Ընդունվել է 1999թ. փետրվարի 12-ին
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի խնդիրները
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմավորման ու կառավարման, թանգարանների հիմնադրման, գործունեության, սեփականության ձևերի, վերակազմավորման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները:
Հոդված 2. Թանգարանների եւ թանգարանային
ֆոնդի մասին օրենսդրությունը
ԼՂՀ թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերից:
Եթե ԼՂՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
Մշակութային արժեք՝ աշխարհիկ կամ կրոնական բնույթի պատմա-մշակութային նշանակություն ունեցող առարկա.
Թանգարանային առարկա՝ մշակութային արժեք, որի առանձնահատուկ հատկանիշները անհրաժեշտ են դարձնում նրա պահպանումը հասարակության համար, ուսումնասիրումն ու հանրային ցուցադրումը.
Թանգարանային հավաքածու՝ մշակութային արժեքների այնպիսի անբաժանելի միասնություն, որը ձեռք է բերում թանգարանային առարկայի հատկանիշ միայն համատեղ՝ իր բաղադրիչ մասերի ծագումով, տեսակային ընդհանրության կամ այլ չափանիշների համատեղությամբ.
ԼՂՀ թանգարանային ֆոնդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշտապես գտնվող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ամբողջություն, որի քաղաքացիական շրջանառությունը թույլատրվում է միայն սույն օրենքով կարգավորվող սահմանափակումների պահպանմամբ.
Թանգարան՝ գիտական, մշակութային, ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծվել է սեփականատիրոջ կողմից թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանման, ուսումնասիրման և հանրային ցուցադրման համար.
Պահպանում՝ թանգարանի գործունեության հիմնական տեսակներից մեկը, որը ենթադրում է նյութական և իրավական այնպիսի պայմանների ստեղծում, որոնց առկայությամբ ապահովվում է թանգարանային առարկայի և թանգարանային հավաքածուի պահպանվածությունը.
Հրապարակում՝ թանգարանի գործունեության հիմնական տեսակներից մեկը, որը ենթադրում է թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ներկայացումը հասարակությանը՝ հանրային ցուցադրման, տպագրման, էլեկտրոնային վերարտադրման ևայլ ձևերով:
ԳԼՈՒԽ II
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Հոդված 4. Թանգարանների ստեղծումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանգարանները ստեղծվում են իբրև մշակութային, կրթական, գիտական գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններ:
Հոդված 5. Թանգարանների ստեղծման նպատակները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանգարաններ ստեղծվում են թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանման, հայտնաբերման և հավաքման, ուսումնասիրման, հրապարակման, լուսավորական և կրթական գործունեություն իրականացնելու նպատակներով:
Թանգարանների ստեղծումը այլ նպատակներով արգելվում է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով թանգարանները կարող են իրականացնել նաև այլ՝ ոչ հիմնական, ընդ որում՝ ձեռնարկատիրական կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերով չարգելված գործունեություն, որքանով որ դա ծառայում և համապատասխանում է թանգարանների ստեղծման նպատակներին:
Հոդված 6. Պետական թանգարանների հիմնադրման կարգը
Պետական թանգարանները հիմնադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կազմակերպությունների հայտերի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից մշակույթի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի եզրակացությամբ:
Պետական թանգարանները ֆինանսավորվում են պետական բյուջեից ամբողջովին կամ մասնակիորեն, բայց ոչ պակաս, քան 51 տոկոսով:
Հոդված 7. Ոչ պետական թանգարանների հիմնադրման կարգը
Ոչ պետական թանգարանների հիմնադիր կարող են հանդիսանալ ֆիզիկական անձինք, ոչ պետական ձեռնարկությունները, կազմակերպություններն ու միավորումները:
Ոչ պետական թանգարանների կանոնադրությունները հաստատվում են հիմնադիրների կողմից£ Թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները ոչ պետական թանգարաններին ամրակցվում են սեփականատիրոջ կողմից՝ ԼՂՀ օրենսդրական ակտերով սահմանված կարգով, գործարքային (օպերատիվ) կառավարման իրավունքով:
Ոչ պետական թանգարանի հիմնադրման մասին հայտը և թանգարանի կանոնադրությունը ներկայացվում է ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, որը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում հայտը հաստատելու կամ մերժելու մասին:
Հոդված 8. Թանգարանների անշարժ գույքը
Թանգարաններին գործարքային (օպերատիվ) կառավարման իրավունքով ամրակցված անշարժ գույքը կարող է հետ վերցվել սեփականատիրոջ կողմից միայն այն դեպքում, եթե այն օգտագործվում է ոչ իր նշանակությամբ, կամ թանգարանի լուծարման դեպքում:
Պետական թանգարաններին գործարքային (օպերատիվ) կառավարման իրավունքով ամրակցված անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս վարձավճարը (վարձակալական վճարը) տնօրինում է թանգարանը՝ բացառապես տվյալ անշարժ գույքի տեխնիկական վիճակը պահպանելու նպատակով:
Պետական թանգարաններին ամրակցված հողակտորները, շինությունները տվյալ թանգարանին տրվում է անհատույց, մշտական օգտագործման:
Պետական թանգարանները, ինչպես նաև դրանց ամրակցված շինությունները, սեփականաշնորհման ենթակա չեն:
Հոդված 9. Թանգարաններին գործունեության թույլատրագիր (լիցենզիա) տալու կարգը
Թանգարաններն իրենց գործունեությունը կարող են իրականացնել միայն թույլատրագրի հիման վրա, եթե.
