«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2015թ. մարտի 25-ին

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-86-Ն oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին հոդվածով.

 

«Հոդված 9.1. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

 

  1. Սույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների չափով, բայց ոչ ավելի, քան`

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը.

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները`

1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին` տարեկան պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

4) անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:
  2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկ կամ ճշտված տարեկան եկամուտների մասին հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է վարձու աշխատողին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատողին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ.

3) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է անհատ ձեռնարկատիրոջը վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

4) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է անհատ ձեռնարկատիրոջը, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:

  1. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
  2. Սույն հոդվածի կիրառության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. ապրիլի 3

Ստեփանակերտ

ՀՕ-9-Ն