‹‹Հանրաքվեի մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ընդունված է 2010 թվականի

փետրվարի 17-ին

      Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «օրենքներ ընդունելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող» բառերը.

2) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները

1. Հանրաքվե չի կարող անցկացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, պատերազմի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` երկամսյա ժամկետում:

2. Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած` մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ հոդվածով.

 

«Հոդված 81. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, հանրաքվե նշանակելը և անցկացնելը

 

1. Պետության համար կարևոր նշանակության հարցերով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Ազգային ժողովը կամ կառավարությունը:

  2. Հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի կամ կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

 3. Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ:

  4. Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Ազգային ժողովի կամ կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:

  5. Հանրաքվե անցկացվում է Ազգային ժողովի կամ կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո:

  6. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:

  7. Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:

  8. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 19 և ոչ ուշ, քան 16 օր առաջ:

  9. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:»:

 

Հոդված 5. Օրենքում «ընտրատարածքային» բառը փոխարինել «տարածքային» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`

1)3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ, իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերով անցկացվող հանրաքվեի դեպքում` Ազգային ժողովի կամ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ:».

2) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերով անցկացվող հանրաքվեի դեպքում` Ազգային ժողովի կամ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր:»:

 

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի 81-րդ հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

         ՆԱԽԱԳԱՀ ̀                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

12 մարտի 2010թ.        

 ք.Ստեփանակերտ

         ՀՕ-9-Ն