Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-6 օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Տուժանքները
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կարող է կիրառել տուժանքների հետևյալ տեսակները`
ա) նախազգուշացում.
բ) սույն օրենքով սահմանված տուգանքներ.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Նախազգուշացումը որպես տուժանք կարող է կիրառվել սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների ցանկացած խախտման դեպքում:
3. Լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնչորսհազարապատիկից մինչև քսանութհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկից մինչև տասնչորսհազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հազար հինգհարյուրապատիկից մինչև յոթհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքների չափերը (մեծությունները) չեն տարածվում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց և մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էներգիայի վերականգնվող աղբյուրների (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձանց վրա:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազար չորսհարյուրապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուր հիսունապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր յոթանասունհինգապատիկից մինչև երեք հարյուր հիսունապատիկի չափով:
6. Սույն օրենքով սահմանված տուգանքները կարող են կիրառվել, եթե լիցենզավորված անձի կատարած խախտման հետևանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, կամ խախտվել են սպառողի իրավունքներն ու օրինական շահերը, կամ կատարված խախտումը հանգեցրել է այլ լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, կամ կատարվել է դիտավորությամբ, կամ նախորդ խախտման պահից մեկ տարվա ընթացքում լիցենզավորված անձի կատարած երկրորդ կամ ավելի խախտումն է, կամ կրում է տևական կամ շարունակական բնույթ:
7. Սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
8. Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն