Ընդունված է 2015թ. սեպտեմբերի 30-ին
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-238 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետ.
«ե.1) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված արտաքին մրցույթի արդյունքներով կցորդի կամ այլ պաշտոնում նշանակված անձին համապատասխանաբար կցորդի կամ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցնելու դեպքում:
- Հերթական դիվանագիտական աստիճանը, բացառությամբ բարձրագույն դիվանագիտական աստիճանի, շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետևյալ ժամկետներում.
ա) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.
բ) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.
գ) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված` դիվանագետի ատեստավորման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում:
- Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների, անբասիր աշխատանքի համար, մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է հերթական դիվանագիտական աստիճան շնորհել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ կամ շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան:
- Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»։
Հոդված 3.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող այն դիվանագետներին, որոնց երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ստանալու պահից անցել է առնվազն երկու տարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, շնորհում է առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճան, իսկ երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող մյուս դիվանագետներին` երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան` հաշվի առնելով մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը: Վերջիններիս ծառայության ժամկետը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկվում է հաջորդ դիվանագիտական աստիճանը ստանալու համար պահանջվող ծառայության ժամկետում:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ դասի խորհրդականի աստիճան ունեցող դիվանագետներին հաջորդ դիվանագիտական աստիճանը շնորհվում է, եթե նրանք այդ աստիճանով ծառայել են առնվազն երկու տարի:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. հոկտեմբերի 9
Ստեփանակերտ
ՀՕ-43-Ն