Լեզվի մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2013թ. ապրիլի 25-ին
 

Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության լեզվական

                    քաղաքականությունը

 

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2.  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականության հարաբերությունները կարգավորվում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Սահմանադրությամբ, սույն օրենքովայլ օրենքներով  և իրավական ակտերով:

4. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:

5. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը նպաստում է Ղարաբաղի (Արցախի) բարբառի պահպանմանը, օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը և ազգագրական ու բանահյուսական  ժողովածուների հրատարակումը:

6. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:

7. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած ռուսաց լեզվի և այլ լեզուների  գործածումը:

 

Հոդված 2.  Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.

պետական լեզու`  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ   Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.

պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.

պաշտոնական խոսք՝  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.

լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.

լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.

գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.

լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.

լեզվական պարտականություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.

գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.

ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի, և (կամ) ապրանքանշանի, և (կամ) տվյալ աշխարհագրական, և (կամ) վարչական, և (կամ) քաղաքաշինական, և (կամ) տնտեսական, և (կամ) հասարակական, և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.

պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:

 

 

Հոդված 3. Կրթության լեզուն

 

 

1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  կրթության համակարգում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին»  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

     

Հոդված 4. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

 

1. Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

3. Պաշտոնական խոսքում  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի անաղարտությունը:

 

Հոդված 5. Հաստատությունների լեզվական իրավունքները և

                    պարտականությունները

 

 

1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գտնվող իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`

1) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

2) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների  հայերեն թարգմանությունը.

3) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

 

Հոդված 6. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

 

1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

 

Հոդված 7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Լեզվի    մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի  ՀՕ-2 օրենքը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

15 մայիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-12-Ն