Ընդունված է 2002թ. հոկտեմբերի 30-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ՝ էներգետիկայի բնագավառ) հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է:
2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են ՝
ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.
բ) ջերմամատակարարման համակարգերը.
գ) գազամատակարարման համակարգը:
Հոդված 4. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություներն են՝
անվտանգության գոտիներ՝ էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխա-դարձ անվտանգության ապահովման նպատակով.
բաշխիչ ցանց՝ բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող, էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը արտադրողից և (կամ) հաղորդողից հասցվում է սպառողներին.
ենթասպառող՝ սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից, և որն ունի սահմանված կարգով կնքված էներգիայի կամ բնական գազի մատակա-րարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.
էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.
էներգիա՝ էլեկտրական էներգիա (հզորություն) և ջերմային էներգիա.
ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն՝ լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին.
լիցենզիա՝ լիազորված մարմնի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթը, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերջինիս իրավունքը և պարտականությունը՝ համաձայն սույն օրենքի դրույթների.
լիցենզավորված անձ՝ սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձը.
լիցենզավորվող գործունեություն՝ սույն օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունը.
լիազորված մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում կարգավորումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու-թյան կողմից լիազորված պետական մարմին.
հաղորդման (փոխադրման) ցանց՝ էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներ-գիան կամ բնական գազն արտադրողից կամ ներկրողից հասցվում է բաշխողին և (կամ) սպառողին եւ (կամ) տարանցվում է երրորդ երկիր, և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձը.
մատակարարման և օգտագործման կանոններ՝ լիազորված մարմնի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպա-ռողներին էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.
շուկայի կանոններ՝ լիազորված մարմնի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.
որոշում՝ լիազորված մարմնի կողմից իր իրավասության սահմաններում սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտը.
սակագին՝ էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության, ջերմային էներգիայի և բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար (բացառությամբ կառուցման կամ վերականգնման և արտահանման գործունեությունների) սույն օրենքին համապատասխան սահմանված գինը.
սպառող՝ էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել լիցենզավորված անձի հետ.
տնտեսական կարգավարում՝ արտադրական հզորությունների, էլեկտրաէներգիայի ներկրման և հաղորդման հնարավորությունների հայտարարագրման, պլանավորման և կարգավոր-ման միջոցը, որը հանգեցնում է նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի մատակարար-ման հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման:
Գ Լ ՈՒ Խ 2
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության
հիմնական սկզբունքները
1. Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
ա) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
բ) էներգետիկայի բնագավառի գործունեության կարգավորումը.
գ) տնտեսական գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.
դ) սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.
ե) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.
զ) էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.
է) էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.
ը) էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.
թ) հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում՝ ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.
ժ) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
ժա) գիտատեխնիկական առաջընթացի և նոր՝ էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
ժբ) էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը.
ժգ) արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, արտահանման, ներկրման, համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայությունների գործառույթների տարանջատումը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրպետության էներգետիկայի բնագավառում պետական կառավարման և կարգավորող մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում պետական քաղաքականություն իրականացնելիս ղեկավարվում են սույն հոդվածով սահմանված սկզբունքներով:
Հոդված 6. Արտադրական հզորությունների, էներգետիկական ցանցերի և
տեղակայանքների համար հողօգտագործման իրավունքը
1. Նոր արտադրական հզորությունների, հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի և տեղակայանքների կառուցման կամ գործող տեղակայանքների վերակառուցման (ընդլայնման) համար պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները տրամադրվում են առաջնահերթության իրավունքով և օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հասարակական ծառայությունների մատուցման համար դրանց կառուցումը (վերականգնումը) նվազագույն ծախսումներով իրականացնելու հիմնավորումը: Օդային և մալուխային գծերի, բնական գազի և ջերմային ցանցերի կառուցման համար տրամադրված ուղիները և դրանց անվտանգության գոտիները պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված անձանց առկա էներգատեղակայանքների (արտադրող կայաններ, մալուխներ, օդային գծեր, ենթակայաններ, գազակարգավորիչ հանգույցներ, գազատարներ և ջերմատարներ և այլն) անվտանգության գոտիների և կա-ռույցների համար օգտագործված պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ սահմանվում է անվճար հարկադիր սերվիտուտ:
3. Էներգատեղակայանքի վերացման դեպքում նրա սեփականատերը պարտավոր է վերականգնել կամ բարեկարգել զբաղեցրած տարածքը՝ օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 7. Կարգավորումը
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի շուկաների գործունեության կանոնների, կարգավորվող սակագների և լիցենզիայի պայմանների սահմանմամբ ու վերահսկմամբ հավասարակշռել սպառողների և գործունեության լիցենզիա ունեցող անձանց շահերը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատե-սակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը:
Հոդված 8. Կարգավորման հիմնական սկզբունքները
Կարգավորման հիմնական սկզբունքներն են՝
ա/ կարգավորման իրականացումն ինքնուրույն մարմնի կողմից՝ օրենքով լիազորված իրավասությունների շրջանակում.
