Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ`
«Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմի աշխատակիցները իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, նշանակել օրենքով նախատեսված չափով տուգանք: Վարչական վարույթը Հանձնաժողովի կողմից վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեություն է: Վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա: Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող` Հանձնաժողովի վարչական որոշումն է, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի կողմից հաստատված վարչական վարույթի իրականացման կարգի համաձայն:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի տեղակալի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 1,10 գործակցով, բազմապատկելով Հանձնաժողովի անդամների թվով և բազմապատկելով 13-ով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է` սույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան հաշվարկված` Հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկելով 0,43 գործակցով և բազմապատկելով Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակով:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում Հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի չափը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-78-Ն