2007թ. ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դնելու մասին

 

Հոդված 1. 2008 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել Հայաստանի  Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-60-Ն քրեակատարողական օրենսգիրքը (փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» (այսուհետ` օրենսգիրք):

 

Հոդված 2. Օրենսգրքով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քրեակատարողական մարմիններում ծառայությունը համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմիններում ծառայություն:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնի գործունեության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 4. Օրենսգրքում քրեակատարողական ծառայությանը և նրա ստորաբաժանումներին վերապահված լիազորությունները համապատասխանաբար վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնին և նրա ստորաբաժանումներին, իսկ արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության ղեկավարին վերապահված լիազորությունները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական մարմնի ղեկավարին:

 Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի նախագահներին վերապահված լիազորությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին: 

 

Հոդված 5. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատժի կատարումը անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսգրքով կիսաբաց, կիսափակ և փակ տեսակների ուղղիչ հիմնարկներին ներկայացվող պահանջներին:

Բաց և բուժական տեսակի ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների պատժի կատարումը, ինչպես նաև անչափահաս, կին և օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ և ութերորդ կետերով սահմանված դատապարտյալների պատժի կատարումը կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջպետական համաձայնագրով:

 

Հոդված 6. Օրենսգրքից բխող իրավական ակտերն ընդունվում են մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը:

Մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընդունված քրեակատարողական նորմեր պարունակող իրավական ակտերը կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընդունված քրեակատարողական նորմեր պարունակող իրավական ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքը գործողության մեջ դնելը:

 

Հոդված 7. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Տուգանքի դատապարտված անձանց պատժի կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի 23-ի ՀՕ-25 օրենքը:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

         30 դեկտեմբերի 2007 թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-117