բ/ կարգավորման թափանցիկության ապահովումը հասարակության համար.
գ/ սպառողների կամ որևէ լիցենզավորված անձի նկատմամբ խտրականության բացառումը.
դ/ սպառողների և էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռումը.
ե/ մրցակցային շուկայի զարգացմանը համընթաց՝ կարգավորման շրջանակների սահմա-նափակումը:
Հոդված 9. Կարգավորման հիմնական միջոցները
Կարգավորման հիմնական միջոցներն են՝
ա/ գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների սահմանումը և դրանց վերահսկումը.
բ/ կարգավորող մարմնին հաշվետվություն ներկայացնելու նպատակով լիցենզավորված անձանց համար հաշիվների, ենթահաշիվների ներդրումը՝ համաձայն ազգային հաշվային պլանի, հաշվապահական հաշվառմանն առնչվող օրենքների ու իրավական ակտերի.
գ/ կարգավորվող սակագների սահմանումը.
դ/ գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (ծառայությունների մատուցման), ինչպես նաև սպառողների հետ կնքվող էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.
ե/ շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.
զ/ կարգավորող մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.
է/ սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.
ը/ գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի ուսումնասիրումը՝ ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մաս-նակի) ներառման կամ մերժման նպատակով:
Հոդված 10. Կարգավորող մարմինը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազոր-ված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին), որը գործում է օրենքով իրեն վերա-պահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
Հոդված 11. Լիազորված մարմնի աշխատանքի կանոնակարգումը
1. Լիազորված մարմինը իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ:
2. Լիազորված մարմինը վարում է իր ակտերի գրանցամատյանը: Լիազորված մարմնի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գե-րատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կամ մամուլում:
3. Լիազորված մարմինը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:
4. Լիազորված մարմնի ներկայացուցիչները, լիազորված մարմնի իրավասություններով և պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք լիցենզավորված անձանց գործունեության տարածք:
5. Լիազորված մարմինն իր աշխատանքներում իրավասու է ներգրավել անկախ փորձագետների, եթե վերջիններս լիցենզավորված անձանց հետ կապված ֆինանսական շահագրգռվածություն կամ դրանցում փայամասնակցություն չունեն:
6. Լիազորված մարմինն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
7. Սույն օրենքի պահանջները խախտելու համար լիազորված մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Լիազորված մարմնի իրավասությունները
Լիազորված մարմինը՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով սահմանում է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի, էներգետիկայի բնա-գավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման կարգավորվող սակագները, ինչպես նաև էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման առավելագույն սակագները.
բ) լիցենզավորում է էներգետիկայի բնագավառում իրականացվող գործունեությունները.
գ) վերահսկում է գործունեության լիցենզիայի պայմանների պահպանումը և կիրառում սույն օրենքով սահմանված տուժանքները.
դ) հաստատում, սահմանում կամ մերժում է լիցենզավորված անձանց բաժնետոմսերի գնման պայմանները (եթե պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումը կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված չէ), ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից մատուցվող ծառայության համար անհրաժեշտ գույքի վաճառքի կամ փոխանցման պայմանները՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
ե) սահմանում է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.
զ) հաստատում է շուկայի կանոնները՝ համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ (այսուհետ՝ պետական մարմին).
է) սահմանում է լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր կողմից սահմանված կարգով գրանցում է լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման ու արտահանման պայմանագրերը.
ը) սահմանում է լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովում դրանց ներդրումը.
թ) կազմակերպում է քննարկումներ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, այդ թվում՝ սպառողներին ներկայացված վճարման հաշիվների վիճարկման վերաբերյալ, քննարկումների արդյունքով կայացնում է որոշումներ և (կամ) տալիս է պարզաբանումներ.
ժ) լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման և ներկայացված ֆինանսատնտեսական հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց տեղակայանքների և ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր.
ժա) իր կողմից սահմանված կարգով լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջում է բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.
