Ընդունված է 1996թ. մայիսի 6-ին
Հոդված 1. Հիմնադրել «Երախտագիտություն» մեդալ:
Հոդված 2. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են մուծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:
Հոդված 3. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ներկայացմամբ:
Հոդված 4. «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, կազմակերպություններն ու կոլեկտիվները, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիները, կազմակերպություններն ու կոլեկտիվները:
Հոդված 5. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում և ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների և մեդալների ստատուտի համաձայն:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 8