Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին

 

 Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը:

 

Հոդված 2. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության

             կարգավորվող ոլորտը

 

Սույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորվող  ոլորտը (այսուհետ՝ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտ) իր մեջ ներառում է՝

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.

բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության), այդ թվում՝ հեռուստատեսության և ռադիոյի  բնագավառը.

դ) տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառը:

 

Հոդված 3. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության

                  ոլորտի կարգավորման մասին օրենսդրությունը

 

1. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով (այսուհետ՝ ճյուղային օրենքներ), այլ օրենքներով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-վում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 4. Կարգավորումը

 

Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումը պետա-կան քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգա-վորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

 

Հոդված 5. Կարգավորման հիմնական սկզբունքները

 

Կարգավորման հիմնական սկզբունքներն են՝

ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից՝ օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում.

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը.

գ) կարգավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը հասարակության համար.

դ) սպառողների կամ որևէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

ե) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը.

զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց՝ կարգավորման շրջանակների սահմանափակումը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ   ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 6. Կարգավորող մարմինը

 

1. Հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:

2. Հանձնաժողովի նստավայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքն է: Հանձնաժողովն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման  այլ միջոցներ:

3. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կարող է կրել պարտականություն-ներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

 

Հոդված 7. Հանձնաժողովի կազմը և լիազորությունների իրականացման ժամկետը

 

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ:

2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ առաջին կազմի և սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետ է սահմանվում՝

Հանձնաժողովի նախագահը՝ հինգ տարի,

Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ չորս տարի,

մեկ անդամը՝ երեք տարի,

մեկ անդամը՝ երկու տարի,

մեկ անդամը՝ մեկ տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 3 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մինչև 60 տարեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, մեկը՝ տնտեսագիտական և մեկը՝ լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, մշակույթի, արվեստի բնագավառների կրթություն:

4. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել՝

ա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները՝

ա) սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.

գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ դիտավորյալ հանցագործության, ինչպես նաև այն անզգույշ հանցագործության համար, որի հա-մար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական  օրենսգրքով նախատեսված է ազատազրկում.

դ) եթե վերջինս թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է Հանձնաժողովի համապատասխան որոշումը.

ե) եթե վերջինս մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի պատճառով բացակայել է հանձնաժողովի նիստերից, հիվանդության կամ այլ պատճառով 6 ամսից ավել չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

զ) եթե վերջինս խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան վարչապետի ներկայացմամբ, տասն օրվա ընթացքում նշանակում է Հանձնաժողովի նոր անդամ՝ սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի՝ գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ՝ դիմելով Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության Նախագահին և տեղյակ  պահելով Լեռնային  Ղարա-բաղի Հանրապետության վարչապետին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը Հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված  8. Հանձնաժողովի աշխատակազմը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների ծառայողական պար-տականությունների շրջանակը հաստատում է Հանձնաժողովը:

Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը հաստատում է Հանձնա-ժողովը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հետ:

2. Հանձնաժողովի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, սույն օրենքին, իր կանոնադրության, Հանձնաժողովի որոշումներին և Հանձնա-ժողովի նախագահի հրամաններին համապատասխան և ապահովում է Հանձնաժողովի լիազո-րությունների իրականացումը:

 

Հոդված 9. Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների

                  իրավունքների սահմանափակումը

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճա-րովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից՝ պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավար-ման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց բաժնեմաս, արժեթղթեր կամ դրան-ցում կատարել այլ ներդրումներ:

3. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող կարգավորվող անձանց համար կատարել վճարովի աշխատանք:

 

Հոդված 10. Հանձնաժողովի նախագահը

 

1. Հանձնաժողովի նախագահը՝

ա) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը և իրականացնում աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

բ) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և նախագահում Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.

գ) իր իրավասությունների շրջանակում  արձակում է հրամաններ.

դ) իր իրավասությունների շրջանակում  ներկայացնում է Հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, այլ մարմինների հետ հարաբերություններում և Հանձնաժողովի անունից ստորագրում է փաստա-թղթեր.

ե) Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

զ) նշանակում և ազատում է Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է որոշումներ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին.

է) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին և քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.

ը) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:

 

Հոդված 11. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

2. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

3. Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:

4. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ստանալ օրակարգը և քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:

5. Եթե Հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա Հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով և առաջարկություններով:

Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն հինգ օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:

Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:

Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ և բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնել այլ միջնորդություններ:

Որոշման ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում դրա պատճենը տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ դա կայացվել է, կամ ուղարկվում է նրան պատվիրված նամակով:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ  նախագահի  տեղակալը  կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող Հանձնաժողովի անդամը:

Հանձնաժողովի  որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, եթե դրան կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերն արձա-նագրում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարը: Արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողն ու քարտուղարը:

7. Հանձնաժողովը վարում է իր իրավական ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշ-տոնական տեղեկագրում»:

8. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:

9. Հանձնաժողովը հաստատում է հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և կարգավորվող անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները:

10. Հանձնաժողովի ներկայացուցիչները, Հանձնաժողովի իրավասություններով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք կարգավորվող անձանց գործունեության տարածք:

11. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է հասարակական կամ վճարովի հիմունքներով ներգրավել մասնագետներ կամ անկախ փորձագետներ:

Փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

12. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի և այլ միջոցներով:

13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար Հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

14. Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և նշանակել օրենքով նախատեսված չափով տուգանք:

Հանձնաժողովն իրականացնում է վարչական վարույթ  և կիրառում վարչական տույժ:

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:

15. Իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

 

Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում: Հանձնաժողովի սահմանած սակագների մեծություն-ները ենթակա են բողոքարկման և փոփոխման միայն դատական կարգով:

 

Հոդված 13. Տեղեկության ստացումը և պետական մարմինների հետ

                    համագործակցությունը

 

1. Հանձնաժողովն պետական մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:

 

Հոդված 14. Տարեկան ծրագիրը և հաշվետվությունը

 

Հանձնաժողովը`

1) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`

ա) կարգավորվող ոլորտի իրավիճակի և առկա հիմնախնդիրների մասին,

բ) սույն օրենքով և ճյուղային օրենքներով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթների մասին.

2) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, մամուլում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`

ա) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին,

բ) կարգավորվող ոլորտի կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները,

գ) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:

 

Հոդված 15. Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը

 

Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

Հանձնաժողովը կարող է լուծարվել սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:

Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո նրա գույքը, գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և այլ նյութերը տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17. Կարգավորման պարտադիր վճարները

 

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ:

2. Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում:

 

Հոդված 18. Հանձնաժողովի ֆինանսավորումը

 

1. Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Հանձնաժողովի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի օրենսդրությամբ սահմանված կարգով և «Բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին: Այն ընդգրկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան պետական բյուջեի նախագծում և առանձին տողով ամփոփ ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ընդհանուր ծախսերի մեծությունը որոշվում է` Հանձնաժողովի և նրա աշխա-տակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.4 գործակցով:

3. Հանձնաժողովի անդամների և նրա աշխատակազմի աշխատակիցների վարձատրությունը կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքին համապատասխան:

 

Հոդված 19. Հանձնաժողովի բյուջեի հաստատումը

 

Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 20. Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությունը և ֆինանսական 

              գործունեության աուդիտը 

 

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել Հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անց-կացմանը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է մինչև այն ուժի մեջ մտնելն ընդունված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերը օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

Մինչև Հանձնաժողովի և նրա աշխատակազմի ստեղծումը սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառա-վարման  և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի 17-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

                  

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

       ՆԱԽԱԳԱՀ՝                     Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

               

20 հունվարի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 4