«Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին,» բառերը։ 

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա», «բ», «գ», «դ» ենթակետերով.

«ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,

բ. հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,

գ. փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը,

դ. միջազգային կրթական ծրագիր` միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր.». 

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական  հիմնական  ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.9-րդ կետեր.

«10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.

10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

10.3) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.

10.4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին.

10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

10.6) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

10.7) ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.

10.8) անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).

10.9) ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող.».

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջներն ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակից.».

 5) 15-րդ կետից հանել «, որը որոշվում է ուսումնական հաստատությունում դասագիրքը առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձնական կարգով օգտագործելու միջոցով» բառերը: 

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝

1)  մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.

2)  մարդկային արժանապատվության պահպանմանը.

3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.

4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.

5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.

6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.

7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը։»։  

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները.».

 2) 2-րդ կետից հանել «և ուսումնական բնագավառների» բառերը:  

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական, ինչպես նաև միջնակարգ կրթության հետևյալ ծրագրերը.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Նախադպրոցական ծրագրերն իրականացվում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

 «6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը։

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։

Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։

Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում:»։

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.».

բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.».

2) 3-րդ մասը`

ա. «դադարեցվում են» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնի կողմից» բառերով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչև տվյալ մրցույթի ավարտը, բացառությամբ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամի՝ դպրոցում սովորող երեխա չունենալու, ինչպես նաև մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված ուսուցչի աշխատանքից ազատվելու դեպքերի:»: 

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:

Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները։».

2) 4-րդ մասը «ընթացակարգերը,» բառից հետո լրացնել «ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը,» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ։».

4) 14-րդ մասից հանել «խորհրդի հետ» բառերը, և նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

5) 16-րդ մասը «տնօրենը» բառից հետո լրացնել «(հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը)» բառերով.

6) 17-րդ մասի առաջին պարբերությունը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ուսումնական հաստատության տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝

1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.»։ 

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «՝ համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության» բառերը փոխարինել «ընդհանուր հիմունքներով» բառերով.

2) 10-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր-ված մարմինը:».

3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»: 

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպության և ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատվում է կրթության պետական կառավարման և առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին։».

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ և այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»: 

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-17.3-րդ հոդվածներով.  

 

«Հոդված 17.1. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները

 

  1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երկու մակարդակում.

1) դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։

  1. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում է հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը:
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։
  3. Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը՝

1) իրականացնում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում.

2) կազմում է համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանաձնահատուկ պայմանների վերաբերյալ.

3) մատուցում է կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ.

4) իրականացնում է խորհրդատվական փոխայցեր ուսումնական հաստատություններ.

5) կազմակերպում և անցկացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն.

6) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցումը.

7) մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը.

8) մշակում է գիտամեթոդական և ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար.

9) ստեղծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա, իրականացնում տվյալների վերլուծություն և տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.

10) իրականացնում է օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ։

  1. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի օրինակելի կանոնադրությունը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
  2. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
  3. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն ունի պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։
  4. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենը նշանակվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
  5. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության երկմակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը տարեկան անցնում է համապատասխան վերապատրաստում՝ ըստ ուսումնական հաստատության և համապատասխան մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի կազմած ժամանակացույցի։

Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության երկմակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման ընթացակարգերով։

 

Հոդված 17.2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը

 

  1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։
  3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայր)։

 

Հոդված 17.3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

 

  1. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։
  2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
  3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ մասի պայմանների:»:

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.»։

 

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «թեկնածուի առկայության դեպքերի» բառերը փոխարինել «թեկնածուի առկայության կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից այլ վայր համապատասխան մասնագետ գործուղելու դեպքերի, եթե մինչ այդ առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել» բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը`

1) «հաստատության» բառից հետո լրացնել «մեկ դրույքով պաշտոնավարող» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:»։

 

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.»:  

 

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) համարվում է պետական ավագ դպրոցների, ինչպես նաև հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի պետական կառավարման լիազորված մարմինը.».

2) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետ.

«25.1) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում.»:

 

Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ  տարի ժամկետով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.

«6.1) աջակցում է ուսուցչի ատեստավորման գործընթացին.»:  

 

Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ.

1) ձայնի և խոսքի.

2) լսողական.

3) տեսողական.

4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

5) շարժողական։

3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։»:  

 

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 2007 թվականի հունիսի  20-ի  ՀՕ-58 օրենքը։

 

Հոդված 20. Անցումային դրույթներ  

 

1.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝

1) մինչև հանրապետական  մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ամբողջական ներդրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  կրթական կարիքների գնահատման բաժինը կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի  17.1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված լիազորությունները.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի տասը տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից.

3) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 17.1-ին հոդվածի լիազորությունների ներդրման ավարտը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրակրթական դպրոցների համար կիրառվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործող կարգը.

4) մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։

  1. Ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարները վերապատրաստվում և հավաստագրվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը: Հավաստագիր չստացած ոչ պետական ուսումնական հաստատության և հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. նոյեմբերի 18

Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն