Ինկասացիայի մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2008թ. սեպտեմբերի 17-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեության եւ ինկասացիոն կազմակերպության հասկացությունները, ինկասացիոն գործունեու-թյան իրականացման կարգը, ինչպես նաեւ սահմանում է այդ գործունեության ընթացքում ինկասացիոն կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումները եւ դրանց համար կիրառվող պատաս-խանատվության միջոցները:

 

Հոդված 2. Ինկասացիայի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող ինկասացիոն գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  այլ օրենքներով, իսկ օրենքով նախա-տեսված դեպքերում` նաև իրավական այլ ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ինկասացիոն կազմակերպություն` սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձ.

կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև շրջանառությունից հետ կանչված եւ հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաև կանխիկ արտարժույթ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ.

այլ արժեքներ` արժեթղթեր, վճարահաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաև այլ գույք, որը պատվիրատուն ցանկանում է փոխադրել.

բանկ՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տարածքում գործող բանկ, բանկի գլխամաս, բանկի տարածքային ստորաբաժանումներ.

վարկային կազմակերպություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տարածքում գործող վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության գլխամաս, վարկային կազմակերպու-թյան տարածքային ստորաբաժանումներ.

 հաճախորդ` բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայություններից օգտվող անձ.

պատվիրատու` անձ, որն ինկասացիոն կազմակերպության հետ կնքել է կանխիկ դրամի և (կամ) այլ արժեքների ինկասացիայի մասին պայմանագիր:

 

Հոդված 4. Ինկասացիոն գործունեությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը (ինկասացիա):

Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:

2. Ինկասացիոն գործունեություն կարող են իրականացնել միայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առևտրային իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է առնվազն 20 միլիոն դրամ:

3. Ինկասացիոն կազմակերպությունները և նրանց մասնագիտացված աշխատակիցներն իրենց գործառնական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն օգտագործելու քաղաքա-ցիական և ծառայողական զենք, իսկ առանձին դեպքերում` ոստիկանության կողմից ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի առանձին տեսակներ: Ինկասացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքա-ցիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է կառավարությունը:

4. Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ միավոր զրահապատ ավտոտրանսպորտային միջոց: Այն պետք է ունենա գունային տարբերակում, սարքավորված լինի ռադիոկապով, ինչպես նաև հատուկ ձայնային և լուսնասպիտակ առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով:

5. Ինկասացիոն կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու այլ գործունեություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը:

 

Հոդված 5. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումը, ինկասացիոն

                  կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և

                  մասնագիտական համապատասխանության և հատուկ պատրաստության

                  ստուգումների կարգերը

 

1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքով և կառավարության սահմանած կարգով:

2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքներով և կառավարության սահմանած լիցենզավորման կարգով:

3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքով սահմանված յուրաքանչյուր ստուգումից հետո երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաև հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը և պայմանները սահմանվում են «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքով:

 

Հոդված 6. Ինկասացիոն գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը` «Զենքի մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱ

 

Հոդված 7. Կանխիկ դրամի և այլ արժեքների փոխադրումը

 

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի՝ իր կողմից լիցենզավորվող կազմակերպությունների համար սահմանած առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի ինկասացիան պարտադիր իրականացնում են ինկասացիոն կազմակերպությունները:

2. Այլ արժեքների փոխադրումը կարող է իրականացվել ազատ` ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից:

 

Հոդված 8. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների

                  ընդունման և հանձնման ձևերը

 

Ինկասացիոն կազմակերպությունների և նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպան-ման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի  Հանրապետության  Կենտրոնական բանկը:

 

Հոդված 9. Ինկասացիոն կազմակերպության կողմից փոխադրվող կանխիկ դրամի և այլ

                  արժեքների, մասնագիտացված աշխատակիցների կյանքի և առողջության

                  ապահովագրումը

 

Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը և առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:

Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ   ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 10. Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կիրառվող

                    պատասխանատվության միջոցները

 

Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության հետևյալ միջոցները`

1) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական.

2) լիցենզիայի գործողության կասեցում.

3) լիցենզիայի գործողության դադարեցում:

 

Հոդված 11. Օրենսդրության խախտումները

 

Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները, եթե`

1) ինկասացիոն կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի չափին.

2) ինկասացիոն կազմակերպությունն իրականացրել է սույն օրենքով չնախատեսված գործունեություն.

3) խախտվել են ինկասացիոն կազմակերպության անձնակազմի պատրաստվածության և տեխնիկական միջոցների պահանջվող վիճակն ապահովելու միջոցառումների կատարման վերաբերյալ պետական լիազորված մարմնի սահմանած պահանջները.

 4) ինկասացիոն կազմակերպությունը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում չի կատարել պետական լիազորված մարմնի` սույն օրենքով սահմանված խախտումները վերացնելու հանձնարարականը.

 5) «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքով նախատես-ված են այլ դեպքեր:

 

Հոդված 12. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը

 

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և այդ մասին տեղեկացվում է ինկասացիոն կազմակերպությանը:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել, եթե տվյալ իրավախախտման համար սույն օրենքով լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:

Սույն օրենքով նախատեսված իրավախախտման մեկ տեսակի համար կարող է կիրառվել պատասխանատվության մեկ միջոց:

 

Հոդված 13. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

Ինկասացիոն գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության կասեցման դեպքերում, ինչպես նաև  սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում:

Հոդված 14. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքով սահմանված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում:

Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով թույլ տված խախտումը վերացնելու մասին պետական լիազորված մարմնի հանձնարարականը չկատարելու դեպքում:

2. Ինկասացիոն կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև ինկասացիոն կազմակերպության կողմից լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում:

3. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սահմանել, որ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և լիցենզավորվող ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են վեցամսյա ժամկետում իրենց գործունեությունը համապա-տասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սահմանել, որ պետական լիազորված մարմինը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ընդունում է սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերը:

 

 

 

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՆԱԽԱԳԱՀ`                                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

        15 հոկտեմբերի 2008 թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-52-Ն