Ընդունվել է 2000թ. փետրվարի 15-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական, տնտեսական և իրավական հիմքերը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Հոդված 1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը
Սույն օրենքով՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ՝ վետերաններ) են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 2. Վետերանների մասին օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական այլ ակտերից:
Հոդված 3. Միջազգային պայմանագրեր
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն՝
ա) պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում.
բ) օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքային, ներհանրապետական, ինչպես նաև միջհանրապետական մարդատար տրանսպորտի (անկախ սեփականության ձևից) բոլոր տեսակներով (բացի տաքսիներից) երթևեկելու վարձի վճարման արտոնությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև՝
ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) ստանալ կոմունալ ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում՝ բնակարանային վարձի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի բաժանորդային վարձի, իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում՝ նաև սահմանված նորմաների շրջանակներում վառելիքի ձեռքբերման, ինչպես նաև օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
գ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանները ստանում են ամենամսյա պատվովճար՝ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկը, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի չափից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 5. Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը
Վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ պետական նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:
Հոդված 6. Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 7. Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 2000 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 մարտի 2000 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-96