Եկամտային հարկի մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտային հարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողների շրջանակը, եկամտային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2.

 Եկամտային հարկի հասկացությունը

  1. Եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3.

 Եկամտային հարկ վճարողները

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հարկ վճարողներ):
  2. Սույն օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

  1. Սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ռեզիդենտ չէ:

 

Հոդված 4.

Հարկվող օբյեկտը

 

  1. Ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)հարկվող եկամուտը:
  2. Ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում ղարաբաղյան աղբյուրներից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)հարկվող եկամուտը:
  3. Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:

 

Հոդված 5.

Համախառն եկամուտը

 

  1. Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)բոլոր եկամուտների հանրագումարն է:
  2. Եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)գույքը, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)եկամուտները:
  3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  4. Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
  5. Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:

 

Հոդված 6.

 Նվազեցվող եկամուտները

 

  1. Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարների.

2) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների.

3) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և(կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կուտակային վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի հինգ տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում պետության կողմից հարկ վճարողի համար կատարված կուտակային վճարները.

6) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կատարած կուտակային վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.

7) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համաձայն տրված միանվագ վճարները.

9) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրության համապատասխան վճարված ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները.

12) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և դրամական միջոցները.

14) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրված օգնության գումարները.

15) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրված գույքը և դրամական միջոցները.

16) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարված գումարները.

17) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացվող գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացվող գումարների.

18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները.

19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվել են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

20) ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.

22) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

23) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

24) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով.

25) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

26) պետական պարգևները (մրցանակները).

27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցված գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված և հատուցված տոկոսների.

28) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկ «Արցախբանկ»-ում մինչև 1993 թվականի հունվարի 1-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցված գումարները.

29) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.

30) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները.

31) ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից եկամուտը.

32) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման` յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով:

 

Հոդված 7.

 Արժեթղթերից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող   օբյեկտում

 

  1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկ վճարողի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցվում է`

1) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (հիմնադրամում) մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

2) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

3) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

4) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

5) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացված միջոցների (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից) չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամուտները ներառվում են համախառն եկամտում, եթե`

1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից կամ

2) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

  1. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկ վճարողն իր համախառն եկամտում կարող է չներառել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված եկամուտները, եթե`

1) հարկ վճարողի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

2) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո` քսանչորս ամսվա ընթացքում: Սույն կետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձի հանձնելը կամ որևէ այլ գործարք, որ վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:

  1. Եթե հարկ վճարողն իրավունք ունի համախառն եկամտում չներառելու սույն հոդվածով սահմանված եկամուտը և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտում չի ներառում արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` իր համախառն եկամտում կարող է չներառել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերությունը:

 

Հոդված 8.

Գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

 

  1. Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սույն հոդվածով սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը: Այլ գործունեությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:
  2. Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`

1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

2) տեխնիկական մշակաբույսերը.

3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

5) կերարտադրության այլ արտադրանքը.

6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

8) ծառերի և թփերի սածիլները.

9) ծառերի և թփերի տնկիները.

10) անասնաբուծության արտադրանքը.

11) խոզաբուծության արտադրանքը.

12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

13) թռչնաբուծության արտադրանքը.

14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.

15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

  1. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:

 

Հոդված 9.

Գրավադրված գույքի օտարումից ստացված եկամուտները

 

  1. Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինիս կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):
  2. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

  1. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:
  2. Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն մասի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր:
  3. Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:
  4. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:

 

Հոդված 10.

 Ոչ ռեզիդենտի ստացման ենթակա եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

 

  1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները, կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:
  2. Սույն օրենքի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելը:
  3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ղարաբաղյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով ղարաբաղյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`

1) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

2) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.

3) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.

4) ստացված պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները:

  1. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`

1) շահաբաժինները.

2) տոկոսները.

3) ռոյալթիները.

4) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

5) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

6) փոխադրման ծառայությունների (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 11.

 Եկամտային հարկի դրույքաչափերը

 

  1. Բացառությամբ սույն հոդվածի 2-9-րդ մասերում նշված դեպքերի`

1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի  նկատմամբ 21 տոկոս դրույքաչափով.

