«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2014թ. հունիսի 26-ին

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի 34.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 34.1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամ­ների ամենամսյա պարգևավճարի իրավունքը

 

  1. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Արցախի հերոսները,

զ. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտա­կանությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները.

2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական  կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) և չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից.

4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականություն­ները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգևավճար՝ իր ընտրությամբ:
  2. Սույն հոդվածի իմաստով` զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի`

1) ծնողները, ամուսինը.

2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը).

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

  1. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։
  2. Ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2014 թվականի հուլիսի 1‑ից։

  1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված ամենամսյա դրամական օգնության փոխարեն նշանակվում է ամենամսյա պարգևավճար:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի) ստանալու իրավունք ունեցող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անձանց նշանակված դրամական օգնության (պարգևավճարի) իրավունքը չի վերանայվում:
  3. Եթե մահացած զինծառայողի ընտանիքի անդամին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, և նա դիմել է կենսաթոշակի փոխարեն իրեն ամենամսյա պարգևավճար նշանակելու համար, ապա ամենամսյա պարգևավճարը նշանակվում է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից՝ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                 Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

2014թ. հունիսի 30

Ստեփանակերտ

ՀՕ-27-Ն