ա) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների քանակությունն ու պատմա-մշակութային արժեքը թույլ են տալիս կազմակերպել դրանց հանրային ցուցադրումը՝ թանգարանային ցուցադրությամբ.
բ) առկա են թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հանրային ցուցադրման և պահպանման համար պիտանի շինությունները.
գ) առկա են տվյալ թանգարանի գործունեության ֆինանսավորման մշտական աղբյուրները:
Թանգարաններին գործունեության թույլտվություն տրամադրում է մշակույթի ոլորտում ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
Թանգարաններին գործունեության թույլտվություն տրամադրելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Թանգարաններն իրենց գործունեությունը իրականացնում են սահմանված կարգով գրանցման պահից:
Հոդված 10. Թանգարանների վերակազմավորումը
Թանգարանների վերակազմավորումն իրականացվում է ըստ ԼՂՀ քաղաքացիական օրենսդրական ակտերի:
Վերակազմավորման ծրագիրը ներկայացվում է ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, որը երկշաբաթյա ժամկետում ընդունում է որոշում թանգարանի վերակազմավորման մասին:
Վերակազմավորման հետևանքով թանգարանների ստեղծման նպատակների փոփոխումն արգելվում է:
Հոդված 11. Թանգարանների լուծարումը
Թանգարանների լուծարումն իրականացվում է ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրական ակտերի:
Պետական թանգարանների լուծարման վերաբերյալ որոշումն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պետական թանգարանների լուծարման դեպքում դրանց ամրակցված թանգարանային առարկաներն ու թանգարանային հավաքածուներն ամրակցվում են պետական այլ թանգարաններին՝ ըստ սույն հոդվածի առաջին մասի£ Համապատասխան որոշում ընդունվում է մշակույթի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
ԳԼՈՒԽ III
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հոդված 12 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդը՝ մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները կազմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային ժառանգության անքակտելի մասը:
Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի կազմությունը եւ թանգարանային առարկաների ու թանգարանային հավաքածուների սեփականության ձեւերը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդը կազմված է պետական և ոչ պետական մասերից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանյին ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները կարող են դիտարկվել որպես պետական և ոչ պետական սեփականություն:
Հոդված 14. Թանգարանային առարկաների ու թանգարանային հավա-
քածուների ընդգրկումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում
Թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ընդգրկումը ԼՂՀ թանգարանային ֆոնդում կատարվում են ԼՂՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից՝ ԼՂՀ թանգարանային ֆոնդի կանոնադրությամբ սահմանված կարգով, համապատասխան փորձաքննության արդյունքների հիման վրա:
ԼՂՀ թանգարանային ֆոնդի կանոնադրությունը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:
Թանգարանային առարկաներն ու թանգարանային հավաքածուները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված են համարվում ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակում (կատալոգում) գրանցում կատարելու պահից:
Թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների սեփականատիրոջը տրվում է համապատասխան վկայական:
Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդից թանգարանային առարկաների ու թանգարանային
հավաքածուների դուրս գրումը
ԼՂՀ թանգարանային ֆոնդից թանգարանային առարկաների ու թանգարանային հավաքածուների դուրս գրումը կատարվում է ԼՂՀ կառավարության լիազորած մարմնի կողմից՝ ԼՂՀ թանգարանային ֆոնդի կանոնադրությամբ սահմանված կարգով, փորձաքննության արդյունքների հիման վրա:
Թանգարանային առարկաներն ու թանգարանային հավաքածուները համարվում են ԼՂՀ թանգարանային ֆոնդից դուրս գրված ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակում համապատասխան գրանցում կատարելու պահից:
Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
թանգարանային ֆոնդի պետական գրացուցակը
ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակը հաշվառման փաստաթուղթ է, որը պարունակում է ԼՂՀ թանգարանային ֆոնդում ընդգրկված յուրաքանչյուր թանգարանային առարկայի և թանգարանային հավաքածուի վերաբերյալ ամփոփ տվյալներ:
ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակը վարում է ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակի կանոնադրությունը հաստատում է ԼՂՀ կառավարությունը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքների փոխանցումը և այլ գործողությունները, որոնք վերաբերում են ԼՂՀ թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների նկատմամբ քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների հաստատմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը կատարվում են բացառապես ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական գրացուցակում գործարքի գրանցումից հետո:
Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների եւ
թանգարանային հավաքածուների արտահանումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները արտահանման ենթակա չեն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ժամանակավոր արտահանումը կատարվում է «Մշակութային արժեքների ներմուծման ու արտահանման մասին» ԼՂՀ օրենքի և այլ համապատասխան օրենսդրական ակտերի համաձայն:
Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդում ընդգրկված առարկաների ու թանգարանային
հավաքածուների քաղաքացիական շրջանառության
առանձնահատկությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաներն ու թանգարանային հավաքածուները կարող են օտարվել կամ փոխանցվել մեկ անձից մյուսին լիակատար իրավահաջորդության կարգով կամ այլ եղանակով՝ միայն ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի հատուկ թույլտվությամբ:
Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների կառավարումը
ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները ամրակցվում են պետական թանգարաններին կամ պետական հիմնարկություններին գործարքային (օպերատիվ) կառավարման իրավունքով:
ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների կառավարման մասին որոշումը ընդունվում է ԼՂՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:
Պետական թանգարանները և պետական կազմակերպությունները, որոնց գործարքային (օպերատիվ) կառավարմանն են հանձնված ԼՂՀ թանգարանային ֆոնդի պետական մասում ընդգրկված առարկաներն ու թանգարանային հավաքածուները, պարտավոր են ապահովել.
