«Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին

Հոդված 1.  «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ կետեր.

«1.1) ուսուցում՝ կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.

1.2) հարատև կրթություն՝ անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և արժեքային համակարգը.

1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման.

1.4) ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

1.5) ինֆորմալ կրթություն՝ անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներ, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս.

1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ.

1.8) սոցիալական գործընկեր` մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, մասնավորապես՝ գործատուների, արհեստակցական և հասարակական այլ միավորումներ, կրթական և ուսումնական ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպություն, պետական և համայնքային մարմիններ.».

2) 3-րդ կետը «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.

«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան».

4) 81-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1) արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.

9) քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր».

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ուսումնական կենտրոն` կազմակերպություն (այդ թվում՝ ուսումնական հաստատություն), որն իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագիր (ծրագրեր)».

6) 181-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18.1) արհեստավոր՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց».

7) 19-րդ կետից հանել «կրտսեր»  բառը.

8) 20-րդ և 21-րդ կետերից հանել «(լրիվ) ընդհանուր»  բառերը.

9) 20-րդ կետը  «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով.

10) 25-րդ կետի «երկուսից» բառը փոխարինել  «մեկից»  բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը:».

 2) 3-րդ մասի «մրցութային կարգով՝ անվճար միջին,» բառերը փոխարինել «մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին,» բառերով:

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետական հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «չափորոշիչների,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրման չափանիշների,»  բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն։»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց  հետո՝ մեկամսյա ժամկետում:».

2) 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «Պետական և հավատարմագրված ոչ պետական» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.

«Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:»:

 

  Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է մասնագետի որակավորում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը «հանրակրթական» բառից հետո լրացնել «, նախնական (արհեստագործական)» բառերով:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Լրացուցիչ կրթությունը

  1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով և համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց։
  2. Լրացուցիչ կրթական ծրագրերի խնդիրն է կատարելագործել, արդիականացնել և լրացնել մինչ այդ ձեռք բերված (նախընթաց) գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները։
  3. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման և կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել։
  4. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
  5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը և ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման:»:

 

Հոդված  10. Օրենքի  27-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հիմնարկի կամ» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերով, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

2) 4-րդ մասի «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը՝

ա. «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերով,

բ. «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերով,

գ. «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերով.

4) 5-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը.

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների և ուսումնական հաստատությունների:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած վճարովի ընդհանուր տեղերի սահմանում բուհերի առաջարկների հիման վրա՝ ըստ բուհերի և մասնագիտությունների, հաստատում է վճարովի ուսուցման տեղերը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մաս.

«8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».

7) 9-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսը ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասից հանել  «ոչ պետական» բառերը:

 

Հոդված 13.  Օրենքի 36-րդ հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը.

  6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը.»:

 

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 15-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«15) համաձայնություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության բաժինների ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 -ին կետ.

«15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Կրթության  պետական  կառավարման  լիազորված  մարմինը  սույն  հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»:

Հոդված 15. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «մանկավարժական խորհուրդը» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմինը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «և ժամկետները» բառերը փոխարինել «և հավատարմագրի գործողության ժամկետները» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից՝ պետական հավատարմագրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագի­տությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի:»:

 

 Հոդված 17. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«1. Ուսումնական հաստատությունների լիցենզավորման համար եզրակացություն տալու նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ստեղծում է լիցենզավորման հանձնաժողով:».

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «Պետական»  բառից հետո լրացնել  «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.

2) 10-րդ մասի «մինչև 2012-2013» բառերը փոխարինել «մինչև 2016-2017»  բառերով, «պետական քննություններ» բառերը՝  «ամփոփիչ ատեստավորման քննություններ»  բառերով, իսկ «կազմակերպական» բառը՝ «կազմակերպման» բառով:

 

Հոդված 19. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները տարածվում են 2015 թվականին և դրանից հետո միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների վրա:
  3. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված՝ Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները տարածվում են 2015 թվականին և դրանից հետո ընդունված ուսանողների վրա:

 

 

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                        Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. մարտի 13

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն