Ընդունված է 2004թ. հոկտեմբերի 20-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապա-հովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է պետական սոցիալական քաղա-քականության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կենսաապահովման նվազագույն զամբյուղ՝ մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ՝ միջազգայնորեն ընդունված ֆիզիոլո-գիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմ-նավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների և ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակ.
2) կենսաապահովման նվազագույն բյուջե՝ միջազգայնորեն ընդունված կենսաապահովման նվազագույն զամբյուղի դրամական արժեք.
3) սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբեր՝ աշխատունակ բնակչություն, թոշակառուներ, երեխաներ:
Հոդված 4. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանման նպատակը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի՝
1) գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.
2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.
3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.
4) որոշել չհարկվող եկամտի չափը:
Հոդված 5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման և սահմանման կարգը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կա-ռուցվածքը, սկսած 2005 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա:
2. Նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհես-տակցական կազմակերպությունների հանրապետական միությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում են օրենքով: Մինչև սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման
պարբերականությունը և հաստատման կարգը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչև հունիսի 30-ը, կենսաապահովման նվազագույն զամբյու-ղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապա-րակվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաև առավելագույն տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցնե-րով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի,
կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը սահմանելիս
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթո-շակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:
Հոդված 8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
2 նոյեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 133