«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2005թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի առաջին նախադասությունը` «ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պա­տե­րազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը

 

Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում:

Վետերաններին՝ էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին՝ էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև բնակարանի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, աղբա­հանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն: Դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև՝

ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վետերաններին տրվում է ամենամսյա պատվովճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով, սակայն ոչ պակաս 10 հազար դրամից:

Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

20 դեկտեմբերի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-236