Դիվանագիտական ծառայության մասին

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

 

Գ Լ Ո Ւ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության կազմակերպման, ղեկավարման, այդպիսի ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակի սահմանման, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքների, ինչպես նաև դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

 

 

Հոդված 2.

Սույն օրենքի գործողության ոլորտը 

 

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և դրանցում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց (այսուհետ՝ դիվանագետ) վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վարչատեխնիկական կամ սպասարկման գործառույթներ իրականացնող անձանց վրա:

Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակիչներ համարվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում հաշվի են առնվում նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

 

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) դիվանագետ՝ դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնական անձ, որի գործունեությունն առնչվում է արտաքին-քաղաքական գործառույթների իրականացման ոլորտին.

բ) դիվանագիտական ծառայություն՝  մասնագիտական գործունեություն, որը հանդիսանում է պետական ծառայության բաղկացուցիչ մաս և կատարվում է դիվանագիտական ծառայության մարմինների կողմից միջազգային հարաբերություններում և միջազգային կապերում խնդիրներ լուծելու նպատակով.

գ) հատուկ առաքելություն՝  իր բնույթով պետություն ներկայացնող ժամանակավոր առաքելություն, որն ուղարկվում է մի պետության կողմից մեկ այլ պետություն` վերջինիս համաձայնությամբ, նրա հետ որոշակի հարցեր քննարկելու կամ նրա հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու նպատակով.

դ) դիվանագիտական ներկայացուցչություն՝ օտարերկրյա պետությունում սահմանված կարգով հավատարմագրված դեսպանություն կամ միջազգային կազմակերպությունում հավատարմագրված ներկայացուցչություն, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական հարաբերություններ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում.

ե) դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար՝ անձ, որին ուղարկող պետությունը նշանակում է այդ կարգավիճակով հանդես գալու համար.

զ) միջազգային պայմանագիր՝  պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից:

 

 

Հոդված 4.

Դիվանագիտական ծառայությունը և գործունեությունը

 

 

1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված մարմիններում կատարվում է՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով:

Դիվանագիտական գործունեություն է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի, հանրապետական գործադիր մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ առաքելությունների, պատվիրակությունների, բանակցային խմբերի կողմից միջազգային հարաբերություններում և միջազգային կապերում սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը:

2. Դիվանագիտական ծառայությունը պետական ծառայության բաղկացուցիչ մասն է:

 

 

Հոդված 5.

Դիվանագիտական ծառայության խնդիրները

 

 

Դիվանագիտական ծառայության խնդիրներն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:

 

 

Հոդված 6.

Դիվանագիտական ծառայության մարմինները

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)՝

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունները,

- միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը:

 

 

Հոդված 7.

Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

2. Դիվանագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ Ո Ւ Խ  2

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հոդված 8.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների գործունեությունը:

 

 

Հոդված 9.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարումը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

3. Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Գլխավոր քարտուղարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը: Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոնն է:

Գլխավոր քարտուղարը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Արտաքին գործերի նախարարի տեղակալների և գլխավոր քարտուղարի իրավասությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 10.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետությունում հավատարմագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունն է և միջազգային կազմակերպությունում հավատարմագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական հարաբերություններ համապատասխան օտարերկրյա պետությունում և միջազգային կազմակերպությունում:

2. Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունները և միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն, որոնք հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ (ռազմական, առևտրական և այլ) ներկայացուցիչներ (կցորդներ) կամ ներկայացուցչություններ.

բ) նաև այլ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:

Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:

Սույն մասի «ա» և «բ» կետերում ներկայացուցիչների նշանակման, ինչպես նաև ներկայացուցչությունների գործունեության և կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները և ներկայացուցչության անձնակազմը կարող են օգտվել դիվանագետների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից, որոնց շրջանակը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 11.

Դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը և լուծարումը

 

 

1. Օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախնական համաձայնության հիման վրա:

Օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ տվյալ օտարերկրյա պետության հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:

Տվյալ պետության հետ դիվանագիտական կապերը վերականգնվելու կամ որևէ այլ պատճառով օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունը լուծարելուց հետո դրա վերականգնման անհրաժեշտություն առաջանալու դեպքում օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանության վերաբացումը կատարվում է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:

2. Միջազգային կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ տվյալ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով, կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը, անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով, կարող է որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել օտարերկրյա այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում: Որևէ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում՝ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախնական համաձայնության դեպքում:

 

 

Հոդված 12.

Դիվանագիտական ներկայացուցչության խնդիրները

 

 

1. Օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանության խնդիրներն են՝

ա) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ՝ դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.

բ) խրախուսել և ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները (ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներ), նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը.

գ) պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.

դ) պարզաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.

ե) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

զ) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.

է) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողություններ.

ը) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին.

թ) նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

2. Միջազգային կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խնդիրներն են՝

ա) ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում և ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպությունում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

բ) պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.

գ) պարզաբանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.

դ) նպաստել համապատասխան միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակներում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

ե) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպությունում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

զ) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարմիններին տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

3. Օտարերկրյա պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունները և միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչություններն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ խնդիրներ:

 

 

Հոդված 13.

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը

 

 

1. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (այսուհետ՝ դեսպան) կամ գործերի հավատարմատարը՝ տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ):

2. Դեսպանի, ինչպես նաև մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են:

Դեսպանին և մշտական ներկայացուցչին նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործերի հավատարմատարին նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3. Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջ ծավալով կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին նշանակում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ:

 

 

Հոդված 14.

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի՝ իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը

 

 

1. Դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի տված հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին իր ժամանման մասին ծանուցելուց և հավատարմագրի կրկնօրինակը նրան հանձնելուց հետո՝ դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի պետական մարմնի ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

3. Մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին նամակը հանձնելուց հետո:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունները դադարեցվում են հետևյալ դեպքերում.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով.

բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու.

գ) իր գործառույթները կատարելու անհնարինության.

դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության.

ե) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «ե», «է», «ը», «ժ»-«ժգ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքերում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

5. Մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը` դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը, դիվանագիտական ներկայացչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո, թափուր պաշտոնի առկայության դեպքում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի` առանց մրցույթի:

Այն անձը, որը մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չի զբաղեցրել, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:

 

 

Հոդված 15.

Հատուկ հանձնարարություններով դեսպանը և հատուկ առաքելությունները

 

 

Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան կամ ստեղծել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:

 

 

Հոդված 16.

Հյուպատոսական հիմնարկի ստեղծումը և լուծարումը

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկն ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության նախնական համաձայնության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

2. Հյուպատոսական հիմնարկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է նրան:

Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

3. Հյուպատոսական հիմնարկի ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

 

 

Հոդված 17.

Հյուպատոսական հիմնարկի գործունեության կարգավորումը

 

 

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հյուպատոսական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ Ո Ւ Խ  3

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

 

Հոդված 18.

Դիվանագիտական պաշտոնները

 

 

1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.

բ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.

գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.

դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.

ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.

զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:

4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝

ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը.

բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը.

գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը.

դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.

ե) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնը.

զ) գործերի հավատարմատարի պաշտոնը.

է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.

ը) խորհրդականի պաշտոնը.

թ) հյուպատոսի պաշտոնը.

ժ) փոխհյուպատոսի պաշտոնը.

ժա) հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոնը.

ժբ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.

ժգ) առաջին քարտուղարի պաշտոնը.

ժդ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.

ժե) երրորդ քարտուղարի պաշտոնը.

ժզ) կցորդի պաշտոնը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման և ազատման հետ կապված նորմերը:

 

 

Հոդված 19.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճանները

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետներին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում: Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են՝

ա) առաջին դասի խորհրդականի աստիճանը.

բ) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը.

գ) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը.

դ) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը.

ե) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

ե.1) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.

զ) երրորդ քարտուղարի աստիճանը.

է) կցորդի աստիճանը:

(19-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.09.2015 ՀՕ-43-Ն)

 

 

Հոդված 20.

Դիվանագիտական ծառայության պաշտոնների և դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը

 

 

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 21.

Դիվանագիտական աստիճաններ շնորհելու և դրանցից զրկելու իրավասություն ունեցող անձինք

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում և դրանցից զրկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ դիվանագիտական աստիճանները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 

 

Հոդված 22.

Դիվանագիտական աստիճանի շնորհումը

 

 

1. Սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված արտաքին մրցույթի արդյունքներով կցորդի կամ այլ պաշտոնում նշանակված անձին համապատասխանաբար կցորդի կամ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցնելու դեպքում:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը, բացառությամբ բարձրագույն դիվանագիտական աստիճանի, շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետևյալ ժամկետներում.

ա) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

բ) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

գ) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված` դիվանագետի ատեստավորման հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում:

4. Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների, անբասիր աշխատանքի համար, մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է հերթական դիվանագիտական աստիճան շնորհել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ կամ շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

(22-րդ հոդվածը խմբ. 30.09.2015 ՀՕ-43-Ն)

 

 

Հոդված 23.

Դիվանագիտական աստիճանի պահպանումը

 

 

1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:

2. Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք պահպանում են այդ աստիճանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից կենսաթոշակի անցնելու դեպքում:

3. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «զ», «է», «ը» կետերի համաձայն՝ դիվանագիտական ծառայությունից ազատված դիվանագետների աստիճանները վերականգնվում են մրցութային-ատեստավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա դիվանագետի՝ համապատասխան պաշտոնով նորից դիվանագիտական ծառայության անցնելու դեպքում:

Դիվանագիտական աստիճանի վերականգնման դեպքում հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ:

 

 

Հոդված 24.

Դիվանագիտական աստիճանից զրկելը

 

 

Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե», «թ»-«ժգ» կետերում սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ազատված անձանց զրկում են շնորհած դիվանագիտական աստիճաններից:

 

Գ Լ Ո Ւ Խ  4

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

 

 

Հոդված 25.

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած՝ համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները:

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 26.

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունքի սահմանափակումները

 

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր՝

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:

 

 

Հոդված 27.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

 

1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:

Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան:

Ներքին մրցույթ անցկացնելու մասին սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը վեց ամիս հետո: Այդ ընթացքում նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար:

4. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցույթն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:

6. Պաշտոնի չնշանակված արտաքին մրցույթով ընտրված անձը, սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, ընդգրկվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում:

 

 

Հոդված 28.

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը 

 

 

1. Մրցույթով անցած անձը դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարում է արտաքին գործերի նախարարը՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Օրենքով նախատեսված դեպքերում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը կարող է կատարվել նաև առանց մրցույթի:

5. Սույն օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում տվյալ դիվանագիտական ծառայության պաշտոնին է նշանակվում սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված անձը, եթե նշված ժամկետում տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սույն օրենքով սահմանված այլ հիմքեր չեն առաջացել:

 

 

Հոդված 29.

Փորձաշրջանը

 

 

1. Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում փորձաշրջան անցած անձն այդ մասին տեղեկացվում է գրավոր կերպով:

 

 

Հոդված 30.

Դիվանագետ համարվելը

 

 

Դիվանագետ է համարվում դիվանագիտական աստիճան ունեցող անձը:

Արտաքին մրցույթով առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված անձը դիվանագետ է համարվում, երբ նրան շնորհվում է համապատասխան դիվանագիտական աստիճան և նա տալիս է դիվանագետի երդումը:

 

 

Հոդված 31.

Դիվանագետի երդումը

 

 

Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագետի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և հայ ժողովրդին, պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:

Դիվանագետն ստորագրում է երդման տեքստի տակ և նրան հանդիսավորությամբ շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագետի վկայական:

 

Գ Լ Ո Ւ Խ  5

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

 

 

Հոդված 32.

Դիվանագիտական ծառայության ընթացքը

 

 

1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումում:

2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում իրար հաջորդող երկու տարի տևող աշխատանքային փուլերով:

Անհրաժեշտության դեպքում երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`

ա) անձնական դիմումի համաձայն.

բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու դեպքում.

գ) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության դեպքում:

 

 

Հոդված 33.

Դիվանագետի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին

 

 

1. Դիվանագետին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին տեղափոխելիս (տեղափոխում) հաշվի է առնվում դիվանագետի դիվանագիտական աստիճանը:

2. Տեղափոխումն իրականացվում է կամ հավասարազոր պաշտոնների միջև (ռոտացիա)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կամ ավելի բարձր պաշտոնի՝ սույն օրենքով նախատեսված ներքին մրցույթի հիման վրա:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվի սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետային սահմանափակումը:

 

 

Հոդված 34.

Գործուղումը 

 

 

1. Դիվանագետը, իր համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական մարմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:

Այդ դեպքում դիվանագետը պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:

Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

Դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության կամ այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 35.

Ատեստավորումը 

 

 

1. Ատեստավորումն իրականացվում է զբաղեցրած պաշտոնին` դիվանագետի համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:

2. Դիվանագետների ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետները լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:

4. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:

5. Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 36.

Դիվանագետի վերապատրաստումը

 

 

1. Դիվանագետի վերապատրաստումն անցկացվում է դիվանագետի ատեստավորման արդյունքների հիման վրա:

2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին՝ նրանց հրավերով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Վերապատրաստման նպատակով երեք ամսից ավելի ժամկետով ուսման մեկնելու դեպքում ուսման մեկնող դիվանագետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն ուսման մեկնողը պարտավորվում է ուսման ավարտից հետո՝ առնվազն երեք տարի, աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում: Նշված պայմանը խախտելու դեպքում նա պարտավոր է փոխհատուցել ուսման ծախսերը:

 

 

Հոդված 37.

Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

 

 

1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են աշխատանքից հետևյալ հիմքերով.

ա) միջազգային կազմակերպություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, որպես միջազգային ծառայողներ աշխատանքի անցնելու կապակցությամբ, միջազգային կազմակերպությունում պաշտոնավարության ավարտից հետո.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` մեկ տարուց ավելի ուսանելու կամ գիտական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ.

գ) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված պաշտոններում պաշտոնավարության ավարտից հետո.

դ) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և «ը» կետերում նախատեսված դեպքերում.

ե) իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում վերջիններիս ծառայելու կապակցությամբ՝ ամուսնու ծառայության ավարտից հետո:

2. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև`

ա) սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիվանագետները.

բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

3. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը մեկ տարի է: Կադրերի ռեզերվում գտնվելն իրավունք է տալիս դիվանագետին թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվել դիվանագիտական ծառայությունում՝ սույն օրենքի 27-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով:

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված դեպքի, հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

5. Կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ Ո Ւ Խ  6

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

 

Հոդված 38.

Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի խնդիրները և կազմը

 

 

Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:

Մրցութային-ատեստավորող հանձնաժողովում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև միջազգային հարաբերությունների բնագավառի գիտական աշխատողներ:

Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

Գ Լ Ո Ւ Խ  7

 

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

 

Հոդված 39.

Դիվանագետների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

 

1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.

զ) կարգապահական տույժի հանում:

Դիվանագետների նկատմամբ կարող են կիրառվել օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

2. Խրախուսանքի միջոցներ կիրառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Հայեցողական պաշտոններ չզբաղեցնող դիվանագետների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված խրախուսանքի միջոցները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:

(39-րդ հոդվածը լրաց. 26.12.2013 ՀՕ-81-Ն) 

 

 

Հոդված 40.

Դիվանագետների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահության կանոնները և դիվանագիտական էթիկան խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում (մինչև երեք ամիս ժամկետով):

2. Կարգապահական տույժերը կիրառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները կիրառում են սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված կարգապահական տույժերը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կիրառում է միայն սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված տույժերը:

 

 

Հոդված 41.

Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերը

 

 

1. Դիվանագետն զբաղեցրած պաշտոնից ազատվում է հետևյալ դեպքերում.

ա) անձնական դիմում ներկայացնելիս.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելիս.

գ) օրենքով սահմանված քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելիս կամ նշանակվելիս.

դ) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալիս.

ե) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելիս.

զ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալիս (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).

է) սույն օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալիս.

ը) հաստիքները կրճատվելիս և (կամ) դիվանագիտական ծառայության մարմինը լուծարվելիս.

թ) ատեստավորման հետևանքով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունը որոշելիս.

ժ) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները խախտելիս.

ժա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.

ժբ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելիս.

ժգ) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելիս:

2. Դիվանագետի պարտականությունները դադարում են նրա մահվան դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» և «թ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող դիվանագետները:

4. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

 

 

Հոդված 42.

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել:

 

ԳԼՈՒԽ  8

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Հոդված 43.

Դիվանագետի հիմնական իրավունքները 

 

 

Դիվանագետի հիմնական իրավունքներն են՝

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության բոլոր գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

դ) իր լիազորությունների շրջանակներում որոշումներ ընդունելը (անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ) և հարցերի քննարկումներին մասնակցելը.

ե) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.

զ) սոցիալական ապահովությունը.

է) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.

ը) վերապատրաստումը.

թ) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

ժ) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Դիվանագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

 

 

Հոդված 44.

Դիվանագետի հիմնական պարտականությունները

 

 

Դիվանագետի հիմնական պարտականություններն են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

բ) մասնագիտական և այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

դ) ղեկավար անձանց՝ իրենց լիազորությունների շրջանակներում ու սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

ե) մարդու և քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.

զ) արտաքին գործերի նախարարության հաստատած՝ աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը.

է) իր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

ը) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքների` օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելը, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դիվանագետի էթիկայի կանոնները պահպանելը.

ժ) իր եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դիվանագետն ունի նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

 

Հոդված 45.

Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները

 

 

1. Դիվանագետն իրավունք չունի՝

ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) իր ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ կրոնական միավորումների) շահերի համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար.

դ) խախտել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ հրաժարվել գաղտնիքին առնչվելու համար թույլտվություն ստանալու նպատակով սահմանված ընթացակարգն անցնելուց.

ե) ստանալ հոնորար իր ծառայողական պարտականությունների կատարումից բխող՝ իր նախապատրաստած հրապարակումների կամ ելույթների համար.

զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել դիվանագիտական ծառայության մարմնի նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքն ու ծառայողական տեղեկատվությունը.

է) իր ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ընդունել նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, վերջինիս զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիվանագետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման: Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտներ:

 

 

Հոդված 46.

Դիվանագետների սոցիալական երաշխիքները

 

 

Պետությունը դիվանագետի համար երաշխավորում է`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովում.

բ) ամենամյա վճարովի արձակուրդ.

գ) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրության վճար (նաև՝ նրա ընտանիքի անդամներին)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ ներկայացված բժշկական ապահովագրության պայմանագրերի.

դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված աշխատավարձը.

ե) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում՝ նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում՝ պատճառված վնասի հատուցմամբ.

զ) ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովում բռնությունից, ահաբեկումից և այլ ոտնձգություններից.

է) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում.

ը) (կետն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-64-Ն)

թ) օրենքով սահմանված այլ երաշխիքներ:

(46-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-64-Ն)

 

 

Հոդված 47.

Դիվանագետների դրամական աշխատավարձը և ծախսերի փոխհատուցումը

 

                      (վերնագիրը փոփ 26.12.2013 ՀՕ-81-Ն) 

 

1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

2. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին, աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար, համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է նաև փոխհատուցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ յուրաքանչյուրին՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով: Ամուսնու մասով փոխհատուցման վճարումը դադարեցվում է, երբ նա անցնում է աշխատանքի տվյալ երկրում:

4. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ միջնակարգ ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը:

5. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան՝ բնակարանի համար փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

6. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-81-Ն) 

8. Սույն հոդվածի իմաստով օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.2013 ՀՕ-81-Ն) 

 

 

Հոդված 48.

Օտարերկրյա պետություն ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները

 

 

1. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո վերականգնվում է աշխատանքի պետական հիմնարկներում և զբաղեցնում է պաշտոն՝ մինչև օտարերկրյա պետություն մեկնելն ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Այն ժամանակաշրջանը, որն ամուսինն անց է կացրել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն իրականացնող իր ամուսնու հետ, ներառվում է նրա պետական սոցիալական ապահովագրության ժամանակաշրջանում, և նա ապահովվում է նախատեսված սոցիալական ապահովագրության մուծումներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Դիվանագետի ամուսինն իրավունք ունի աշխատել այն երկրում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե այդ հնարավորությունը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ: Այդ մասին դիվանագետը նախապես պետք է տեղյակ պահի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

 

Գ Լ Ո Ւ Խ   9

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ

 

 

Հոդված 49.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվող՝ անձը հաստատող փաստաթուղթ է, որը վկայում է, որ դրա կրողը դիվանագետ է կամ, սույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, դրա կրելու իրավունքն ունեցող անձ է:

 

 

Հոդված 50.

Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք

 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում՝ այլ անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ:

2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ընտանիքի անդամներին:

Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև դիվանագետի՝ մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին՝ դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

 

 

Հոդված 51.

Դիվանագիտական անձնագրեր տալու և հետ վերցնելու կարգը

 

 

1. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է: Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի ժամկետով:

Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

2. Սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր: Այդ մասին սահմանված կարգով տեղեկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինները:

3. Դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Գ Լ Ո Ւ Խ 10

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

 

Հոդված 52.

Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը

 

 

1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները պետական բյուջեի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ Ո Ւ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 53.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի փետրվարի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 դեկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-238