 2) հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի նկատմամբ 21 տոկոս դրույքաչափով:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կուտակված միջոցները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված կենսաթոշակներից եկամտային հարկը հաշվարկվում է վեց տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
  3. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է վեց տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

Սույն օրենքի իմաստով ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացված հատուցումը:

  1. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափով:

  1. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է վեց տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:
  2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս (բացառությամբ` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց եկամուտներ վճարելիս) եկամտային հարկը հաշվարկում և պահում է 10 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
  3. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամտի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: Հաստատագրված վճարների և (կամ) առևտրի  հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը վճարում են նվազագույն եկամտային հարկ` ամսական հինգ հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):

«Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք  (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չեն  հաշվարկում և չեն վճարում:

Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`

1) հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու առևտրի  հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.

2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):

Հարկային մարմնին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացրած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը  հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն մասով սահմանված չափով նվազագույն եկամտային հարկ չի վճարում:

  1. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռքբերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող տասներկուամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպություններին՝ վերջիններիս կողմից թողարկված և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

 

Հոդված 12.

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի դրույքաչափերը

 

  1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ղարաբաղյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.

1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` հինգ տոկոս.

2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված այլ հարկվող եկամուտներից` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:

  1. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`

1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման, կամ

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:



Գ Լ ՈՒ Խ  4

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ,

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

Հոդված 13.

Հարկային գործակալի կողմից եկամտային հարկը պահելը

 

  1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

Եթե Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից, ապա այդ կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց հաշվարկվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:

  1. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`

1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում բնակության հասցեն և ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, կամ

2) ֆիզիկական անձին վճարվում են մրցույթների և մրցությունների իրային շահումներ (մրցանակներ), ինչպես նաև խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած շահումներ:

 

Հոդված 14.

Եկամտային հարկի հաշվարկման կարգը և հաշվարկների  ներկայացումը

 

 

  1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած և տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նպաստների գումարները: Ընդ որում, սույն մասով սահմանված նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը բավարար չէ սույն հոդվածով սահմանված նպաստները վճարելու համար, ապա հարկային գործակալը նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցվում է պետական բյուջեից մեկամսյա ժամկետում` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  1. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`

1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների), որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ  մասով սահմանված դեպքերի).

2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

  1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
  2. Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:
  3. Հարկային գործակալները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

 

Հոդված 15.

Եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը

 

  1. Սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման (պասիվ եկա­մուտ­ների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանք­ների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման) ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

 

 

Հոդված 16.

Հարկային մարմնի և հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

  1. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա ղարաբաղյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինները տրամադրում են համապատասխան տեղեկանք` հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով:
  2. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված և վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաև գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 17.

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հաշվառումը

 

  1. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 18.

Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

 

  1. Ձեռնարկատիրական գործունեությունից եկամտային հարկի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ, բացի սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտներից, համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացման ենթակա կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի ներկայացրած տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա:
  2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես`

1) նյութական ծախսերը.

2) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

3) գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները` տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի հինգ տոկոսը չգերազանցող մասով.

4) ամորտիզացիոն մասհանումները.

5) վարձակալական վճարները.

6) ապահովագրական վճարները.

7) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը, բնօգտագործման վճարները և այլ պարտադիր վճարները.

8) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

9) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային այլ ծառայությունների համար վճարները.

10) գովազդային ծախսերը.

11) ներկայացուցչական ծախսերը.

12) հովանավորչական ծախսերը.

13) դատական ծախսերը.

14) գործուղման ծախսերը.

15) պատճառած վնասի հատուցումը.

16) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող տույժերի, տուգանքների և գույքային այլ պատժամիջոցների.

17) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

18) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը:

  1. Ծախս չեն համարվում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկ վճարողի կատարած ներդրումները:
  2. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի, համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:
  3. Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19.

