‹‹Իրավական ակտերի մասին›› ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-26 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «նշանակելուց հետո» բառերից հետո լրացնել «` մինչև» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասում, 60-րդ հոդվածի 1-ին մասում, 87-րդ հոդվածի 2-րդ մասում և 95-րդ հոդվածի 7-րդ մասում «իրավական ուժ» բառերը փոխարինել «իրավաբանական ուժ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 26.1. Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը

 

1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:

Օրենքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի առաջադրած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եզրակացությանը, կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Նախագիծ մշակող մարմինը նախագիծը (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որևէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:

Սույն մասով նախատեսված բնագավառներից բացի, այլ բնագավառների հետ նախագծի առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաև այդ բնագավառների վերաբերյալ:

Նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաև գիտական կազմակերպությունները:

3. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին:

Եզրակացությունը ներառում է`

1)   կարգավորման արդյունքները.

2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով.

4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը.

5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ:

Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձը:

4. Նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվում են պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելուց հետո` 3-օրյա ժամկետում:

Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:

Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:

Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր ներկայացնելը

 

1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`

1) նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

2) տեղեկանք` նորմատիվ իրավական ակտերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք` նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

4) պետական մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.

5) սույն օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնելիս սույն կետի առաջին պարբերությունով նախատեսված ամփոփաթերթը չի ներկայացվում, իսկ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների ընթացքում ստացված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ընդունած դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

3. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացվելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «դրա» բառից հետո լրացնել «ընդունման հիմնավորումը և» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությունով.

«Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային տարբերակը:».

2) 4-րդ մասի առաջին նախադասությունում «ապա» բառից հետո հանել «նախարարությունը» բառը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր պարբերությունով.

«Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են`

1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

 

Հոդված 8. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությունով.

«Հղումներ չեն կատարվում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-րդ և 57.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 57.1.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի դատական ակտերը հրապարակելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

 

Հոդված 57.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                       Արդարադատության խորհրդի որոշումները և

                       եզրակացությունները հրապարակելը

 

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության խորհրդի որոշումները և եզրակացությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

 

Հոդված 10. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.

«9) իններորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի դատական ակտերը.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արդարադատության խորհրդի որոշումները և եզրակացությունները:»:

 

Հոդված 11. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասում, 66-րդ հոդվածի 4-րդ մասում և 67-րդ հոդվածի վերջին նախադասությունում «ամսաթիվը» բառը փոխարինել «տարեթիվը» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել երկրորդ պարբերությունով.

«Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա այդ ակտը հրատարակելիս կամ վերահրատարակելիս նշվում են տվյալ դրույթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:»:

 

Հոդված 13. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պահից: Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                               Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

6 հուլիսի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-32-Ն