրային ռեժիմ` պահպանվող օբյեկտներ անձանց, տրանսպորտային միջոցների, իրերի մուտք և ելք կատարելու սահմանված կարգ:

 

Հոդված 2. Պետական պահպանության իրավական հիմքը

 

Պետական պահպանությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա:

 

Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները

 

Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրա-վունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, անընդհատության, քաղաքական անկախության, կենտրոնացված ղեկավարման, գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով:

 

Հոդված 4. Պետական պահպանության իրականացման միջոցառումները

 

Պետական պահպանությունն ապահովվում է հետևյալ  միջոցառումների իրականացմամբ.

1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության  տրամադրում.

2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.

4) պահպանվող օբյեկտներում` սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները

 

1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք,  այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել  է պետական  պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ:

2. Պետական պահպանություն տրամադրվում է`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից:

3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում: Այդ անձանց պահպանությունն  իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

 

Հոդված 6.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պետական

                  պահպանությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն` նրա մշտական և  ժամանակավոր  գտնվելու  վայրերում` սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող և (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական բարձրաստիճան

                 պաշտոններ զբաղեցնող այլ անձանց պետական պահպանությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին պետական պահպանություն տրամադրվում է նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում:

 

Հոդված 8. Պետական պահպանության ապահովման միջոցառումների իրականացումը

 

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում և 7-րդ հոդվածում նշված անձանց պետական պահ-պանության ապահովման միջոցառումներն իրականացվում են՝ ելնելով նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի բնույթից ու աստիճանից` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու այլ

                  անձանց անվտանգությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանության ապահովման  միջոցառումներն իրականացվում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև պետական պահպանությունն իրականացնող պետական մարմնի և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում, կարող է տրամադրվել պետական պահպանություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈԻ Խ 3

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 10. Պետական  պահպանություն իրականացնող մարմինը

 

1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահպանության վարչությունն է:     

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահպանության վարչության (այսուհետ՝ վարչություն) ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:

3. Վարչության ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

4. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը:

5. Վարչության ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:

6. Վարչության սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը՝ վարչության ղեկավարի ներկայացմամբ:

7. Վարչության կանոնադրությունը, կառուցվածքը, անձնակազմի թվաքանակը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:

8. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը, օրենսդրությամբ ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում, մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները:

 

Հոդված 11. Վարչության հիմնական խնդիրները

 

Վարչության հիմնական խնդիրներն են`

1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.

2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր  գտնվելու վայրում, այդ թվում` երթևեկության ժամանակ.

3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.

4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.

5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.

6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը,  կանխելը և խափանելը.

7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը:

 

Հոդված 12.  Վարչության  պարտականությունները

 

Վարչությունը պարտավոր է`

1) բացահայտել, կանխել և  խափանել պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված  հակաիրավական  ոտնձգությունները.

2) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական, ռեժիմային, տեխնիկական և այլ միջոցառումներ.

3) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթևեկում են պետական պահպանության օբյեկտները.

5) իր իրավասության շրջանակներում կազմակերպել և իրականացնել իր գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը և օպերատիվությունը.

6)  իրականացնել ծածկագրային  աշխատանքներ.

7) իրականացնել իր գործունեության տեղեկատվական վերլուծական ապահովումը.

8) կազմակերպել և իրականացնել պետական պահպանության բնագավառի մասնագետների պատրաստում, ծառայողների վերապատրաստում և որակավորման բարձրացում.

9)  ապահովել  սեփական անվտանգությունը.

10) համապատասխան մարմինների հետ համագործակցելով` իրականացնել միջոցառումներ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.

11) իր իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել օտարերկրյա  պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և համապատասխան կազմակերպությունների հետ:

       

Հոդված 13.  Վարչության իրավունքները

        

Վարչությունը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի`                 

1) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստման և իրականացման նպատակով ներգրավել անհրաժեշտ ուժեր և միջոցներ.

2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող  օբյեկտներում կազմակերպել և  իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ  համապատասխան ծառայությունների ներգրավմամբ` նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային վերահսկողություն.

4) պահպանվող օբյեկտներ մուտք և ելք կատարելու ժամանակ ստուգել պաշտոնատար անձանց և քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաև նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում` կիրառելով տեխնիկական միջոցներ.

5) կատարել փաստերի և իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում և  տեսանկարահանում.

6) ձերբակալել  և համապատասխան մարմիններին հանձնել պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում իրավախախտումներ կամ  իրավախախտման փորձ կատարած այն անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաև ապօրինաբար մուտք են գործել կամ փորձ են արել ապօրինաբար մուտք գործել  պահպանվող օբյեկտներ.

7) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին միջնորդել` վերացնելու պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգությանն սպառնացող պատճառները և պայմանները.

8) անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգության համար:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա վարչության ղեկավարությունը այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին, որն էլ իր հերթին` դատախազին.

9) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների  և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային  միջոցների և  քաղաքացիների գտնվելը որոշակի վայրերում և օբյեկտներում, ինչպես նաև տեղափոխել տրանսպորտային միջոցներն  այդ  վայրերից.

10) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ  տեղեկատվություն.

11) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

12) թույլատրել ծառայողներին` օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն և հատուկ միջոցներ.

13) ապահովել սեփական անվտանգությունը.

14) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իր իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական և այլ  միջոցներ, ինչպես նաև  պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների  անվտանգության ապահովման կարգի և պայմանների մասին.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել իր իրավասությանը վերաբերող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի  մշակմանը և կնքել  միջգերատեսչական պայմանագրեր:

 

Հոդված 14. Վարչության համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                      կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների

                      կազմակերպությունների հետ 

 

1. Վարչությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է`  համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ:

2. Վարչությունը իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը և համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել վարչությանը` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում:    

4. Վարչության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և կազմակերպությունների հետ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

 

Հոդված 15.  Վարչության մասին տեղեկությունների պաշտպանվածությունը    

 

Վարչությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյանը համապատասխան:

 

Գ Լ ՈԻ Խ  4

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 16. Ծառայությունը  վարչությունում

 

1. Վարչությունը համալրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով:

Վարչության սպաները և ենթասպաներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Ծառայողական պարտականությունները կատարելիս վարչության ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս վարչության ծառայողի օրինական պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

4. Վարչության ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Վարչության զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները համապա-տասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  զինծառայողների համազգեստին և տարբերանշաններին:

      

Հոդված 17.   Վարչության ծառայողների պատասխանատվությունը

 

1. Վարչության ծառայողն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վարչության ծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադա-սության կամ դատական կարգով:

 

Հոդված 18. Վարչության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը

 

Վարչության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվա-ծությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ,

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 19. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները

 

1. Վարչության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում վարչության վրա դրված պարտականությունների կատարումը:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու ընտրություն կատարելիս վարչության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս վարչության ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք  օգտագործելու մասին`  անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար,  բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, վարչության  կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն  անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվա-զագույնի.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Վարչության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն առաջացնում է  օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին վարչության ղեկավարությունը անհապաղ ծանուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին, որն էլ իր հերթին` դատախազին:

     

Հոդված 20. Ֆիզիկական  ուժի գործադրումը

 

Վարչության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման, դրանք կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար:

 

Հոդված 21. Հատուկ միջոցների օգտագործումը

 

1. Վարչության ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ օգտագործել հետևյալ դեպքերում.

1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

2) վարչության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը, կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

3) պահպանվող  օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու վարչության ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս:

Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում վարչության ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

 

Հոդված 22. Զենքի կիրառումը և օգտագործումը

 

1. Վարչության ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել`

1) պետական պահպանության օբյեկտների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) վարչության ծառայողների և պահպանման միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս, եթե նրանց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

4) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգությունները կանխելիս.

5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքի և առողջության նկատմամբ և չի ենթարկվում ծառայողի`  տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

6) պետական պահպանության օբյեկտների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

2. Արգելվում է զենքի  գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին ու  առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Մերկացրած զենքով ձերբակալում կատարող վարչության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու` ձերբակալվողի  ցանկացած փորձ վարչության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման` զենք  գործադրել օրենքով սահմանված կարգով:

Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին վարչության ծառայողը պարտավոր է զեկուցել իր  անմիջական ղեկավարին:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ

 ԵՎ ԱՅԼ  ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 23.  Վարչության  ֆինանսավորումը

 

Վարչության ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետա-կան բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

Վարչության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բյուջեում նախատեսվում  են միջոցներ:

 

 

Հոդված 24.  Վարչության  նյութատեխնիկական և այլ ապահովումը

 

Վարչության նյութատեխնիկական ապահովումը, անձնակազմի բնակարանային, կենցաղային, սննդի, նյութական օգնության, խրախուսման և սոցիալական այլ պահանջմունքների բավարարումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների  հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

   Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

        30 դեկտեմբերի 2007 թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-127