Եկամտային հարկի գումարի  հաշվարկումը

 

  1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերով սահմանված դրույքաչափերով եկամտային հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկ վճարողն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

 

Հոդված 20.

Եկամտային հարկի կանխավճարները

 

  1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) առևտրի հարկով հարկվող գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը  պարտավոր  է  կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 20-ից ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Այն հարկատուն, որը հարկային մարմնին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտային հարկի գումարի հաշվարկումը հարկ վճարողը եկամտային հարկի կանխավճարները առաջին անգամ մարտի 20-ից ոչ ուշ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:
  4. Հարկ վճարողը հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող օբյեկտից, հաշվարկում է եկամտային հարկի գումարը` դրանից հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
  5. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
  6. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտային հարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտային հարկի գծով, և հարկ վճարողը պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտային հարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտային հարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:

 

 

Հոդված 21.

Անվճարունակության գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունը

 

  1. Անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտային հարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՐԿԻ

ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

Հոդված 22.

Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման կարգը  և ժամկետները

 

  1. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համարմինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
  2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէ այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել կամ ստացման ենթակա են եղել`

1) բացառապես սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտներ, կամ

2) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա:

  1. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում չեն ներառում սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտները:
  2. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):
  3. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց:
  4. Հաշվետու ժամանակաշրջանի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո հարկ վճարողներն իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդողերեք օրացուցային տարվա ընթացքում:

 

Հոդված 23.

Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա հարկի վերջնահաշվարկը և վճարման ժամկետները

 

  1. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա կատարվում է եկամտային հարկի վերջնահաշվարկ` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:
  2. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով եկամտային հարկ վճարողը պարտավոր է եկամտային հարկի գումարը վճարել պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:
  3. Տարեկան եկամուտների մասին հաշվարկի արդյունքներով հարկ վճարողի` բյուջե ավել վճարած (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) հարկի գումարները ենթակա են վերադարձման հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 24.

Կրկնակի հարկման բացառումը

 

  1. Ռեզիդենտների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստացված (ստացման ենթակա)եկամտի գումարը ներառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարագրվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:
  2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտային հարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված (ստացման ենթակա) եկամտից` սույն օրենքի դրույթներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարին:


Գ Լ ՈՒ Խ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 25.

Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

 

  1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:
  3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
  4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 21 տոկոսի չափով:
  5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար վճարում է եկամտային հարկ`

1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

2) 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

3) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

4) 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

Սույն մասում նշված հարկի գումարները հարկային գործակալները պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

 

Հոդված 26.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

  1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 27.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-46 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-13 օրենքները:

 

Հոդված 28.

Անցումային դրույթներ

 

  1. 2014 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած եկամտահարկի կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, և դրանք ենթակա են կատարման «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:
  2. 2014 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները հաշվարկվում են`

1) եկամտահարկի գծով 2013 թվականի վերջին կանխավճարի չափից ոչ պակաս չափով (եթե մինչև 2014 թվականի մարտի 20-ը հարկ վճարողի կողմից 2013 թվականի եկամտահարկի գումարը դեռևս հաշվարկված չէ), կամ

2) 2013 թվականի եկամտահարկի գումարի 18.75 տոկոսի չափով (եթե մինչև 2014 թվականի մարտի 20-ը հարկ վճարողի կողմից հաշվարկվել է 2013 թվականի եկամտահարկի գումարը):

2014 թվականի առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները վճարվում են մինչև 2014 թվականի մարտի 20-ը:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչև նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:
  2. Մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային պայմանագիրը լուծվելու և վարձու աշխատողի հետ վերջնահաշվարկի գումարները 2014 թվականի ընթացքում վճարվելու դեպքում այդ գումարների նկատմամբ հարկերը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը գործող օրենքներին համապատասխան:
  3. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգի սահմանումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկի գումարները հաշվարկվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:
  4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ փաստացի գործունեություն չիրականացնող (գործունեությունը փաստացի դադարեցրած) անհատ ձեռնարկատերերը մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված չափով նվազագույն եկամտային հարկ  չեն վճարում:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-86-Ն