Ընդունված է 1998թ. դեկտեմբերի 18-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների՝ կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական եւ կազմակերպական դրույթները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական եւ ենթաօրենսդրական այլ ակտերով:
Հոդված 2. «Զինծառայող» հասկացությունը
Սույն օրենքի համաձայն՝ զինծառայող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգի, Ստեփանակերտ քաղաքի եւ շրջանների մասնագիտացված ռազմականացված հրշեջ կազմավորումների հրամանատարական եւ շարքային անձնակազմի ծառայողները:
(լրաց. 06.04.99)
Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք
Զինծառայողներին հավասարեցված անձինք են՝
ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 31, 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 29 (երրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:
Հոդված 4. Պետական մարմինների եւ գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում
Համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ բոլոր կարգի գործատուները զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրակա-նացնող ստորաբաժանումները պարտավոր են՝
ա) կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց աջակցել պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
բ) գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը
Եթե զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները
Զինծառայողներին նշանակվում են հետեւյալ պետական կենսաթոշակները՝
ա) երկարամյա ծառայության համար.
բ) հաշմանդամության համար.
Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ՝ կերակրողին կորցնելու դեպքում:
Հոդված 7. Կենսաթոշակների նշանակման պայմանները
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց ծառայության տարիների համար կենսաթոշակ նշանակելիս մեկ օրը հաշվվում է երեք օր:
Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով եւ չափերով:
Զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տեւողությունից:
Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը
Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին նշանակվում է սույն օրենքով կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված մեկ կենսաթոշակ՝ իրենց ընտրությամբ:
Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցները
Սույն օրենքի համաձայն՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս նրանց դրամական բավարարմանը միացվում է սննդի փոխհատուցման գումարը:
Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները
Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստանալուց օգտվում են այն զինծառայողները, ովքեր՝
ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ.
բ) տարիքի, առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին, 50 տարին լրանալու դեպքում, ունեն 25 եւ ավելի տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որից ութ տարուց ոչ պակասը կազմում է զինվորական ծառայությունը:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովումը իրականացվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը
Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով՝
ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» ենթակետում թվարկված զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով£ 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի երկու, իսկ աշխատած եւ զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար՝ մեկ տոկոսի չափով.
բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» ենթակետում թվարկված զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով: 25 տարուց ավելի աշխատած եւ զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի չափը եւ ցածր լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:
Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում՝ արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման պայմանները
Զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում աշխատու-նակության լրիվ կամ մասնակի կորստի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում, եթե հաշմանդամությունը առաջացել է՝
զինվորական ծառայության ընթացքում.
ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում.
այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ծագած հաշմանդամության պատճառի հետեւանքով:
Համաձայն սույն օրենքի՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող հաշմանդամության պատճառներ են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները եւ առաջացած հիվանդությունները:
Հաշմանդամության պատճառները, խումբը, ինչպես նաեւ հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ), որոնք գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետեւյալ չափերով՝
ա) 1-ին խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակից:
Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ, իսկ անաշխատունակ զավակներին, անաշխատունակ ծնողներին եւ անաշխատունակ ամուսնուն՝ անկախ այն բանից, նրանք զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:
Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ նշանակվում է անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից եւ անցած ժամանակաշրջանից:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:
Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում եւ վճարվում է առանձին:
Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:
Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն՝
ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, ինչպես նաեւ եղբայրները, քույրերը եւ թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում.
բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը կամ ամուսինը, եթե չեն աշխատում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու եւ ավելի զավակ կամ միակ զավակին կորցրած ծնողները՝ անկախ տարիքից ու աշխատանքից.
գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրը կամ քույրը՝ անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա խնամում է զոհված (մահացած) կերակրողի 8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին եւ չի աշխատում.
դ) պապը եւ տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ եւ չեն աշխատում:
Բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչեւ նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը:
Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները
Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները՝ հարազատ զավակներին համահավասար:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասները այդ իրավունքը պահպանում են նաեւ որդեգրվելու դեպքում:
Խորթ հայրը եւ խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր եւ մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել եւ դաստիարակել են առնվազն 5 տարի:
Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:
Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաեւ կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում, եթե նրա խնամակալության տակ կա անչափահաս երեխա:
Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին
Կերակրողին կորցնելու դեպքում ամբողջովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:
Մինչեւ որբ երեխայի չափահաս դառնալը վճարվող գումարները փոխանցվում են վերջինիս հաշվին եւ որեւէ մեկը չի կարող տնօրինել դրանք:
Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է՝
ա) յուրաքանչյուր երեխային՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.
բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.
գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին՝ կերակրողի դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու եւ ավելի զավակ կամ միակ զավակին կորցրած ծնողներին կենսաթոշակ է նշանակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բազային կենսաթոշակի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում եւ վճարվում է անկախ այն բանից, թե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:
Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման եւ մերժման կարգը
Սույն օրենքի համաձայն՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումը՝ դիմում (զեկուցագիր) եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
Մերժման որոշում ընդունելու դեպքում ամենաուշը 5 օրվա ընթացքում համապատասխան մարմինը այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին՝ նշելով մերժման պատճառն ու գանգատարկման կարգը՝ միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:
Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները
Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են՝
ա) երկարամյա ծառայության եւ հաշմանդամության կենսաթոշակները՝ զինծառայությունից արձակվելու կամ ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո 12 ամսից ոչ ուշ.
բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը՝ կենսաթոշակի իրավունքի առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո 12 ամսից ոչ ուշ:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲԱՓՀ-ի կողմից սահմանված հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
60 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 55 տարեկանից բարձր կանանց հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է ցմահ£ Այդ հաշմանդամների բժշկական վերազննությունը կատարվում է միայն նրանց դիմումի համաձայն:
Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):
Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխումը կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:
Հոդված 22. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը
Եթե վերազննության հետեւանքով ԲԱՓՀ-ն զինծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում է կայացնում, ապա հաշմանդամության կենսաթոշակը վճարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21 եւ 22 հոդվածներով սահմանված կարգով£ Ընդ որում, եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքի 14 հոդվածով սահմանված կարգով՝ անկախ հաշմանդամության խմբի փոփոխման հանգեցնող պատճառներից:
Հոդված 23. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների գանգատարկումը
Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան մարմինների որոշումները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս՝ որպես ամսական դրամական բավարարման (վաստակի) չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակվելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողի ստացած դրամական բավարարումը եւ սննդի փոխհատուցման գումարը:
Դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրանց ընտանիքների անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում սույն օրենքի 14 եւ 19 հոդվածներով սահմանված նվազագույն չափերի կրկնապատիկով:
Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը
Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս եւ նշանակելիս սահմանվում են հետեւյալ հավելումները՝
ա) պատերազմի, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար՝ ըստ հաշմանդամության խմբերի՝ սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.
բ) պատերազմի մասնակիցների համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
գ) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար՝ յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալի՝ բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.
դ) 1-ին խմբի հաշմանդամների համար՝ բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաեւ 70 եւ բարձր տարիքի կենսաթոշակառուների համար՝ բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով:
ե) Արցախի ազգային հերոսների համար, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին եւ 2-րդ աստիճանի «Մարտական խաչի», ինչպես նաեւ ԽՍՀՄ «Փառքի» 3 աստիճանի շքանշանակիրների համար՝ բազային կենսաթոշակի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ՝ բացառությամբ «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի եռապատիկից ոչ ավելի:
Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը
Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի մշտական բնակության վայրի:
Կենսաթոշակը լիազորագրերով կարող է վճարվել երեք ամիս՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի:
Նշանակված, բայց ժամանակին չպահանջված կենսաթոշակի գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմում տալուն նախորդող ամենաշատը երեք տարվա համար:
(խմբ. 06.04.99, 11.12.99)
Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված կենսաթոշակի գումարներն անցած ժամանակի համար վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
Պետության խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնած անձանց կենսաթոշակների վճարումը իրականացվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48 հոդվածին համապատասխան:
Հոդված 27. Պահումներ կենսաթոշակից
Սույն օրենքով նշանակվող կենսաթոշակներից պահումներ կատարվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 51 հոդվածով սահմանված կարգով ու չափերով:
Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին
Կենսաթոշակառուին հասանելիք եւ նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:
Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ՝ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով՝ վերը նշված նպաստի սահմաններում:
Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում:
(խմբ. 06.04.99, 11.12.99)
ԳԼՈՒԽ 3
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Զինծառայողների աշխատանքային երաշխիքները
Զինծառայողները, բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը կասեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչեւ զորակոչվելը իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո երկամսյա ժամկետում ընդունել աշխատանքի նախկինից ոչ ցածր պաշտոնով: Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո մեկ տարվա ընթացքում զինծառայողները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից:
Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը
Զինծառայողները պետական բյուջեի միջոցների հաշվին ստանում են ֆինանսական, պարենային եւ հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցում ՝ իրենց ցանկությամբ:
Զինծառայողների ֆինանսական, պարենային եւ հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ եւ ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների եւ արտոնությունների բոլոր ձեւերը: Պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցնել զինծառայողները, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաեւ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն՝
մինչեւ 10 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.
10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.
15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.
20-ից ավել տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին՝ բազային կենսաթոշակի քսանապատիկի չափով:
Հոդված 31. Զինծառայողների աշխատելու եւ հանգստի ժամանակը
Զինծառայողների աշխատելու եւ հանգստի ժամանակի տեւողությունն ու բախշումը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կանոնագրքերով եւ համապատասխան այլ օրենսդրական ակտերով:
Զինավարժությունները, մարտական հրաձգությունները եւ մարտական հերթապահությունները անցկացվում են շաբաթվա ցանկացած օր, առանց աշխատաժամանակի ընդհանուր տեւողության սահմանափակման:
Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաեւ զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական եւ ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:
Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):
Զինծառայողների վերակարգերը եւ հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների եւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:
Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդ տալը
Ժամկետային զինծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տեւողությունը կազմում է՝
մինչեւ 15 տարի ծառայած զինծառայողների համար՝ 30 օր.
15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար՝ 40 օր.
25 եւ ավելի տարի ծառայած զինծառայողների համար՝ 45 օր.
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության սպայական կազմի համար՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար՝ երկու եւ կես օր հաշվարկով:
Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ 10 օր տեւողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ եւ այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ մինչեւ 10 օր տեւողությամբ:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ մասերի դրույթները չեն տարածվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում բարեխիղճ ծառայության, մարտական, հասարակական-պետական բարձր ցուցանիշների համար տրվում է արձակուրդ, զինվորներին՝ 15 օր, սերժանտներին եւ ավագներին՝ 20 օր տեւողությամբ:
Հրամանատարի (պետի) որոշմամբ պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչեւ 5 օր տեւողությամբ լրացուցիչ արձակուրդ՝ ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին՝ եւս 5 օր, 6 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:
Զինծառայողների ամուսիններին, իրենց ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու արձակուրդի հետ միաժամանակ:
Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը
Զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:
Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաեւ բուժման վայր մեկնելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների՝ այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Մինչեւ մշտական բնակտարածություն ստանալը, զինծառայողները (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները եւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված եւ 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին էլեկտրաէներգիայի, ջեռուցման, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման եւ հեռախոսի բաժանորդային վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 35. Լրացուցիչ երաշխիքներ եւ արտոնություններ՝ ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար
Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները՝ անկախ բնակարանի սեփականության ձեւից եւ գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում£
Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը
Զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:
Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները՝ 50 տոկոս զեղչով:
Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին (այրի, ծնողներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տրանսպորտից օգտվելու վարձի վճարման համար տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 37. Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները
Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները՝ նաեւ վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կուրսերում:
Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների եւ կուրսանտների վերականգնումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով՝ հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:
Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը եւ կենսաթոշակները վերահաշվարկելը
Զինծառայողները, ինչպես նաեւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով: Սույն օրենքի 33 եւ 36 հոդվածների համաձայն՝ զինծառայողներին մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ եւ չեն հարկվում եկամտահարկով:
Պարտադիր ժամկետային զինծառայողները սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով եւ չափերով:
Զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած եւ պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը:Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:
Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի հիսնապատիկի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից՝ բազային կենսաթոշակի հարյուրապատիկի չափով:
Նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:
Ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 40. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 41. Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ համապատասխան մարմինների՝ սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:
Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի սեպտեմբերի 30-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա լրացումներով եւ փոփոխություններով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
22 հունվարի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-42