Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ օրենք) 30-րդ հոդվածը տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ծառայության նոր վայր տեղափոխվելու և միանվագ դրամական օգնությունների չափերը հաշվարկելու համար պաշտոնային ու զինվորական կոչման դրույքաչափերը որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պաշտոնային ու զինվորական կոչման դրույքաչափերի ու դրանցից պահված եկամտային հարկի տարբերության չափով:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ:»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը
- Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը կամ ծառայության ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվում է դրամական օգնություն`
1) 3-ից մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
2) 10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
3) 15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով.
4) 20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված դրամական օգնության իրավունք տվող ժամանակահատվածում հաշվարկվում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների` պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը:
- Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին: Ծառայության ընթացքում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու պատճառով կամ կարգապահական տույժի կարգով ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դրամական օգնությունն ենթակա է վճարման, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձը վերականգնվում է ծառայության մեջ, ընդ որում, դրամական օգնությունը վճարվում է ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած ծառայության ստաժին համապատասխանող չափով: Ծառայության մեջ վերականգնվելու և հետագայում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակվելու դեպքում, դրամական օգնությունը վճարվում է` հաշվի առնելով մինչ ծառայությունից արձակվելու օրն ունեցած ծառայության ստաժը, ընդ որում, ծառայության ստաժում ներառվում է նաև մինչև ծառայության մեջ վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածը:
- Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին պայմանագրային հիմունքներով ծառայության անցած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու դեպքում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնությունը վճարվում է արձակվելու պահին ունեցած ծառայության ստաժի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնության և նախկինում ստացած դրամական օգնության տարբերության չափով: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասում թվարկված յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` ծառայության ստաժի հիման վրա տրվող դրամական օգնության գումարի չափը:
- Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով ծառայությունից արձակված և կրկին ծառայության անցած զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակելիս, դրամական օգնությունը հաշվարկելիս հաշվի է առնվում վերջին անգամ ծառայության անցնելուց հետո ձեռք բերած ծառայության ստաժը:
- Զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին մեկ անգամ վճարվում է նաև դրամական օգնություն ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում`
1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ լինելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 25 տոկոսի չափով.
2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կմ և ավելիի դեպքում` պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
- Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում զինծառայողի և փրկարար ծառայության ծառայողի հետ նոր ծառայության վայր մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված համապատասխան գումարի 10 տոկոսի չափով:
- Հիմնական արձակուրդային վճարից բացի զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` առավելագույնը մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափի չափով:
- Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարար ծառայության ծառայողների ընտանիքների անդամներին մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
- Բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, սույն հոդվածով սահմանված դրամական այլ օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին տրվող դրամական օգնության այլ դեպքեր:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափերը եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ:»:
Հոդված 5. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ և 4-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն