‹‹Էլեկտրոնային հաղորդակցության մասին›› ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-իՀՕ-6 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.                

 
         «Հոդված 17.1 Ռադիոհաճախականության օգտագործման

                     թույլտվության տրամադրման (թույլտվության

                     գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման,

                     վերաձևակերպման և ռադիոհաճախականության 

                     օգտագործման պարտադիր վճարները

 

1.Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ:

2.Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի մեկ տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում:

3.Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման 99 տոկոսի չվճարման դեպքում Կարգավորողն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին իր որոշումը:

4.Դիմող անձի կողմից հայցվող և Կարգավորողի կողմից ընդունված որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) միջև տարբերության դեպքում կատարվում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի վերահաշվարկ:

5.Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման համար սահմանված պարտադիր վճարը վճարվում է նախքան Կարգավորողի կողմից համապատասխան որոշում ընդունելը:

6. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

7. Կարգավորողը իր կողմից սահմանված ձևով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին:

8. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և  եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով:

9. Սահմանված չափից ավելի վճարված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը ենթակա է վերադարձման` Կարգավորողին դիմում ներկայացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:

10. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

11. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կարգավորողը, իսկ վերահսկողությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկային մարմինը:»:

 

Հոդված 2. Հաջորդ բյուջետային տարվա համար ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի փոփոխությունը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ենթակա է կիրառման այդ բյուջետային տարվա հունվարի 1-ից: Այդ դեպքում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները ենթակա չեն կիրառման:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն