Ընդունված է 2008թ. նոյեմբերի 26-ին
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի նկարագրությունը և գործածման կարգը:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Վահանի վրա՝ ուղղահայաց դիրքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով հատվածի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքևում` արծվի մագիլների մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԱՐՑԱԽ»:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերման մեջ արծիվը շագանակագույն է՝ սև զարդագծերով, գլուխը` սպիտակ, մագիլները` նարնջագույն: Արևի ճառագայթները և ցորենի հասկերը ոսկեգույն են: Քիրս լեռը պատկերված է երկնագույն, «Մենք ենք մեր սարերը» քանդակը՝ շագանակագույն: Արտաշիսյանների հարստության թագը ոսկեգույն է: Խաղողի վազի և թթենու տերևները կանաչ են£ Խաղողի ողկույզը պատկերված է շագանակագույն, իսկ թութը՝ սպիտակ գույնով: «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԱՐՑԱԽ» մակագրությունը արված է սև գույնով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի ընդօրինակումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների զինանշանները, կազմակերպությունների խորհրդանիշները, ինչպես նաև այլ խորհրդանիշներն ու զինանշանները պետք է տարբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանից:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի
գործածումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, հանրապետական գործադիր մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի, պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձևաթղթերի վրա:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի
տեղադրումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների և դատախազների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետի) աշխատասենյակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նստավայրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (ադ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքերում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:
3. Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա
պետության զինանշանի հետ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը չեն կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի չափերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը չի կարող տեղադրվել ավելի ցածր, քան օտարերկրյա պետության զինանշանը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով (2-ից ավելի) զինանշաններ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դրոշների վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի, քրեակատարողական ծառայողների, զինծառայողների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների ու մեդալների վրա
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների ու մեդալների վրա:
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 11. Անցումային դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1993 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» հրամանագիրը և 1994 թվականի նոյեմբերի 23-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի մասին» որոշումը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն