Ընդունված է 2006թ. օգոստոսի 23-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):»:
Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:
Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ /2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ/, երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:
2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 օգոստոսի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 306