ա) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունը և անվտանգությունը.
բ) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառման փաստաթղթերի վարումն ու պահպանումը.
գ) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների՝ գիտական, մշակութային, կրթական, ստեղծագործական-արտադրական նպատակներով օգտագործումը:
Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների կառավարումը
ԼՂՀ թանգարանային ֆոնդի ոչ պետական մասն են կազմում ոչ պետական թանգարանների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները:
ԼՂՀ թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ընդգրկումը կատարվում է սեփականատիրոջ դիմումի հիման վրա£
ԼՂՀ թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ժառանգման, նվիրատվության,առք ու վաճառքի դեպքերում ժառանգորդը, գնորդը պարտավոր է ստանձնել տվյալ թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների նախկին սեփականատիրոջ բոլոր պարտավորությունները£ Իրավահաջորդի՝ այդ պարտավորություններից հրաժարվելու դեպքում պետությունն ունի դրանք գնելու առաջնային իրավունք:
Հոդված 21. Թանգարանային ֆոնդի վիճակի պետական հսկողությունը
ԼՂՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է թանգարանային ֆոնդի վիճակի պետական հսկողությունը.
ա) ստուգում է թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանվածության վիճակը և պահպանման պայմանները.
բ) հարցումների հիման վրա տեղեկատվություն է ստանում թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների վերաբերյալ, վերահսկում հաղորդված տվյալների ճշգրտությունը.
գ) հարց է բարձրացնում ոչ պետական թանգարաններին հանձնված թանգարանային առարկաների և հավաքածուների սեփականատիրոջ առջև այդ առարկաների և հավաքածուների պահմանման տեղը փոխելու մասին:
Հոդված 22. Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի
պետական կառավարման առանձնահատկությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել ԼՂՀ թանգարանային ֆոնդում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ ֆինանսական և այլ պայմաններ, ինչպես նաև թանգարանին ամրակցված թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին պատճառած վնասը փոխհատուցելու անհրաժեշտ երաշխիքներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը թանգարաններին կարող է տրամադրել հարկային և այլ արտոնություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետական կառավարման մարմինները իրենց իրավասությունների սահմաններում կարող են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառիկ պատմամշակութային և գեղարվեստական արժեքների և համալիրների պահպանման համար, ինչպես նաև՝ բարենպաստ պայմաններ ստեղծել համաշխարհային նշանակություն ունեցող թանգարանների գործունեության համար:
Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում կարող են աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասին և ոչ պետական թանգարաններին տարբեր ձևերով, ընդ որում.
ա) թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները վերականգնելու համար տրամադրել վերականգնողական պետական հիմնարկություններ,
բ) պահպանության համար, անհրաժեշտության դեպքում, ապահովել թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հանձնումը պետական պահոցներին,
գ) թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների անվտանգությունն ապահովելու համար իրականացնել ծախսերի մասնակի փոխհատուցում:
Հոդված 23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված
թանգարանային առարկաների եւ թանգարանային
հավաքածուների դուրսգրումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների դուրսգրումը իրականացվում է տվյալ թանգարանային առարկաների կորստյան կամ ոչնչացման դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվությամբ:
Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային
ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների պահպանումը եւ հաշվառումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը և հաշվառումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի կանոնադրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու
համար
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք սույն օրենքի դրույթները խախտելու համար կրում են պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 26. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
Պաշտոնյաները, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, ենթակա են վարչական պատասխանատվության, եթե.
ա) թանգարանային առարկան ապօրինաբար չեն ընդգրկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդում,
բ) թանգարանային առարկան ապօրինաբար հանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդից,
գ) հրապարակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանային ֆոնդի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկայի կամ թանգարանային հավաքածուի վերաբերյալ գաղտնագրված տեղեկությունները,
դ) անիրավացիորեն մերժում են թանգարանային առարկաների գրանցումը,
ե) խախտում են գործունեության թույլատրագիր տրամադրելու կարգը:
Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 մարտի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-50