ժբ) սահմանում է սպառողների սպասարկման որակի վերաբերյալ ընկերություններին ներկայացվող պահանջները.
ժգ) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ՝ կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.
ժդ) ուսումնասիրում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացված զարգացման ներդրումային ծրագրերը, ընդունում որոշումներ՝ ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ.
ժե) ապահովում է իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը և մեկնաբանումը:
Հոդված 13. Պետական մարմինների հետ համագործակցությունը
1. Լիազորված մարմինն իրավունք ունի դիմել պետական մարմիններ՝ իր իրավասությունների շրջանակով պայմանավորված տեղեկություններ ստանալու համար:
2. Լիազորված մարմինն իր իրավասություննրի շրջանակում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:
Հոդված 14. Գաղտնիությունը
1. Լիցենզավորված անձի կողմից լիազորված մարմնին ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվու-թյուն»:
2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարա-կումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Լիազորված մարմինն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը:
3. Լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գաղտնի տվյալների հրապարակման համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Հոդված 15. Կարգավորվող սակագների ձևավորման սկզբունքները
Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝
ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրա-կանացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհա-տուցման ապահովումը.
բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.
ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.
ը) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.
թ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝
ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրա-կանացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհա-տուցման ապահովումը.
բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.
ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.
ը) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.
թ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
Հոդված 16. Կարգավորվող սակագների սահմանումը և կիրառումը
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է լիազորված մարմինը:
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները: Նման դեպքում լիազորված մարմինը սահմանված կարգով իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխել լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տված խախտման վերացումը:
3. Լիազորված մարմինը սահմանված կարգով կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին:
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ լիազորված մարմնի նախաձեռնությամբ: Լիազորված մարմինը սահմանված կարգով սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:
6. Լիազորված մարմինը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանված կարգով սահմանել նոր սակագին՝ ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուց-վող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
7. Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական, ջերմային էներգիան և բնական գազը վաճառել կամ լիցենզավորված ծառայությունները մատուցել լիազորված մարմնի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և (կամ) այն նպատակաուղղված չէ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելուն, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս լիազորված մարմինը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:
Գ Լ ՈՒ Խ 5
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 17. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորումը
1. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու գազամատակարարման համակարգերի օպերատորների ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեությունները, ինչպես նաև էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելու գործունեությունները կարող են իրականացվել միայն լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիաների առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք՝ լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների համաձայն:
2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը չի լիցենզավորվում:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է լիազորված մարմնի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:
Հոդված 18. Գործունեության լիցենզիա ստանալու պայմանները
1. Գործունեության լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է լիազորված մարմինը:
2. Գործունեության լիցենզիա տրվում է, եթե նման հայտով լիազորված մարմին դիմած իրավաբանական անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ ունի անհրաժեշտ գույք:
3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է լիազորված մարմինը:
4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացնելու պահից՝ լիազորված մարմինը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը, քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:
5. Լիազորված մարմինը լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկում է դիմողին՝ որոշումն ընդունելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
Հոդված 19. Գործունեության լիցենզիայի պայմանները
Գործունեության լիցենզիայի պայմանները սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 20. Գործունեության լիցենզիա տրամադրելու երաշխիքները
Էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, արտադրող կայանների կառուցման կամ վերականգնման, բնական գազի ներկրման լիցենզիա տրամադրելու համար համապա-տասխան գործունեության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողներից լիազորված մարմինը պահանջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ: Երաշխիքների չափերի հաշվարկման սկզբունքներն ու ներկայացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 21. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց սեփականության
իրավունքի սահմանափակումը
1. Լիցենզիա ունեցող որևէ անձ առանց լիազորված մարմնի թույլտվության չի կարող դառնալ լիցենզիա ունեցող մեկ այլ անձի 25 տոկոս և ավելի մաս կազմող բաժնետեր, փայատեր կամ միավորվել լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:
2. Գործունեության լիցենզիա ունեցող որևէ անձի կանոնադրական կապիտալում 25 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող բաժնետերը կամ փայատերը առանց լիազորված մարմնի թույլտվության իրավունք չունի ձեռք բերել նույն կամ մեկ այլ գործունեության լիցենզիա ունեցող անձի 25 տոկոս և ավելի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն, ինչպես նաև վաճառել 25 տոկոս և ավելի բաժնետոմսեր:
3. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ և գծեր) վաճառելու կամ գույքի նկատմամբ իրավունքը որևէ այլ կերպ փոխանցելու համար լիցենզավորված անձը դիմում է լիազորված մարմին՝ համաձայնություն ստանալու նպատակով:
Հոդված 22. Գործունեության լիցենզիա ունեցող անձի պարտականությունները
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է՝
ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերին ու գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.
