«Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2011թ. փետրվարի 17-ին

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106  օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 171-րդ և 172-րդ կետեր.

«171) որակավորում` ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

172) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.».

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագի­տական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն քսանհինգ տոկոսն ուսանողներ են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

2)  9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության արտոնություններից:»:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 -րդ կետով.

«21) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.

«61) հաստատում է որակավորման բնութագրերը` ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.»:

 

Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 8-րդ մասից հանել «առկա բաժինների» բառերը, իսկ «մասնագիտություն» բառից հետո լրացնել «՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:».

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2012-2013 ուսումնական տարվա ավարտը հանձնելով պետական քննություններ` պետական և  հավատարմագրված ոչ պետական բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ ̀                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

     4 մարտի 2011թ.

     ք.Ստեփանակերտ

     ՀՕ-4-Ն