Ընդունված է 2008թ. նոյեմբերի 26-ին
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի գործածումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նստավայրի,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմինների,
մարդու իրավունքների պաշտպանի,
հանրապետական գործադիր մարմինների,
պետական կառավարման այլ մարմինների,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների),
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի) շենքերի վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա` միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է՝
պաշտոնական, աշխատանքային և հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նստավայրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատական նիստերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը տեղադրվում է`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի այլ մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների և դատախազների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետի), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի փոխադրամիջոցների վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական և մշտական ներկայացուցչությունների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ներքո:
6. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը,
փոխանցումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի գործածումը սգո
արարողությունների ժամանակ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում մահացածի դին և դագաղը ծածկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով: Աճյունը հողին հանձնելուց առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:
Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի գործածումը օտարերկրյա պետության դրոշի հետ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը օտարերկրյա պետության դրոշի հետ միաժամանակ բարձրացնելու անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի դրանց մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով (2-ից ավելի) դրոշներ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշն այլ պետությունների դրոշների հետ միաժամանակ բարձրացվելու դեպքում այլ պետությունների դրոշների չափերը չեն կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի չափերը:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները
1. Բարձրացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
2. Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ պետք է լինի 1:1,7-ից ոչ պակաս:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի, իսկ սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշը լինի դրոշի ներքևի մասում:
Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի ընդօրինակումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների դրոշները պետք է տարբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշից:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի գործածումը զինված ուժերի և
այլ զորքերի կողմից
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև այլ զորքերի մշտական տեղակայման վայրերում` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ (զորահանդես, շարային ստուգատես, զինվորական երդում, տոնական միջոցառումներ և այլ հատուկ դեպքեր):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով նախատեսված դեպքերում զորամասի մարտական դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 12. Անցումային դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1993 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի օգտագործման կարգը, կանոնադրությունը և հրահանգը հաստատելու մասին» որոշումը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-55-Ն