բ) լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը.
գ) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող սարքավորումների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը՝ ապահովելով քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը.
դ) ապահովել լիցենզավորված գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող տեխ-նիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին.
ե) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների էներգատեղակայանքների և գծերի մատչելիությունը լիազորված մարմնի և օրենքով սահմանված այլ մարմինների ներկայացուցիչների համար.
զ) բնակչությանն իրազեկ պահել անվտանգության տեխնիկայի կանոններին, այլ նորմերով սահմանված կողմերի իրավունքներին և պարտականություններին, որոնք առնչվում են գործունեության լիցենզիային և պայմանագրերին.
է) լիցենզիայի պայմաններին համապատասխան իրականացնել տեխնիկական (ներառյալ՝ տեխնոլոգիական կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի, սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգիայի կամ բնական գազի ծախսի և այլն) և (կամ) ֆինանսական աուդիտ՝ անկախ փորձագետների ներգրավմամբ.
ը) սահմանված կարգով լիազորված մարմնի համաձայնեցմանը ներկայացնել զարգացման ներդրումային ծրագրերը՝ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով.
թ) լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի և սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.
ժ) իրականացնել սույն օրենքով ամրագրված մյուս պարտավորությունները:
2. Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը չպետք է վտանգի լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:
Հոդված 23. Լիցենզավորված անձի հաշվետվությունները
Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմին՝ վերջինիս կողմից սահմանված ձևերով և կարգով:
Հոդված 24. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու կարգը
1. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լիցենզիա ունեցող անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
2. Լիազորված մարմնի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի փոփոխությունները կատարվում են գործունեության լիցենզիա ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:
3. Լիազորված մարմնի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած վնասները փոխհատուցվում են սակագնով:
Հոդված 25. Լիցենզավորված անձանց էներգատեղակայանքների տեխնիկական
վերահսկողությունը
Լիցենզավորված անձանց էներգատեղակայանքների կառուցման, գործարկման և շահագործման ընթացքում տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
Հոդված 26. Էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող անձն իրավունք ունի էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրել և վաճառել՝ շուկայի կանոններին ու լիցենզիայի պայմաններին և պայմանագրերին համապատասխան:
2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրման և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին դա վաճառելու իրավունք՝ համաձայն լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի:
Հոդված 27. Էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրաէներգիա (հզորություն) գնելու և (կամ) իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոնների և լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:
2. Արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում:
Հոդված 28. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման
գործունեության լիցենզիաները
1. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձին տրվում է իրավունք՝ լիցենզիայի պայմանների համաձայն կառուցել արտադրող էլեկտրական և (կամ) ջերմային (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայաններ:
2. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և ներքին շուկայի սպառող-ների շահերի պաշտպանությունը:
Հոդված 29. Արտադրության լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տըր-վում է էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք:
2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիա արտադրելու և լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով դա վաճառելու իրա-վունք:
3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կոնոններով և պայմանագրերով:
Հոդված 30. Հաղորդման (փոխադրման) լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, հա-մակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) և (կամ) ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով արտադրողից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը՝ պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին՝ միևնույն լիցենզիայով:
Հոդված 31. Համակարգի օպերատորի լիցենզիան
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են՝
- էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման,
- էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման) գործառույթների՝ ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորման ու կոորդինացման,
- էլեկտրաէներգետիկական համակարգում՝ համաձայն լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների, համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկման, դրանք լիցենզավորված անձանց առաջադրման և դրանց աշխատանքի հսկման,
- տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապա-հովման բացառիկ իրավունքներ:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, հիմք ընդունելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները և համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող ան-ձանց հետ, մշակում է համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը և պետական մարմինը:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում ապահովում է էներգետիկական շուկայի կանոններում ամրագրված՝ համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
4. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ՝ պահեստավորման) և տարանցման օպե-րատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:
5. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապա-հովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ՝ պահեստավորման) և տարանցման հու-սալիությունն ու անվտանգությունը:
Հոդված 32. Բաշխման լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա (հզորու-թյուն) բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև շուկայի կանոններին և լիցենզիայի պայման-ներին համապատասխան էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերա-տորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոն-ներով և պայմանագրերով:
3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է բնական գազի փո-խադրման և (կամ) ներկրման լիցենզիա ունեցող անձանցից բնական գազ ընդունելու և Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով՝ բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիայի արտադրության կամ փոխադրման լիցենզիա ունեցող անձանցից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու և սպառողին բաշխելու և (կամ) վաճառելու իրավունք՝ լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
Հոդված 33. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման
գործունեության լիցենզիաները
1. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների կազմը և լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակները սահմանում է լիազորված մարմինը և տալիս համապատասխան լիցենզիաներ:
2. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք ստանում են լիցենզիայում նշված ժամկետում տվյալ գործունեության իրականացման բացառիկ իրավունք:
Գ Լ ՈՒ Խ 6
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 34. Պայմանագրերը և դրանց գրանցումը
Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման և ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում լիազորված մարմնում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 օրը:
Հոդված 35. Սպառողների մատակարարման պայմանագրերը և
պատասխանատվությունը պարտավորությունների
խախտման համար
1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը՝ ընդունել դա և վճարել դրա համար:
2. Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատա-կարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:
3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից՝ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:
4. Մատակարարման պայմանագրով սահմանված կարգով մատակարարը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել էներգամատակարարումից (գազամատակարարումից), եթե սպառողը՝
ա) իր պատասխանատվության տակ գտնվող էներգիան կամ բնական գազը սպառել է հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով, որոնք հանգեցրել են հաշվառվող էներգիայի կամ բնական գազի քանակության նվազեցման.
բ) էներգիան և (կամ) բնական գազը ծախսվել են առանց մատակարարման պայմանագրում գրանցված հաշվառքի սարքի կամ հաշվառքի սարքի շրջանցումով:
5. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը, եթե վճարումները լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում չեն կատարվում: Նախքան սպառողի էներգամատակարարման և (կամ) գազամատակարարման դադարեցումը մատակարարը պարտավոր է կիրառել լիազորված մարմնի սահմանած բոլոր նախազգուշական միջոցները:
6. Մատակարարը վերականգնում է խախտումներ թույլ տված սպառողի մատակարարումը՝ սպառողի կողմից վնասը փոխհատուցելուց կամ իր համար ընդունելի պայմաններով սպառողից վնասի փոխհատուցման երաշխիքներ ստանալուց հետո:
7. Եթե սպառողը էներգիան և (կամ) բնական գազն սպառում է առանց պայմանագրի (ապօրինի սպառում), ապա մատակարարն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 36. Տուժանքները
Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի պահանջները խախտելու, լիազորված մարմնի իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքերում լիազորված մարմինն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կիրառել տույժի հետևյալ տեսակները`
ա) նախազգուշացում.
բ) սակագների նվազեցում.
գ) գործունեության լիցենզիայի կասեցում.
դ) գործունեության լիցենզիայից զրկում:
Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Այդ կարգի հա-մաձայն՝ լիցենզավորված անձն իրավունք ունի լիազորված մարմնի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առաջարկություններ և առարկություններ՝ կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:
Հոդված 37. Լիազորված մարմնի իրավական ակտերի բողոքարկումը
Լիազորված մարմնի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Լիազորված մարմնի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման և փոփոխման ենթակա չեն:
Գ Լ ՈՒ Խ 8
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 38. Սպառողների էներգամատակարարումը
1. Բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էներգիա և բնական գազ մատակարարել բաշխման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է լիազորված մարմնի կողմից հաստատված մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման համար կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների համար լիազորված մարմնի կողմից կարող են նախատեսվել էներգիայով և բնական գազով սնման կազմակերպման առանձին տարբերակներ: Այդպիսի օբյեկտների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Մատակարարման հարաբերություններում սպառողների իրավունքները և շահերը պաշտպանվում են սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սպառողների՝ սույն օրենքով չկարգավորված էներգամատակարարման հարաբե-րությունները կարգավորվում են էներգամատակարարման մասին այլ իրավական ակտերով և լիազորված մարմնի որոշումներով:
Հոդված 39. Ենթասպառողի էներգամատակարարումը
Սպառողը պարտավոր է էներգամատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրով, տեխնիկական պայմաններին համապատասխան և լիազորված մարմնի սահմանած մեթոդիկայով հաշվարկված ծառայության մատուցման վճարների չափով, իր էներգատեղակա-յանքներով հաղորդել մատակարարի էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար: Սպառողների, ենթասպառողների և մատակարարի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարման և օգտագործման կանոններով:
Հոդված 40. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ
պահանջող իրավիճակները
1. Լիցենզիա ունեցող անձինք լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Լեռնային Ղարաբաղի Հանարպետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ՝ պետական մարմնի և լիազորված մարմնի կողմից:
2. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել պետական մարմնի, լիազորված մարմնի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ՝ բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին:
Հոդված 41. Արտակարգ իրավիճակները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կար-գով հայտարարված արտակարգ իրավիճակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել էներգետիկայի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար:
Հոդված 42. Նոր կամ վերակառուցվող սպառողի կայանքների միացումը
էլեկտրական, ջերմային կամ բնական գազի ցանցերին
1. Նոր կամ վերակառուցվող սպառողների կայանքների միացման տեխնիկական պայմանները բաշխման ցանցերին կամ այլ սպառողների տեղակայանքներին առաջադրում է բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ լրացուցիչ պայմանները՝ այն անձը, որի տեղակայանքներին միացվում է նոր կամ վերակառուցվող անձի կայանքները: Սպառողների բոլոր միացումները, ներառյալ՝ անհրաժեշտ նոր շինարարությունը կամ էներգատեղակայանքների վերա-զինումը, կատարվում են մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն:
2. Նոր սպառողի միացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են սպառողի հետ:
3. Նոր սպառողի հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է լիցենզավորված անձը, եթե մատակարարման և օգտագործման կանոններով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Տեխնիկական պայմանների (միացման պայմանագրի) տրման՝ սույն օրենքով չկանոնակարգված հարցերը կարգավորվում են մատակարարման և օգտագործման կանոններով:
Հոդված 43. Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները
1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու կամ անձին լիցենզիայից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով լիազորված մարմինը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը՝ լիազորված մարմնի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան: Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:
2. Լիազորված մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել լիազորված մարմին՝ նոր լիցենզիա ստանալու համար:
3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում գործունեության նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը գործունեության լիցենզիայից զրկված անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը: Լիցենզիայից զրկված անձի՝ գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարվել պետության և հասարակության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով լիազորված մարմինը նշանակում է գործունեության լիցենզիայից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:
Հոդված 44. Էլեկտրաէներգիայի հաղորդման, բնական գազի փոխադրման և (կամ)
բաշխման ցանցեր մուտք գործելու իրավունքը
1. Արտադրության և ներկրման լիցենզիա ունեցող անձանց մուտքը հաղորդման (փո-խադրման) և բաշխման ցանց իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:
2. Հաղորդման (փոխադրման), բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել), բաշխել այլ լիցենզավորված անձանց կամ սպառողի էլեկտրական էներգիան (բնական գազը)՝ լիազորված մարմնի սահմանած սակագնով, եթե հաղորդումը (փոխադրումը) և (կամ) բաշխումը չի վատթարացնում համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշները և համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հոդված 45. Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաշվառումը
Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաշվառումը կատարվում է տեխնի-կական կանոնակարգերով սահմանված պահանջները և լիազորված մարմնի հետ համաձայնեց-ված պայմանները բավարարող հաշվառքի սարքերով և (կամ) լիազորված մարմնի հաստատած հաշվարկային մեթոդների կիրառմամբ:
Հոդված 46. Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները
1. Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել լիազորված մարմին՝ վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
2. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:
Հոդված 47. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիները
1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտներն ապահովվում են անվտանգության գոտիներով:
2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխա-տանքին, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը՝ ըստ տեխնիկական կանոնակարգերի:
4. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է՝
ա) կատարել հողային աշխատանքներ՝ առանց էներգատեղակայանքների սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության.
բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է էներգատեղակայանքների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը:
5. Էներգետիկայի և այլ բնագավառների համակարգերի փոխհատվող սարքավորումների (ինժեներական կառույցներ, հաղորդագծեր) սեփականատերերը պարտավոր են համագործակցել՝ դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 9
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 48. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49. Սույն օրենքին չհամապատասխանող կամ հակասող ակտերը
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված, օրենքի ուժ չունեցող այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 50. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.
ա) երեք տարվա ընթացքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.
բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը).
գ) տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման շուկայի կանոններով սահմանված կարգով:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կա-ռավարությունը՝
ա) 6-ամսյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշումներ, որոնք կանոնա-կարգում են հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրումը.
բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ:
3. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները լիցենզավորված անձինք իրականացնում են լիազորված մարմնի հաստատած փուլային ծրագրով և ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրա-վական ակտերը լիազորված մարմնի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում լիազորված մարմինը պարտավոր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում:
6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի դեկտեմբերի 29-ի «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Հոդված 51. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 նոյեմբերի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-6